Ամեն տարի Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից որոշակի գումար է հատկացնում տեղեկատվության տարածման համար։ Այս տարի գումարն ավելացել է, սակայն լրատվամիջոցներն ու նրանց մատուցած ծառայությունները չեն փոխվել։ Jnews-ը փորձեց պարզել, թե ինչո՞ւ է մունիցիպալ բյուջեն ամեն տարի ֆինանսավորում կոնկրետ լրատվամիջոցների։

Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի համաձայն՝ վերջին 3 տարիների ընթացքում «Տեղեկատվական ծրագրի» ծախսերն ավելացել են։ Այսպիսով, եթե 2022 թվականին տեղեկատվության տարածման համար հատկացվել է 47 900 լարի, ապա 2023 թվականին ընդհանուր առմամբ 57 900 լարի է հատկացվել։ Այս՝ 2024 թվականին, այս կետով նախատեսված գումարը կրկին ավելացել է և կազմում է 62 750 լարի։ Երեք տարվա գումարը կազմում է 168 550 լարի։

Լրատվամիջոցների ֆինանսավորումը բաշխվում է հետևյալ կերպ.

  • «ATV 12» հեռուստաընկերությունը տեղական բյուջեից կստանա 45000 լարի (2023թ. 43000 լարի),
  • GUARDIAN.ge-ին՝ 9 850 լարի (2023 թվականին՝ 5000 լարի),
  • Expressnews.ge-ին՝ 3000 լարի (անցյալ տարի՝ նույնչափ)
  • «Վրաստան» թերթը ստացել և ստանում է 4900 լարի։

ATV12-ը և «Վրաստան» թերթը լրատվամիջոցներ են, որոնց գործունեությունը նկատելի է Ջավախքում։ «Վրաստան» թերթին իներցիայով բաժանորդագրվում են դպրոցներում և պետական հաստատություններում, քանի որ դա սովորություն է։ Իսկ ATV12-ը տեղական հեռուստատեսություն է, որը լուսաբանում է տեղական իշխանությունների գործունեությունը և շատ ավելին: Այնուամենայնիվ, Guardian.ge-ն և ExpressNews.ge-ն հիմնականում անհայտ լրատվամիջոցներ են Ջավախքում: Մինչդեռ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում այդ լրատվամիջոցներին միջոցների հատկացումը բացատրում են տեղեկատվության հանրահռչակմամբ և տարածմամբ։

«Հանձնաժողովում բյուջեի քննարկման ժամանակ հարցրինք այս կետի մասին: Այդժամ մեզ ասացին, որ մեզ հանհրահռչակում են անում, գովազդում են»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական բաժնից մեզ հայտնեցին, որ այս ԶԼՄ-ների պահանջով գումար է հատկացվում, նրանց հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվում։

«Guardian.ge-ն և Expressnews.ge-ն ֆինանսավորում են ստանում ողջ Վրաստանում, նրանք կապվում են մեզ հետ պաշտոնական նամակով: Նրանց ֆինանսավորումը տրամադրվում է ուղղակի պայմանագրով»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի ղեկավար Կարեն Մերգելյանը։

Թե ինչու հենց այս լրատվամիջոցները, դժվար է պատասխան ստանալ: Ախալքալաքի քաղաքապետն ասում է, որ այս լրատվամիջոցների հետ երկարաժամկետ հուշագիր կա, որ գումար է հատկացվել մինչ իր քաղաքապետ դառնալը, և այժմ գործընթացը շարունակվում է։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ում են պատկանում այդ լրատվամիջոցները կամ ով է ֆինանսավորում դրանք, ապա դրանք հասանելի չեն այդ լրատվամիջոցների կայքերում։ Այնուամենայնիվ, բաց տվյալների բազաներում կարող եք գտնել պաշտոնական փաստաթղթեր, որոնց համաձայն guardian.ge-ում հրապարակումների վերաբերյալ համաձայնագրերը մունիցիպալիտետների հետ ստորագրում է Մալվինա Տուղուշին՝ «Մեուրվե» ՍՊԸ-ի տնօրենը: Այս ՍՊԸ-ի 100% սեփականատերը Մալխազ Օնիանին է: Մինչեւ 2014 թվականը նա եղել է «Թեթնուլդի» ՍՊԸ-ի տնօրենը, որը 100%-ով պատկանում է պետությանը, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Այնուհետև կազմակերպությունը մի քանի անգամ վերակազմավորվել է, և Մալխազ Օնիանին նրանց հետ կապված մարդկանց թվում չկա։ Ինչպես Jnews-ին հայտնել է Մալխազ Օնիանին, նա նաև Guardian.ge-ի գլխավոր խմբագիրն է։

«Մենք համաձայնագիր ենք կնքել Ախալքալաքի մունիցիպալիտետի հետ տեղեկատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ: Մենք լուսաբանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի և մունիցիպալիտետի սակրեբուլոյի գործունեությունը: Կառավարության հետ պայմանագրով համագործակցում են ոչ միայն Guardian.ge-ն, այլև բազմաթիվ հրատարակչություններ, թերթեր և հեռուստատեսություններ, ինչպես նաև բանկային և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ»,- ասաց Մալխազ Օնիանին։

Guardian.ge-ում վրացերեն «Ախալքալաքի» բառի որոնման արդյունքում պարզ է դառնում, որ հրապարակվել է 49 հոդված 2023 թվականի ընթացքում: Ինչպես նախորդ տարի, նյութերի մի մասը վերաբերում է դպրոցներին և ուսուցիչներին, սակայն հիմնական մասը վերաբերում է մունիցիպալ իշխանությունների գործունեությանը։

Expressnews.ge-ում, դատելով վրացերեն «Ախալքալաքի» որոնման արդյունքներից, 2020 թվականի հոկտեմբերի 29-ից կայքում հրապարակվել է 16 նյութ։ Այս կայքը հիմնականում պարունակում է նյութեր ձյան պատճառով փակ ճանապարհների վերաբերյալ: Կայքը գործում է 5 լեզուներով, այդ թվում՝ հայերեն։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցն իր կայքում, «ExpressNews»-ը լրատվական գործակալություն է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 15-ին Թբիլիսիում։ Գործակալությունը համագործակցում է վրացական բոլոր լրատվամիջոցների (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր), ինչպես նաև տարածաշրջանային լրատվամիջոցների հետ։ 2009 թ.-ին «ExpressNews»-ը «փոխհամագործակցության պայմանագիր է կնքել ադրբեջանական «1news.az» լրատվական գործակալության և հայկական «Արմինֆո» լրատվական գործակալության, ինչպես նաև Հարավային և Հյուսիսային Կովկասի հանրապետությունների տարբեր լրատվամիջոցների հետ…

«Այն ժամանակ, երբ Սաակաշվիլին իշխանության էր, մենք ևս բաժանորդներ ունեինք (խմբագիրը նկատի ունի պետական կառույցները), և խնդիրներ չկային, չնայած Վրաստանում այն ժամանակ 4 լրատվական գործակալություն կար: Տեղեկատվական գործակալությունն երբ նորմալ աշխատում է 15 տարի, ապա դա վկայում է այն մասին, որ այն լավ է աշխատում: Հակառակ դեպքում, վրացական մեդիա տարածքում այդքան երկար չես գոյատևի: Ինչ վերաբերում է ձեր հարցին, պետական կառույցները, որոնք բաժանորդագրվում են Expressnews-ին տեղեկատվություն տարածելու համար, այնքան աննշան են: Մեզ մոտ են նաև Վրաստանում ամենից խոշոր ընկերությունները, ֆինանսական հաստատությունները, դեղատների ցանցերը և բիզնես խմբերը, այնուհետև մեր բաժանորդներն ու գովազդատուները: Գովազդից ստացված մեր եկամուտը հիմնականում բիզնես է, ոչ թե պետության հետ կապ: Ես համաձայն եմ ձեր այն հայտարարության հետ, որ Վրաստանում մեծ գումարներ են ստանում իշխանություններին հավատարիմ լրատվամիջոցները՝ դա այդպես է։ Մենք երբեք լոյալ չենք եղել, մենք ընդհանրապես լուսաբանում ենք ամեն ինչ՝ սկսած ընդդիմությունից, բողոքի ցույցերից», – ասում է Expressnews.ge-ի հիմնադիր և խմբագիր Իրակլի Մանագաձեն։