Ըստ Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, սեյսմոլոգ Զուրաբ Ջավախիշվիլիի, հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կլինի երկրաշարժը և որքան հզորությամբ այն կարտահայտի, սակայն, ինչպես հայտնում է նա՝ երեկվա երկրաշարժից հետո հզոր ստորգետնյա ցնցումների կրկնության հավանականությունը փոքր է:

Ըստ նրա, երեկվա երկրաշարժից հետո գրանցվել է ևս մոտ 6-7 ցնցում, այսպես կոչված՝ հետցնցումներ, որոնցից ամենահզորը 4,5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումն է եղել։

«Փոքր ցնցումները կարող են կրկնվել, սակայն այնպիսի ցնցումներ, որոնք զգալի կլինեն, օրինակ՝ Թբիլիսիում կամ Բաթումում, քիչ հավանական են», – ասել է Ջավախիշվիլին։

Ինչպես նշել է սեյսմոլոգը, Ջավախքի լեռնաշխարհը սեյսմիկ առումով գերակտիվ է, և դա վերաբերում է նաև հարակից գյուղերին։

«Սա սեյսմիկ առումով ամենաակտիվ գոտիներից մեկն է, և տվյալ երկրաշարժն անսպասելի չէր»,- պարզաբանել է Զուրաբ Ջավախիշվիլին։

Նա բնակչությանը որոշակի խորհուրդներ է տվել, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ.

«Առաջին հերթին բնակչությունը պետք է իրազեկ լինի… Երկրաշարժի ժամանակ պետք չէ շենքից դուրս գալ և փորձել փախչել, պետք է մնալ այնտեղ, որտեղ գտնվում ենք։ Իհարկե, նման ժամանակ դուք պետք է հեռու մնաք պատուհաններից, դարակներից և այլ առարկաներից, որոնք կարող են ընկնել մեզ վրա։ Ուժեղ երկրաշարժի դեպքում պետք է կանգ առնել ամենաանվտանգ վայրում և սպասել դրա ավարտին։ Եթե դուրս ենք գալիս շենքից, ուրեմն պետք է հեռու մնալ հարակից շենքերից, հատկապես բարձր շենքերից։ Արգելվում է օգտագործել վերելակներն ու աստիճանները, որոնք ամենաթույլ կետերն են երկրաշարժի ժամանակ։ Ավելի լավ է դուրս գալ բաց տարածք և մնալ այնտեղ»,- ասել է Ջավախիշվիլին:

Տեղեկացնենք, որ Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երեկ՝ Թբիլիսիի ժամանակով 22:25-ին, Սամեբա գյուղի մոտակայքում 6,2 մագնիտուդով (ML) երկրաշարժ էր տեղի ունեցել։