Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Հայրենասերների դաշինքը» հայտարարեց Արտաշես Հակոբյանին Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին, ով նախկինում քաղաքականության հետ կապ չի ունեցել: Մեծամասնական թեկնածուն JNEWS-ին տված հարցազրույցում խոսում է իր առաջադրման և ապագա ծրագրերի մասին:
Ինչո՞ւ հենց «Հայրենասերների դաշինքի» կողմից:
– Ես ուսումնասիրել եմ կուսակցության ծրագիրը, ինձ դուր է եկել: Սա այն կուսակցությունն է, որը խոսում է համայնքի անունից՝ սա մեկ: Այս կուսակցությունը ցանկանում է, որ Վրաստանն ունենա հզոր բանակ, որպեսզի կարողանանք ապրել մեր բանակով և մեզ լիովին ապահով զգանք: Ես հույսեր ունեմ, որ եթե մեր համայնքի մարդիկ ընտրեն ինձ, ես կներկայացնեմ մեր համայնքի պահանջները խորհրդարանում:
Կոնկրետ ո՞ր պահանջներն ի նկատի ունեք:
– Ես ինքս գյուղի բնակիչ եմ: Իսկ գյուղերում ջրի, ճանապարհի, գազի մատակարարման և այլ խնդիրներ կան:
Նախքան առաջադրվելը քաղաքական կարիերա ունեցե՞լ եք:
– Ոչ: Ես զբաղվում եմ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ:
Տիրապետո՞ւմ եք պետական լեզվին:
– Ես վրացերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում:
Այդ դեպքում ինչպե՞ս կներկայացնեք տարածաշրջանի խնդիրները խորհրդարանում:
– Մենք կարող ենք ներկայացնել: Կան միջոցներ: Նախ, եթե բանն այդ այստիճանի հասնի, ես քիչ թե շատ վրացերեն գիտեմ, բայց ոչ գերազանց: Ես ինքս կփորձեմ շատ արագ ընբռնել այդ լեզուն այս ժամանակահատվածում: Լեզուն ընկալելն անպայման է, առաջին հերթին դա լավ կլինի ինձ համար:
Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը: Կան թեկնածուներ, որոնք քաղաքականապես ավելի կոփված են:
– Չեմ կարող ասել: Դա կախված է բնակչությունից: Ես չեմ կարող վստահ լինել, որ ես միակն եմ: Եթե բնակչությունն ընտրի ինձ, ապա կկարողանամ ասել, որ ես լավ շանսեր ունեի: Բայց հիմա պատրաստ չեմ եզրակացություններ անել:
Սկսե՞լ եք Ձեր նախընտրական քարոզարշավը:
– Մենք դեռ չենք սկսել, այս երկու օրը կսկսենք: Քարոզչություն ենք իրականացնելու բոլոր գյուղերում, ոչ թե մի քանի: Այս պահին մենք պաստառներ տպելու գործընթացում ենք: Սպասում ենք: