Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Առաջին անգամ, բացառությամբ երկրի մի քանի ընտրատեղամասերում արտահերթ ընտրությունների, Վրաստանի ընտրողները իրենց քվեն կտան էլեկտրոնային եղանակով։ Ինչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ընտրությունները և ինչի կարող է դա հանգեցնել՝ Jnews-ի նյութում:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշման համաձայն, 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցված ընտրողների գրեթե 90%-ը կքվեարկի էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մնացած ընտրատեղամասերում քվեաթերթիկները կթվայնացվեն և ընտրատեղամասերի արդյունքները կվերահաշվարկվեն ընտրության պատահականության սկզբունքով։ Քվեաթերթիկների էլեկտրոնային տարբերակները, ըստ ընտրատեղամասերի, կտեղադրվեն համացանցում, և ցանկացած շահագրգիռ անձ կարող է ծանոթանալ նրանց հետ։
Էլեկտրոնային ընտրությունները նույն ընտրական գործընթացն է՝ էլեկտրոնային տեխնոլոգիաներով։ Մասնավորապես, ձայների հաշվարկը և ընտրողների վավերականացումը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային ձևաչափի համար մշակվել են նաև հատուկ ծրարներ և քվեաթերթիկներ։
Ընտրական գործընթաց
Էլեկտրոնային տեխնոլոգիա օգտագործող հիմնական ապարատը, որով ընտրողը նախ պետք է անցնի դա վավերացման ապարատն է, որը փոխարինել է տպված ընտրացուցակները։ Վավերացման սարքերը կտեղակայվեն գրանցողների աշխատասեղանների վրա՝ սեղանի համար նախատեսված ցուցակների փոխարեն: Ձայների հաշվարկի գործընթացը կիրականացվի նաև էլեկտրոնային եղանակով, հատուկ սարքի միջոցով, որը տեղադրվելու է թափանցիկ քվեատուփի վրա, և որի միջով անցնելու են արդեն նշագրված ընտրողների քվեաթերթիկները։
Ընտրական հանձնաժողովները կստանան նաև հատուկ պլանշետներ, որոնք կգրանցեն և կփոխանցեն ԿԸՀ տեղեկատվությունը ինչպես ընտրողների, այնպես էլ քվեարկության արդյունքների մասին։
Հատուկ են լինելու նաև քվեաթերթիկները, հատուկ ծրարներն ու մարկերները, որոնցով ընտրողները քվեարկելու են։
Դրական և բացասական կողմեր
«Ընդհանուր քաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան»-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ էլեկտրոնային ընտրությունները մեծ առավելություն ունեն, սակայն առաջին անգամ անհրաժեշտ էր այս գործընթացում ավելի քիչ ընտրողների ներգրավել։
«Քանի որ առաջին ընտրությունները հղի են ռիսկերով, տեխնիկական խնդիրները կարող են օգտագործվել տարբեր քաղաքական մանիպուլյացիաների համար, քանի որ սուբյեկտները այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչպես է ընտրողը իրեն պահելու, սա նորամուծություն է Վրաստանի համար, բայց ԿԸՀ-ն որոշեց այդպես անցկացնել: Տեսնենք, դա, այնուամենայնիվ, ռիսկ է, եթե դա իրեն արդարացնի, շատ լավ կլինի»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը։
Էլեկտրոնային տեխնոլոգիաները ներդրվել են ընտրակեղծիքները նվազեցնելու և ընտրություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով։
Առնոլդ Ստեփանյանի խոսքով, այս նորամուծությունն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։
Դրական գործոններ.
«Հաշվարկման գործընթացում կլինեն ավելի քիչ շահարկումներ, ընտրությունների թափանցիկությունը կմեծանա, ավելի կայուն գործընթաց կլինի, ձայների հաշվարկի վերաբերյալ ավելի քիչ հարցեր կլինեն և թղթաբանության հետ կապված ընտրակեղծիքների ավելի քիչ հավանականություն կլինի»:
Բացասական գործոններ.
«Բազմաթիվ հարցեր են ծագում։ Ընտրական հանձնաժողովների անդամները որքանով են գլուխ հանելու տեխնիկական հագեցվածությունից, ինչ պետք է անեն հանձնաժողովները հին տիպի (օրինակի) նույնականացման քարտ ունեցող ընտրողի հետ, ինչ է կատարվում այս տվյալները հավաքող կենտրոնի հետ և շատ այլ հարցեր, ու դրանք հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր են, և կարծում եմ, որ երկրորդ ընտրություններում այս կարգի հարցերն ավելի քիչ կլինեն»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը։