Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում 8 մեծամասնական թեկնածու է պայքարում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաղթելու և խորհրդարանի անդամ դառնալու համար: Ո՞վքեր են նրանք և ի՞նչ խնդիր են կարևորում:
Արմենակ Պոլորչյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է «Ազգային ֆորում» կուսակցության կողմից: Նրա ընտրական համարը՝ 26-ն է: Արմենակ Պոլորչյանի համար ամենակարևոր նախընտրական խոստումը դա՝ գյուղատնտեսության զարգացումն է:
«Ինձ համար ամենակարևորը գյուղատնտեսության զարգացումն է: Մարդկանց համար պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ գյուղատնտեսությունը շահութաբեր դառնա: Գյուղացին կարողանա մի քիչ թեթևացնի իր հոգսերը», – նշեց «Ազգային ֆորում» կուսակցության թեկնածուն:
Արմենակ Պոլորչյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, ապրել է Ասպինձայում: Ներկայումս վրաց լեզու է դասավանդում Գումբուրդո գյուղի հանրային դպրոցում: Կրթությամբ իրավաբան-տնտեսագետ է: Ախալքալաքի շրջանային ժողովի անդամ է: Տիրապետում է 4 լեզվի՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն:
Ռոբերտ Ջաղացպանյանը նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով: Նրա ընտրական համարը՝ 43-ն է: Ռոբերտ Ջաղացպանյանի համար առաջնային խնդիր է՝ հողերի հետ կապված խնդիրները:
«Ամենակարևոր նախընտրական խոստումը ինձ համար դա հողերի սեփականաշնորհման մասին օրենքում փոփոխություններ կատարելն է: Մարդկանցից խլել են հողերը, արոտավայրերը, մարդիկ զրկվել են իրենց եկամտի միակ աղբյուրից: Հիմնականում անօրինական են վաճառվել հողերը, կեղծ փաստաթղթերով, դրա համար ժողովրդի մեծ մասը մնացել է առանց հողերի», – նշեց նախաձեռնող խմբի կողմից առաջադրված անկախ թեկնածուն:
Ռոբերտ Ջաղացպանյանը ծնվել է Նինոծմինդայում: Բարձրագույն կրթություն է ստացել ԽՍՀՄ Արտաքին գործերի ոստիկանական ակադեմիայում: Նինոծմինդայի շրջանի ոստիկանապետի պաշտոնում է ղեկավարել: Վրաստանի նախագահի հրամանագրով ստացել է գնդապետի կոչում: Երկար տարիներ ղեկավարել է մի շարք բարձր պաշտոններում, այդ թվում Ախալքալաքի, Նինոծմինդաի և Ասպինձաի շրջանների սահմանադրական անվտանգության ծառայության պետի պաշտոնում:
Արսեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն է: Նրա ընտրական համարն է՝ 5-ը: Արսեն Կարապետյանի համար կարևորագույն նախընտրական խոստումն է՝ «Ջավախքը՝ ջավախքցուն»:
«Ամենակարևորը Ջավախքը պետք է լինի ջավախքցուն: Այսօր բարձր պաշտոններում մերոնք չեն, Ջավախքը Վրաստանի մաս է ու պիտի զարգանա Վրաստանի հետ միաժամանակ: Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի խնդիրը մյուսից կարևորել անհնարին է դարձել», – նշեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:
Արսեն Կարապետյանը ծնվել է Ախալքալաքում 1982 թվականի հուլիսի 19-ին: 10 տարուց ավելի աշխատել է Վրաստանի Ներքին Գործերի համակարգում: Պաշտոնավարել է Նինոծմինդայի շրջանի ոստիկանապետի պաշտոնում: Հայտնի սպորտսմեն է, և հանդիսանում է էքստրեմալ ավտոսպորտի հիմնադիրը Ջավախքում: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Արտաշես Փալանջյանը նախաձեռնող խմբի կողմից մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու է: Նրա ընտրական համարն է՝ 42-ը: Արտաշես Փալանջյանը իր նախընտրական խոստումներից կարևորում է այն, որ ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ շրջաններում հավասարապես գործեն մարդկանց իրավունքները:
«Ամենակարևորն այն է, որ Վրաստանում ընդունված օրենքները հավասարապես գործեն շրջաններում ևս: Իրավահավասարություն լինի: Այսինքն Ախալքալաքում ևս գործեն այն օրենքները, որոնք ընդունվում են Վրաստանում: Վերականգնվի մարդկանց ընտրության իրավական իրավունքը, չոտնահարվեն մեր իրավունքները», – նշեց նախաձեռնող խմբի կողմից առաջադրված թեկնածուն:
Արտաշես Փալանջյանը ծնվել է Ախալքալաքում 1965-ի հուլիսի 15-ին: Մասնագիտությամբ իրավաբան, պատմաբան է: Ախալքալաքի մշակույթի տանը աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար: Զբաղվել է նաև մանկավարժական գործնեությամբ, դասավանդել է քաղաքագիտություն և համաշխարհային պատմություն: Եղել է Ախալքալաքի ընտրական տարածքի հանձնաժողովի նախագահ: 10 տարի ղեկավարել է Ախալքալաքի սոցիալական ծառայության շրջանային բաժինը: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Հենզել Մկոյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից: Նրա ընտրական համարը՝ 41-ն է: Հենզել Մկոյանի համար ամենակարևոր նախընտրական խոստումը՝ դա հողերի խնդրի լուծումն է:
«Հիմնական հարցը՝ հողի հետ կապված խնդիրները վերջապես լուծվեն, մեկին 10 անգամ շատ է հասել, իսկ մյուսները մի թիզ հող չունեն: Նորաստեղծ ընտանիքները ինձ են մոտենում, որ հող չունեն: Մարդիկ ընտանիք են կազմել, ծնողներից առանձնացել են ու մնացել են առանց հողի: Խորհրդարանում աշխատելու եմ այս խնդրի շուրջ», – նշեց «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածուն:
Հենզել Մկոյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 3-ին, Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: 1999 թվականից մինչ օրս հանդիսանում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: 1999-2008-ին եղել է մարդու իրավունքների պաշտպանության, 2012-2015-ին իրավական հարցերի, 2015-2016-ին ագրարային հարցերի խորհրդարանական կոմիտեների անդամ: Հանդիսանում է Պատվո մեդալի և շքանշանի ասպետ: Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Մերուժան Կարախանյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն» բլոկի կողմից: Նրա ընտրական համարը՝ 8-ն է: Մերուժան Կարախանյանի համար ամենակարևոր նախընտրական խոստումը դա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի փակումն է:
«Ինձ համար ամենակարևոր խոստումը դա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի փակումն է: Ես խորհրդարան մտնելուն պես աշխատելու եմ, որ այն փակվի», – նշեց «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն» բլոկի կողմից առաջադրված թեկնածուն:
Մերուժան Կարախանյանը ծնվել է 1957 թվականին, ապրիլի 25-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում: Բարձրագույն կրթություն ստացել է Երևանում: Ախալքալաքի շրջանային ժողովի անդամ է, ամուսնացած է ունի երկու զավակ:
Շաքրո Այվազյանը խորհրդարանական ընտրություններին Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է «Պաատա Բուրճուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից: Նրա ընտրական համարը՝ 1-ն է: Շաքրո Այվազյանի նախընտրական խոստումը դա արդարության վերականգնումն է:
«Արդարությունը վերականգնվի յուրաքանչյուր ոլորտում, անօրինական կերպով մարդկանցից խլել են սեփական հողերը: Աշխատանքի են ընդունվում միայն բարեկամների, ծանոթների միջոցով կամ վերևներից են նշանակվում, սա պետք է փոխվի: Արդարությունը վերականգնելու ժամանակն է, այսպես երկար չի կարող շարունակվել», – նշեց «Պաատա Բուրճուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից առաջադրված թեկնածուն:
Շաքրո Այվազյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 11-ին Թբիլիսիում, արմատներով սերում է Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից, այժմ բնակվում է Թբիլիսիում: Մասնագիտությամբ իրավաբան է, իսկ քաղաքականության մեջ նոր դեմք է: Զբաղվում է բիզնեսով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Աշոտ Սահարյանը խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Հանրապետական կուսակցության» կողմից: Նրա ընտրական համարն է՝ 6-ը: Աշոտ Սահարյանի համար ամենակարևոր նախընտրական խոստումը դա աղքատության վերացումն է:
«Ինձ համար ամենակարևորը դա ժողովրդին համատարած աղքատությունից ազատելն է», – նշեց Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուն:
Աշոտ Սահարյանը ծնվել է 1985 թվականին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալասարանի Ախալքալաքի մասնաճյուղում: Հանդիսանում է Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, ընտրված Գումբուրդո գյուղից: Ամուսնացած է ունի մեկ երեխա:
Աղունիկ Այվազյան
Անի Մինասյան