Նինոծմինդայում ապրող կանանց առօրյան միապաղաղ է: Բացի տնային գործերից, նրանցից շատերը հող են մշակում, բերքն են հավաքում, այնուհետև՝ վաճառում։ Տղամարդիկ հիմնականում աշխատում են տարբեր կառույցներում և օգնում են կանանց այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում սարքավորումներ օգտագործել: Մնացած դեպքերում կանայք միայնակ են հաղթահարում ֆիզիկական բարդ և ծանրաբեռնված աշխատանքները։

Irina ev Susanna

Այդպես է նաև Իրինա և Սուսաննա Ղարսլյանների դեպքում: Ընտանիքը տարեկան մինչև չորս տոննա կարտոֆիլ է աճեցնում: Հողը մշակվում է հարս ու սկեսուր՝ բերքահավաք անում, տեսակավորում և վաճառում։ Նրանք ասում են, որ իրենց քրտնաջան աշխատանքը գին չունի, որովհետև կարտոֆիլը նվազագույն գնով են վաճառում: Գյուղատնտեսական ապրանքի իրացումը տեղի գյուղատնտեսների համար լուրջ խնդիր է:

Այս հարցը Նինոծմինդայի շրջանի կանանց, երիտասարդների և տարեցների խնդիրների մասին հետազոտության արդյունքում է բացահայտվել։

kartofil

Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը (SJMC), «Ինքնակառավարում՝ տեղական համայնքի համար» ծրագրի շրջանակներում ուսումնասիրել է Նինոծմինդայի տեղական բյուջեն։ 2021 թվականի բյուջեում 9 756,6 լարիից կանանց հատկացվել է 226 000 լարի: Այս գումարը վերաբաշխվում է սոցիալական տարբեր ծրագրերի և մշակութային միջոցառումների ֆինանսավորմանը:

Հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա մայիսի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի (SJMC), «Ինքնակառավարում՝ տեղական համայնքի համար» նախագծի շրջանակներում, որը իրականացվել է Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի աջակցությամբ (NDI): Ծրագրի շրջանակներում անցկացվել է որակական հետազոտություն առցանց՝ օգտագործելով ֆոկուս խմբերի հետազոտության մեթոդը և խորացված հարցազրույցները: Հետազոտության նպատակն էր բացահայտել Նինոծմինդայի խոցելի խմբերի ընթացիկ խնդիրները և սահմանել առաջնահերթությունները: Համապատասխանաբար, ստեղծվել է երեք ֆոկուս խումբ, որոնցում ներառված են եղել կանայք, երիտասարդները և տարեցները: Կանանց խմբում ընդգրկված են եղել տարբեր տարիքի և մասնագիտության տեր կանայք:

Կանանց մեծ մասը կարծում է, որ Նինոծմինդայում հիմնական խնդիրը գյուղատնտեսական արտադրանքի իրացումն է: Դա հաստատում են ինչպես ֆերմերները, այնպես էլ շուկայի առևտրականները:

«Կորոնավարակի պատճառով, ժողովուրդը չի աշխատում, մարդիկ փող չունեն, բոլորի համար էլ դժվար է, առևտուր չկա: Եթե ​​վաճառվի, այլևս խնդիրներ չեն լինի: Իրացումը, որ կատարվի, խնդիր էլ չի լինի», – պատմում է 57-ամյա Հայաստան Սիմոնյանը, ով մթերք է վաճառում Նինոծմինդայի շուկայում:

Hayastan Simonyan

«Տարբեր քաղաքներից գալիս են, այստեղից կարտոֆիլ են գնում և տանում վաճառում: Նրանք մեզանից գնում են 20 թեթրիով և այնտեղ վաճառում են 1 լարի 40 թեթրիով, երբ որ մենք աշնանը տանջվում ենք, հողից հանում ենք, երբ ամբողջ ձմռանը հնարավոր է թողնենք և սպասենք, մեր աշխատանքը գին չունի, մնում է միայն տանջանքը։ Բացի այդ ունենք կովեր, սակայն կաթն էլ արժեք չունի։ Մեկ շիշ Բորժոմին և մեկ շիշ կաթը նույն արժեքն ունեն», – մեր հետ զրույցում ասում է 63 տերական Անժելա Դարբինյանը։

Anjela Darbinyan

Նինոծմինդայի բազմաթիվ հրատապ խնդիրների հետ մեկտեղ, կանանց իրավունքների պաշտպանությունը հատուկ նշանակություն է ձեռք բերում: Ֆոկուս խմբի մասնակիցները նշում են, որ Նինոծմինդայում կան այնպիսի կանայք, ովքեր չունեն ազատություն: Նույնիսկ նրանց տեղաշարժը վերահսկվում է ինչպես ընտանիքի, այնպես էլ հարազատների և հարևանների կողմից։ Հատկապես այս առումով, գյուղերում խնդիրներ շատ կան: Կանայք անտեղյակ են իրենց իրավունքներից և ենթարկվում են այն ամենին, ինչ ասում են՝ առանց հակաճառելու:

Ֆոկուս խմբի մասնակիցները կենտրոնացել են նաև կանանց նկատմամբ ընտանեկան բռնության խնդրի վրա և նշել, որ բռնության դեպքերն ավելին են, քան սովորաբար հրապարակայնորեն երևում է: SJMC-ի կողմից կատարված հետազոտությունից պարզվում է, որ Նինոծմինդայում ընտանեկան բռնությունից տուժածներին աջակցության ծրագրեր չկան:

Այս խնդրի մասին Նինոծմինդայում բնակվող կանանց նույնպես հարցեր ուղղեցինք։ Հետաքրքրվեցինք, թե որքան հաճախ են ընտանեկան բռնության դեպքերը: Նրանցից շատերը պատասխանեցին, որ ընտանիքում կանանց նկատմամբ բռնություն չկա, սակայն, երբ խոսքը վերաբերում է որոշում կայացնելուն՝ ամուսնու և կնոջ միջև վճռական խոսքի իրավունքը տղամարդունն է:

«Իմ ընտանիքում երբեք ընտանեկան բռնության դեպքեր չեն եղել: Հնարավոր է, որ ինչ-որ մեկի ընտանիքում լինի խնդիրներ, սակայն դա կոնկրետ այդ ընտանիքի խնդիրն է, ես չունեմ տեղեկություն։ Գյուղում, եթե ինչ-որ բան է պետք կազմակերպել, այդ ամենի մասին կինն է մտածում, բայց, ոչինչ չի կարող անել առանց տղամարդկանց հետ համաձայնության: Ես երբեք չեմ հանդիպել մի կնոջ, ով որոշում կայացնի տղամարդուց անկախ: Եթե ​​ամուսինը չտա իր համաձայնությունը, նա չի կարող որևէ բան անել», – ասում է 72 տարեկան Լեյլա Եսոյանը:

Leila Esoyan

«Մեզ մոտ կանանց նկատմամբ բռնության դեպքեր չեն լինում: Ընտանիքում հիմնական որոշում կայացնողը ամուսինն է, և ինչ-որ նա ասում է՝ կինը ենթարկվում է: Այդպես է մեզ մոտ», – ասում է Սուսաննա Ղարսլյանը։

Ֆոկուս խմբի մասնակիցները կարծում են, որ շատ կարևոր է այդպիսի կանանց իրազեկել իրենց իրավունքները և աշխատել նրանց հետ։ Այս տեսակետը կիսում է գենդերային հարցերով զբաղվող ոչ պետական ​​հատվածը: Հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը նշում է.

«Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ կանայք իրենք չեն գիտակցում իրենց խնդիրները: Դա նրանց համար նորմալ է: Որպես կանոն, վիրավորված, հոգնած կանայք կուտակում են իրենց զայրույթը, և, ի վերջո, ամբողջ զայրույթը թափում են երեխաների վրա: Շատ ավելի հեշտ է աշխատել երիտասարդ կանանց հետ: Նրանք ամեն ինչ ավելի արագ են գիտակցում: Հասկանում են իրենց առավելությունը, և այն, թե ինչն է իրենց համար շահութաբեր: Սակայն, կան այնպիսի կանայք, ովքեր անցնում են գենդերային կարծրատիպերի միջով», -ասում է տեղական հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

Կանանց համար մեկ այլ խնդիր է, ինչպես պարզվել է հետազոտության արդյունքներով, մասնագիտական ​​ուսուցման և պետական ​​լեզվի դասընթացների բացակայությունը: Այս ամենը խանգարում է Նինոծմինդայում բնակվող կանանց աշխատանք գտնել և խոչընդոտում է սեփական կարողությունների իրագործմանը: Ֆոկուս խմբի կանանցից մեկը նշում է.

«Վրացերեն լեզվի ուսուցանումը պետք է լինի ավելի բարձր մակարդակի վրա, որպեսզի մարդիկ իրենց ավելի կատարյալ ու լիարժեք զգան, որպես Վրաստանի քաղաքացիներ: Դա մեզ հնարավորություն կտա ավելի տեղեկացված լինել», – ասում է 38-ամյա կինը:

Նինոծմինդայում բնակվող կանայք կարծում են, որ եթե տեղում լինեն տարբեր մասնագիտությունների կամ պետական ​​լեզուների ուսուցման դասընթացներ, ապա իրենք կհետաքրքրվեն այդ դասընթացներով:

«Լեզվի դասընթացները շատ լավ կլինեն: Նաև կմասնակցեի վրացերենի դասընթացին և կսովորեի լեզու», – պատասխանում է Հայաստան Սիմոնյանը։

Վերոնշյալ խնդիրներից բացի, Նինոծմինդայի կանայք նաև ունեն հետևյալ խնդիրները (օրինակ՝ տնային խնամքի ծրագիր, ցերեկային կենտրոնի բացակայություն, գյուղերում մանկապարտեզների բացակայություն)։

Ինչպիսի՞ տեսակետ ունեն և ինքնակառավարման մարմիններում աշխատելու դեպքում, ինչպե՞ս են պատրաստվում լուծել տարեցների խնդիրնրը քաղաքական կուսակցությունները Նինոծմինդայում։ Այս հարցն ուղղեցինք քաղաքապետարանում հոկտեմբերի 2-ին կայանալիք ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին:

Մունիցիպալիտետում ինքնակառավարման ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական կուսակցություն և քաղաքապետի մեկ անկախ թեկնածու։

Հարցերին պատասխանել է ընդամենը չորս քաղաքական կուսակցություն:

«Եվրոպական Վրաստան»

Գյուղատնտեսական արտադրանքի իրացում. «Պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել համապատասխան նախարարության հետ` արտադրողների և սպառողների շահերը պաշտպանելու համար»:

Պետական լեզվի ​​դասընթացներ. «Այլևս աշխատանք չի տրվում վրացալեզու քաղաքացիների համար, քանի որ տեղական ինքնակառավարումը մենաշնորհ ունի իրենց ծանոթներին աշխատանքի ընդունելու»:

«Միասնական ազգային շարժում»

Մասնագիտական ​​ուսուցում. «Ստեղծել մասնագիտական դպրոց, որը կլինի Նինոծմինդայի մունիցիպալիտետի հաշվեկշռի վրա»։

Կանայք գյուղատնտեսության ոլորտում. «Նինոծմինդայում պետք է գտնել այն շուկան, որտեղ կիրացվի կանանց կողմից արտադրած ապրանքը»։

Ընտանեկան բռնություն. «Կանանց սենյակում պետք է լինի մասնագետ, որը պետք է աշխատի բռնության հարցերով: Անհրաժեշտ է հատկացնել շենք, որտեղ կապրեն բռնության ենթարկված կանայք: Դպրոցում պետք է լինի ընտրովի առարկա «Բռնությունից պաշտպանված լինելու մեր իրավունքը» թեմայով։

«Գախարիան՝ Վրաստանի համար»

. կանայք և գյուղատնտեսությունը՝ իրազեկում
. ապրանքի որակի բարձրացման նպատակով խորհրդատվություն և համապատասխան մասնագետների տրամադրում
. կանանց համար քվոտաներ հատկացնել բիզնեսում
. շուկայում ապրանքի իրացման ապահովում
. ընտանեկան բռնություն՝ իրազեկում
. հատուկ ծրագրեր կանանց համար` հմտությունների և կարողությունների բարձրացում
. իրավաբանական և հոգեբանական ծառայություններ մատուցող ծրագրեր

«Վրացական երազանք»

Գյուղատնտեսական արտադրանքի իրացում՝ մունիցիպալիտետի բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Հետևաբար, նրանց եկամտի միակ աղբյուրը աճեցված արտադրանքի վաճառքն է: Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական նպատակն է նպաստել այդ մթերքների իրացմանը: Դրա համար մենք նախատեսում ենք ստեղծել տեղական շուկա, խթանել այդ շուկայի զարգացմանը, որպեսզի գնորդներ ներգրավենք ոչ միայն հարևան շրջաններից, ինչպես նաև վաճառել մեր արտադրանքը ամբողջ երկրում: Իհարկե, ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու համար պետք է կատարվի մի կարևոր քայլ: Դրա համար մենք պետք է օգնենք ձեռնարկատիրությամբ հետաքրքրվող բնակչությանը` ներգրավելու պետության կողմից առաջարկվող ծրագրերում և դրամաշնորհներում: Մենք ունենք նաև ծրագիր, այս մարդկանց համար բարենպաստ միջավայր և գյուղատնտեսության զարգացման պայմաններ ստեղծելու:

Ընտանեկան բռնությունից տուժածներին աջակցելու ծրագրեր. շրջանում չկա ընտանեկան բռնությունից տուժածներին աջակցելու ծրագիր, սակայն քաղաքապետարանի սոցիալական և բնակչության պաշտպանության համապատասխան ծառայության գենդերային հավասարության բաժինը շատ ակտիվորեն ներգրավված է այս հարցում: Բաժինը կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ կանանց հասարակական գործունեությանը ներգրավելու համար, ինչպես նաև կազմակերպում է հանդիպումներ տարբեր թեմաներով՝ սկսած սոցիալ-տնտեսական խնդիրներից, ավարտելով խրախուսական և ժամանցային միջոցառումներով: Քաղաքապետարանի վերոնշյալ ծառայությունում այնքան վստահություն ներշնչող և թափանցիկ միջավայր է ստեղծվել, որ կանայք հնարավորություն ունեն խոսել իրենց խնդիրների մասին: Բացի այդ, նախատեսվում է քաղաքապետարանի համապատասխան բաժնում հոգեբանի ներառել՝ բռնության ենթարկված կանանց հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Մենք նախատեսում ենք նաև տեղական բյուջեից բնակարան հատկացնել/կառուցել ընտանեկան բռնության ենթարկված, անտուն մնացած կանանց համար:

Պետական լեզվի ուսուցման դասընթացներ՝ համապատասխան ծրագրեր են ներդրվել Նինոծմինդայի շրջանում՝ որպես Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջան, պետական ​​լեզվի յուրացման համար: Առավել հարմարեցված ծրագրերից է Զուրաբ Ժվանիայի անվան պետական ​​կառավարման դպրոցի ծրագիրը, որտեղ բացի պետական ​​լեզվից, պետ​​ծառայողներն ուսումնասիրում են պետական ​​լեզուն ուսումնասիրում են իրենց մասնագիտական տիրույթում: «1+4» ծրագրի օգտագործումը նաև նպաստում է լեզվի ուսուցման և հետագա բարձրագույն կրթություն ստանալուն՝ իրենց ցանկալի ֆակուլտետում: Ինչ վերաբերում է վաղ տարիքից վրացերեն սովորելուն, ապա քաղաքապետարանը նախատեսում է երկլեզու կրթություն ներդնել նախադպրոցական հաստատություններում»:

Թե ո՞վ կշարունակի աշխատել այս թեմայով տեղական ինքնակառավարման գործունեության շրջանակներում, պարզ կդառնա հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո:

Արդյո՞ք դա կլինի պարզապես խոստում կամ ճիշտ քայլ։ Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը կհետևի ինքնակառավարման ընտրություններում հաղթող կուսակցության կողմից իրականացվող աշխատանքներին` հետագայում ևս երիտասարդության մարտահրավերներին լուծում տալու նպատակով:

Նինոծմինդայի երիտասարդների, ինչպես նաև կանանց և տարեցներին հուզող խնդիրներն ուսումնասիրել է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը, առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հետազոտությունում:

Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի կողմից իրականացվող «Ինքնակառավարում՝ տեղական համայնքի համար» ծրագրի շրջանակներում պատրաստվել է մուլտիմեդիա նյութ։

Նյութը պատրաստվել է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ֆինանսական աջակցությամբ:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն չի արտացոլում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պաշտոնական տեսակետները:

hovanavor