Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Հանրապետականները և «Եվրոպական Վրաստանը» կաջակցեն «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեին:
Ընտրություններից անմիջապես հետո, հոկտեմբերի 29-ի գիշերը, իր աջակցությունը Գրիգոլ Վաշաձեին հայտնեց Դավիթ Բաքրաձեն: Նա ընտրություններում ստացավ ձայների 10,98 տոկոսը: Ախալքալաքում Դավիթ Բաքրաձեն ստացավ ձայների 14,81 տոկոսը: Այնուհետև, նրանից հետո, իր աջակցության մասին հայտարարեց Հանրապետական կուսակցությունը:
«Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչներն այս որոշումը կայացրեցին Վաշաձեի և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի այլ անդամների հետ հանդիպումից հետո: Այնուհետև, կուսակցության առաջնորդները հայտարարեցին, որ ակտիվ մասնակցություն կունենան նախընտրական քարոզարշավին և բոլոր միջոցները կօգտագործեն Վաշաձեի հաղթանակի համար:
Իր կուսակցության որոշումը հաստատեց «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Լևան Բերձենիշվիլին: Այս մասին նա հայտարարեց նոյեմբերի 2-ի ճեպազրույցում:
«Այժմ մենք ունենք միայն ընտրության երկու տարբերակ: Մենք պիտի աջակցենք կամ Սալոմե Զուրաբիշվիլուն, կամ Գրիգոլ Վաշաձեին: Բոլոր մյուս որոշումները քաղաքական տապալում են: Ես վստահ եմ, որ շատ քաղաքական կուսակցություններ կվերանայեն իրենց որոշումը », – ասաց Բերձենիշվիլին: