Հունվարի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղում տեղի ունեցավ «Իմ սիրտ, Օրջա» մեծ խաչի բացման և օրհնության արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ։ Խաչի օրհնության արարողությունը կատարվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդության առաջնորդ Տեր Նշան վրդ․ Հմայակյանի և Օրջայի հոգևոր հովիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի մասնակցությամբ։
Խաչը տեղադրել են գյուղի բնակիչներ Արայիկ Մինասյանը և Գևորգ Հովակիմյանը՝ իրենց համագյուղացիների օգնությամբ։
Արայիկ Մինասյանի խոսքով՝ այս բարձրությունը հատուկ է ընտրվել խաչի համար, որպեսզի այն հեռվից տեսանելի լինի:
«Գաղափարն առաջացել է ոչ այն պատճառով, որ ես երազ եմ տեսել կամ նման բան: Այս վայրը պարզ երևում է գյուղ մուտք գործելիս, ուստի տեղադրել ենք այստեղ, իսկ այսօր տոն ենք կազմակերպել և օրհնել, քանի որ մեր համագյուղացիները վերադարձել են տուն»,- ասաց գաղափարի հեղինակներից մեկը՝ Արայիկ Մինասյանը։
Խաչն օրհնելուց հետո Օրջա գյուղի բնակիչ Զարզանդ Արևյանը շնորհակալություն հայտնեց համագյուղացիներին ու պատմեց գյուղի պատմությունը: Այնուհետ Օրջա գյուղի երեխաները պարեցին հայկական ժողովրդական պարեր։ Օրջայի բնակիչներն այս օրը նշել են խնջույքով։