Ախալքալաքի մունիցիպալիտետը կրկին միջոցներ (61 162 լարի) է հատկացնում Ալաթուման գյուղում խմելու ջրի համակարգի կառուցմանը:
Օգոստոսի 21-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները համաձայնեցին տեղական բյուջեից 61 162 լարի հատկացնել Ալաթուման գյուղում ջրամատակարարման համակարգի կառուցման համար: Ջրամատակարարման նոր համակարգը գյուղում կառուցվել էր 2018 թ-ին, որի համար տեղական բյուջեից հատկացվել էր 205 840 լարի, սակայն, սխալ կազմված նախագծի պատճառով ջուրը գյուղ չի հասել:
«Սխալ հաշվարկներ են եղել, աղբյուրը բլուրից ցածր է, ուստի ջուրը չի հոսում: Մենք այժմ ջուր ենք ստանում ասբեստե խողովակներով, որոնք վնասակար են առողջության համար: Մենք խմում ենք թունավորված ջուր», – ասում է Ալաթուման գյուղի մասնագետ Մակբեթ Տոնոյանը:
Ավելի քան 20 տարի գյուղում նրանք ջուր են խմում ասբեստե խողովակներից, ինչը վնասակար է առողջության համար: Գյուղացիները բազմիցս բողոքել են ջրի որակից:
«Մենք պետք է շրջանցենք 2,5 կմ բարձրունքը, մենք հանել ենք հին չաշխատող գծից 1,8 կմ և նորից կօգտագործենք այս նոր գծում: Մենք չենք կարող բլուրը փորել 8 մ խորությամբ, այդ իսկ պատճառով մենք շրջանցում ենք այն: Սկզբում մենք ուզում էինք մեկ շրջանցում կատարել, հետո նախագծողն եկավ, տեսավ և ասաց, որ երկու շրջանցում պետք է արվի, եթե ուզում ենք, որ ջուրը հոսի: Լրացուցիչ 1 կմ կանցկացվի, բայց գոնե ջուրը կլինի», – ասում է Քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության մասնագետ Գարիկ Գալիվոնջյանը:
Նա վստահեցնում է, որ այս անգամ ջուրն իսկապես կհասնի գյուղ, և Ալաթումանում վերջապես մաքուր ջուր կխմեն: