Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի բնակիչները ցանկանում են ունենալ հարմարավետ մանկապարտեզ իրենց երեխաների համար, ըստ այդմ ցանկանում են, որ կա՛մ նորոգվի ներկայիս մանկապարտեզը, կա՛մ կառուցվի նորը։
Մի քանի տարի է, ինչ գործում է Խանդոյի մանկապարտեզը, այն գտնվում է երկու հարկանի գյուղի վարչական շենքի առաջին հարկում, երկրորդում՝ գյուղապետարանն է։
Գյուղապետ Աշոտ Սահարյանի խոսքերով, նա ժամանակին տրամադրել է այդ շենքի առաջին հարկը «բարի կամք դրսևորելով»։
Մանկապարտեզը երկու սենյակ ունի, գործում է շաբաթական 5 օր, օրվա ընթացքում՝ 4 ժամ, 10:00-ից մինչև 14:00-ը, սնունդը ամեն օր մի ծնող է ապահովում: Հիմնականում թխվածքաբլիթ են գնում խանութներից։
Մանկապարտեզում խաղահրապարակ չկա
«Մի մեծ տարածք կա, այն էլ բետոնապատ է, երեխաները կարող են խաղալուց ընկնել և վնասվել», – ասաց Խանդոյի բնակիչ Գարիկ Նուրջանյանը։
Ջեռուցման համակարգ ևս չկա շենքում, էլեկտրական ջեռուցչի միջոցով են տաքացնում սենյակները: Դայակների խոսքերով, երբ որ լույս չի լինում, տուն են ուղարկում երեխաներին։
«Երեխաներին բերում ենք, հիվանդանում են, ոչ նորմալ ջեռուցման համակարգ կա, ոչ էլ շենքն է նորոգած», – ասաց մանկապարտեզի սաներից մեկի ծնող Սամվել Հակոբյանը։
Մանկապարտեզ հաճախում են երկու խումբ՝ մեծերի և փոքրերի, մեր այցի ժամանակ քիչ երեխա կար, քանզի դայակների խոսքով, մյուսները չէին եկել հիվանդության պատճառով։
Մանկապարտեզում ամենացավալի հարցն այն է, որ զուգարանը դրսում է, ձմռանը չեն կարող երեխաներին այնտեղ տանել, քանի որ ճանապարհը սառած է, և ցուրտ։
«Ներսում ստիպված դույլ ենք տեղադրել և երեխաները այնտեղ են զուգարան գնում, ինչ անենք, ուրիշ միջոց չունենք», – ասաց դաստիարակ Գոհարինե Մելիքյանը։
Գյուղացիների խոսքերով, Ախալքալաքից գնացել ստուգել են և խոստացել, որ գյուղում գտնվող շենք կգնեն և մինչ տարվա վերջ նոր, մեծ մանկապարտեզ կկառուցեն, որտեղ նաև Օրջա և Վարևան գյուղի երեխաները նույնպես կայցելեն։
Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանն ասաց.
«Իհարկե նրանց բողոքը տեղին է, շնորհակալ ենք մեր աշխատողներին, որ նկարներով փակել են շենքի պատերի անխնամ վիճակը, մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի երեխաները սիրով հաճախեն։ Հարցը բանավոր քննարկել ենք, սակայն գրավոր ընթացք դեռ տրված չէ»:
Զարուհի Բարբարյանն ասաց նաև, որ բանավոր քննարկումների ընթացքում բարձրացվել է այն հարցը, որ Խանդոյի մանկապարտեզը պետք է լինի կենտրոնացված, սնունդով ապահովված, Վարևան և Օրջա գյուղերի երեխաները նույնպես պետք է այնտեղ հաճախեն։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե մյուս գյուղերի երեխաները ինչպես պետք է գնան, Զարուհի Բարբարյանը ասաց, որ այդ խնդիրը կկարգավորվի ապագայում, երբ լուծված լինի նոր մանկապարտեզի գոյության հարցը:
Գայանե Ակոջյան