ՎՀՕՄ-ի վարչությունն ամենամյա Ամանոր ծրագիրն է կազմակերպել և իրականացրել՝ Ախալքալաքում, Ախալցխայում և Նինոծմինդայում։ Ծրագրի շրջանակներում երեք շրջաններում բազմաթիվ ծնողազուրկ, հիվանդ և կարիքավոր ընտանիքի երեխաներ նվերներ են ստացել։
Հունվարի 14-ին, հին տոմարով Նոր տարվա առիթով, ծրագրում ներառված յուրաքանչյուր երեխա նվեր է ստացել հագուստ։
Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ է անցկացվել ՎՀՕՄ-ի Ամանոր ծրագիրը: Վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը շնորհավորել է ներկաներին անցած Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով և լավագույն բարեմաղթանքները հղել երեխաներին ու ծնողներին։
Թադևոսյանը պատմել է ՀՕՄ-ի կառույցի դերի մասին և ասել, որ այս դժվարին օրերին, երբ Արցախից բռնի տեղահանված են մեր հայրենակիցները, ՀՕՄ-ն իր անմնացորդ նվիրումով լայնածավալ օժանդակություն է կազմակերպում նրանց համար, բայց նորից ուշադրությունից դուրս չեն թողել Ջավախքի երեխաներին օժանդակելու ամենամյա առաքելությունը։
Նշենք, որ այն երեխաները, ովքեր չէին կարողացել ներկայանալ միջոցառմանը, հիմնականում հիվանդ երեխաները, ՀՕՄ-ուհիները այցելել են նրանց տները։
Վրաստանի Հայ Օգնության Միությունը, լինելով բարեսիրական կազմակերպություն, ամեն տարի տարածաշրջանում իրականացնում է բազմազավակների, կարիքավոր ընտանիքների , ծնողազուրկ և հիվանդ երեխաների համար օժանդակության տարբեր ծրագրեր։