«Կանաչ կլիմայական հիմնադրամ» նախագծի շրջանակներում, 2021 թվականին՝ Ախալքալաքում, Ադիգենիում և Ասպինձեում կկառուցվեն նոր օդերևութաբանական կայաններ: Նինոծմինդան կրկին մնում է առանց եղանակի տեսության հստակ կանխատեսման հնարավորության:
Մինչ օրս Սամցխե-Ջավախքում եղանակային կանխատեսումները կատարվել են Ախալքալաքի, Ախալցխայի, Լիկանիի և Բակուրիանիի օդերևութաբանական կայանների տվյալների հիման վրա:
Բնապահպանության ազգային գործակալությունը հայտնում է, որ կայանները տեղակայված չեն բոլոր մունիցիպալիտետներում, քանի որ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը և տեղադրումը կապված են բավականին մեծ գումարների հետ:
«Նոր «Կանաչ կլիմայական հիմնադրամ» նախագծի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել մոնիտորինգային ցանցը ամբողջ Վրաստանում, եղանակի տեսությունը կկանխատեսվի ավտոմատ կերպով և կտեղադրվի Շրջակա միջավայրի գործակալության պաշտոնական կայքում», – հաղորդում է Բնապահպանության ազգային գործակալությունը: