Այսօր Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնի սաները քայլերթ կատարեցին կենտրոնից դեպի «Սուրբ խաչ» եկեղեցի, իրենց ձեռքով պատրաստած թռուցիկ-անմոռուկներ բաժանեցին անցորդներին և նամակներ փոխանցեցին տեղական իշխանության ներկայացուցիչներին:
Երիտասարդների ներգրավվածությամբ, հանրային իրազեկման այս յուրատեսակ երթի նպատակն է՝ հիշեցնել և պահանջատերը լինել Հայոց Դատի:
«Նոր սերունդը վճռական է», «Ճանաչում մեկ դար անպատիժ մնացած ոճրագործությունը», «Մեր կոչն է ընդունել ու դատապարտել Հայոց Մեծ Եղեռնը», «Ցեղասպան Թուրքիան պետք է պատժվի», – այս բովանդակությամբ ցուցապաստառներով, հայկական և վրացական դրոշներով և թռուցիկներ բաժանելով երիտասարդները քայլերթ կատարեցին դեպի Սուրբ Խաչ Եկեղեցի և նամակներ հանձնեցին տեղական իշխանության ներկայացուցիչներին:
Նամակում գրված է. «Ապրիլի 24-ն Ախալքալաքում ընդունել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի, ոգեկոչման և ոչ աշխատանքային օր։
Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ մտցնել` Հայոց Ցեղասպանության ճանաչման վիրահայության պահանջը և այն ընդունելուց հետո առաջարկ-պահանջն ուղարկել Վրաստանի Խորհրդարան խնդրանքով, որ հայության դարավոր բարեկամ, նույն հավատքի պատկան երկիրը` Վրաստանը ևս ճանաչի Հայոց Մեծ Եղեռնի փաստը և դառնա այն երկրներից մեկը, որոնք համոզված են, որ ճանաչելով և դատապարտելով նշված իրողությունը օժանդակում են ժողովուրդների նկատմամբ եղեռնագործությունների կիրառման դեմ պայքարի համամարդկային ուժերին»:
Քայլերթն ավարտվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ուր երիտասարդները Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ՝ աղոթեցին և մոմեր վառեցին միլիոնավոր անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Աղունիկ Այվազյան