Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքի տեղեկատվության համաձայն՝ 2024-2025 թթ. Ջավախքում գազաֆիկացվելու է 13 գյուղ․ 8-ը՝ Ախալքալաքում, իսկ 5-ը՝ Նինոծմինդայում։ Բոլոր գյուղերում այս տարի աշխատանքները կիրականացվեն նախագծերի մշակման ուղղությամբ և միայն 2025 թվականին կիրականացվի գազաֆիկացումը։
Հարկ է նշել, որ գյուղի գազիֆիկացման ծրագիրն իրականացվում է Կառավարության ֆինանսավորմամբ։ 2024 ընտրական տարում կկազմվեն միայն նախագծեր, իսկ դրանից հետո արդեն նախատեսվում է գազաֆիկացումը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից են, որոնք պետք է գազաֆիկացվեն այս ծրագրով՝ Աբուլը, Թախչան, Մոդեգամը, Բուզավեթը, Մեծ և Փոքր Սամսարը։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազաֆիկացվելու են Գորելովկան, Ժդանովը, Սամեբան, Եֆրեմովկան, Օրլովկան։
Նշենք, որ Վրաստանի գազափոխադրող ընկերության կողմից իրականացվող գազաֆիկացման ծրագիրն իրականացվում է 2019 թվականից։ 2019-2020 թթ. կենտրոնական գազատար է անցկացվել Ախալքալաքի Պտենա և Չունչխա գյուղերում։ Բայց 3 տարի գազաֆիկացում չի իրականացվել։ 2023 թվականին գազը վերջապես հասցվել է մինչ բաժանորդը:
Կայքում նշվում է, որ սա պետական ծրագիր է, և այս նախագծերը նույնպես ֆինանսավորվում են պետության կողմից։
«Հաջորդ եռամյա պլանի շրջանակում Վրաստանի գազափոխադրող ընկերությանը կառավարության որոշման հիման վրա հանձնարարվել է իրականացնել գազիֆիկացման համար անհրաժեշտ նախագծային և շինարարական աշխատանքները՝ 2022-2024 թվականներին 244 շրջանում 39 698 բաժանորդի բնական գազով ապահովելու նպատակով»,- նշված է կայքում։
Նշենք նաև, որ Թախչա գյուղի գազիֆիկացման գործընթացը սկսվել է անցյալ տարի՝ 2023 թվականին, գյուղի բարերարների և «SJGC» գազաբաշխիչ ընկերության համատեղ ֆինանսավորմամբ։ Աշխատանքներ են տարվել, գազատարը գրեթե հասցվել է մինչև գյուղ, սակայն Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության տվյալներով, այս տարի կկազմվի գյուղերի գազիֆիկացման նախագիծ։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես են իրականացվելու աշխատանքները Թախչա գյուղում, ամեն ինչ նորից կսկսվի՞, թե արդեն իսկ կատարված աշխատանքները հաշվի կառնվեն։
Այս թեմայով՝ Գազիֆիկացվում է 12 տնտեսություն ունեցող Թախչա գյուղը
Նշենք, որ վրացական գազափոխադրող GGTC ընկերությունը գազամատակարարմամբ չի զբաղվում, հետեւաբար, հայտնի չէ, թե թվարկված բոլոր գյուղերը որտեղից են գազը ստանալու։ SJGC-ի տնօրենի խոսքով, իրենք պատրաստակամություն են հայտնել ընկերությանը օգնել տեղեկատվական ու նախագծման հարցերում, սակայն ծրագրերի իրականացման հետ որևէ կապ չունեն։
Jnews-ը հարցում է ուղարկել ընկերությանը՝ պարզելու, թե ով է զբաղվելու գյուղերի գազամատակարմամբ, ինչպես նաև, թե ինչ է լինելու Թախչա գյուղում, որը նախատեսվում էր գազաֆիկացնել SJGC ընկերության հետ համատեղ։