Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը վրաց թատրոնի օրվա առիթով` վրաց գիր-գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել է Սանդրո Ախմետելիի անվան մրցանակի:
Հունվարի 14-ը նշվում է վրացական թատրոնի օր, որը կազմակերպվում և իրականացվում է Վրաստանի թատերական միության գործիչների և Մշակույթի նախարարության կողմից:
Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը JNEWS-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի այդ միջոցառումն անցկացվել է Վրաստանի գրողների միության տանը, որին հրավիրված էին թատրոնների ղեկավարները, թատերական գործիչների միության վարչության անդամները, գրողներ, հայ և վրաց մտավորականներ և այլք:
«Ամեն տարի այսպիսի պարգևատրումներ է իրականացվում և մեր թատրոնն ստացավ շատ գնահատելի մրցանակ, որը կոչվում է Սանդրո Ախմետելիի անվան մրցանակ, այն տրվել է թատրոնի գեղարվեստական ղեկավարին վրաց գրականությունն ու տրամադուրգիան մատուցելու համար և որպես մրցանակի պատճառ նշվել է «Սպիտակ դրոշներ» ներկայացումը: Սա թատրոնի հաջողությունն է, որի համար շատ ուրախ ենք», – ասում է նա:
Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 168 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին: Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1936-ից: 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվամբ, սակայն 1991-ին թատրոնը վերանվանվել է, և մինչև օրս հանդես է գալիս որպես Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն անվամբ: