1989 թվականից մինչև այսօր Ախալքալաքի մշակույթի տանը բազում դժվարություններ տեսնելով, և մինչև հիմա էլ դրանք հաղթահարելով աշուղ Ալիք Ջավախքը ողջ աշխարհին է ներկայացնում ջավախքյան երգարվեստն ու պարարվեստը։

Աշուղ Ալիք Ջավախքը (Ալիկ Քսպոյան) ծնվել է 1950 թ. հունվարի 27-ին, Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում: 18 տարեկան հասակում՝ 1968թ., Քսպոյանների ընտանիքը բնակություն է հաստատում Ախալքալաքում։

Քսպոյանը Ջիգրաշեն գյուղի առաջին շրջանավարտն է եղել։ Դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվում է ՌՍՖՍՀ և ընդունվում Բլագովեշչենսկի պատմության համալսարան՝ ավարտելով այն 1974թ.։ Մասնագիտությամբ պատմաբան է, նա դասավանդել է ծովային ուսումնարանում։ Դեռ ուսանողական տարիներին 1,5 տարի զուգահեռաբար սովորել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Վլ. Բաբերեժսկու օպերային ստուդիայում։ Ռուսաստանի դաշնությունում աշուղը աշխատանքի բազմաթիվ առաջարկություններ է ստացել, այդ թվում՝ ֆիլարմոնիայում, աշխատանքի առաջարկ է ստացել նաև Հայաստանում, սակայն նրան կանչել է հայրենի հողը, և նա վերադարձել է Ջավախք։ Չնայած այն հանգամանիքն, որ ունեցել է շատ մեծ հնարավորություններ, միևնույն է ընտրել է հայրենադարձման ուղին։

Աշուղի ընտանիքում շատերն են երգել՝ պապիկը, մորեղբայրը, մայրիկը և այդ բնատուր տաղանդը փոխանցվել է նաև իրեն։

nver

«Երգելս գալիս է ընտանիքից, պապիկս աշուղ է եղել, երգել են նաև քեռիս և մայրիկս, և պարզ է, որ այդ ընտանիքի մեջ պետք է մեծանայի արվեստի մարդ։ Իմ կեսնագրությունում նշված է, որ ես խոսելուց առաջ երգել եմ», – ժպտալով պատմում է աշուղը։

Քսպոյանն ասում է, ոչ թե ինքն է ընտրել երգի ուղին, այլ կյանքն է նրան այդ ուղու վրա դրել։

«Ռուսաստանում թողեցի ամեն բան և եկա հայրենի Ջավախք, հավատալով, որ ամեն ինչ լավ է և ինձ սպասում են, բայց առանց դժվարության ոչինչ չի ստացվի։ Բազում դժվարություններ եղան, բայց ես հաղթահարեցի»,- հավելում է նա։

pargevner

Վերադառնալուց հետո աշուղը հանդիպել է բազում դժվարությունների։ Նրա հայրն արդեն մահացած էր, իսկ մայրը՝ հիվանդ: Դժվարություններ են առաջացել նաև աշխատանքի տեղավորվելուց, բնակարանային հարց և այլն:

Ջավախքոմ Քսպոյանը աշխատանքի է ընդունվում Ախալքալաքի շրջանային վարչությունում՝ որպես Գրքասերների ընկերության պատասխանատու քարտուղար:

Ունեցել է ընտրության հնարավորություն Երևանի և Ախալքալաքի միջև, սակայն ինչպես ինքն է նշում՝ հոգու կանչը թույլ չի տվել լքել հայրենի օրրանը, և 1989 թվականից նա հանդիսանում է Ախալքալաքի շրջանային մշակույթի տան տնօրեն։

Աշուղի առաջին երգը եղել է «Կանչը քո Ջավախք»-ը, իսկ երկրորդը՝ «Աշուղ դարձա», որը նա գրել է, տեսնելով ժողովրդի ապրած դժվարին ժամանակահատվածը, հատկապես խորհրդային միության փլուզման ժամանակաշրջանում։

««Ժողովրդիս ես միշտ ծառա, նրա դարդից աշուղ դարձա». իրականում ես տեսա, թե ինչ է կատարվում, հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ջարդում, փշրում էին ամեն ինչ: Հիմնովին փլատակվեց 27-30 հիմնարկ-ձեռնարկություն, ցույց էին անում, շենքը փլվում էր, ապակիները ջարդում, իսկ մենք գալիս էինք, ինչ պատահեր, ապակիով, այլումինով փակում էինք պատուհանները, որպեսզի պաշտպանեինք շենքը, արվեստի նվիրյալը դա է»,- ասում է աշուղը։

Այնուհետև, երկար ու դժվար տարիներ աշխատելով, միաժամանակ ստեղծագործելով Քսպոյանը 2006թ. Երևանում հանդիսավոր կերպով ձեռնադրվում է աշուղ, և նրան տալիս են աշուղ Ալիք Ջավախք պատվանունը:

«Ուրախ եմ, որ ինձ օծել է հոգևոր հայր Հավասու որդին, վարդապետը։ Աշուղներին, երբ աշուղ են ձեռնադրում ապտակ են տալիս, բայց հիմա այդ ապտակը չկա»,- ավելացնում է նա։

Աշուղ Ալիք Ջավախքը 200-ից ավելի երգերի հեղինակ է:

Դրանից հետո Քսպոյանը 2007 թվականին առաջին անգամ Ախալքալաքում բացում է աշուղական դպրոց, որը իր մեջ ներառում է նաև աշուղական անսամբլ։ Այնուհետև գյուղերում ստեղծում է երգի-պարի խմբակներ։ 2000 թվականին հիմնադրել է «Ջավախք» ազգագրական երգի-պարի անսամբլը, որը տարբեր երկրներում մասնակցել է տարբեր մրցույթների և արժանացել բազում գրան պրիների։

den goroda 13

«Այդ ամենը խոսում է այն մասին, որ մենք ամեն տեղ Ջավախքի արվեստն ենք տարածում, մեր ոգին ցույց տալիս աշխարհին»- ասում է աշուղը։

Աշուղը 2017 թվականին կազմակերպել է նաև «Ազգային տարազի» փառատոն, այսինքն՝ յուրաքանչյուր գյուղի պարային խումբ ներկայացել է իր տարազով։ Կազմակերպել է «Ջավախքի գարուն» փառատոնը, որը 11 տարի շարունակ անցկացվել է Ջավախքում: Փառատոնին մասնակցում են Հայաստանից, Ծալկայից, Նիոնծմինդայից, Ասպինձայից, Ախալցիխեից և այլ քաղաքներից։ Հաջորդիվ կազմակերպել է «Ասմունքի փառատոն»։

JP5

Միևնույն ժամանակ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է, պարգևատրվել է Վրաստանի, ՀՀ-ի, ՌԴ-ի բազմաթիվ մեդալներով: 2003թ. Հայհամերգի ու ՀՀ Արվեստի միջազգային կենտրոնի կողմից շնորհվել է «Արվեստի նվիրյալի» կոչում, 2012 թվականին արժանացել է Վրաստանի վաստակավոր մանկավարժի կոչմանը՝ պարգևատրվելով երկու շքանշանով, Հայաստանում պարգևատրվել է «Մովսես Խորենացի», «Կոմիտաս», «Սայաթ-Նովա», «Նաղաշ Հովնաթան» և «Ջիվանի» մեդալներով։ Աշուղը մշակույթի տանը բեմադրել է «Աղջկաս փեսացուները» պիեսը, այդ ներկայացումը ներկայացրել են ինչպես Նինոծմինդայում և Գյումրիում, այնպես էլ Երևանում և Թբիլիսիում:

Աշուղը պատմում է իր համար առաջին թանկարժեք նվերի մասին, որը միշտ հիշում է։

«Երեք տարեկան էի, մի հարուստ մարդ խանութում բռնեց, հանեց կանգնացրեց վաճառասեղանի վրա և ասաց, հլը մի հատ երգի։ Ինչքան հիշում եմ երգեցի «Ես պուճուր, յարս պուճուր» երգը, և նա ինձ մեկ կիլոգրամ կոնֆետ նվիրեց, ես տուն եմ տարել կոնֆետը, և այդ ժամանակ պատկերացրեք կոնֆետ, և հենց այդ քաղցրեղենն է եղել իմ ամենահիշվող նվերը։ Դե հետո, իհարկե տարբեր փառատոնների եմ մասնակցել և ունեմ շատ նվերներ ու պարգևներ, սակայն, ցավոք սրտի դրանց մեծ մասը չի պահպանվել, ես չհասկացա, թե ինչպես անհետացան մշակույթի տնից»,- ավելացնում է Քսպոյանը։

mijazgayin pargev

Աշուղի կինը նույնպես արվեստի ասպարեզից է, նա պարուհի է, նրանք միասին են աշխատել, սիրահարվել և ամուսնացել։ Ունեն երկու երեխա, նրանց երեխաներից ոչ ոք աշուղի ուղին չի ընտրել, սակայն ամեն հարցում սատար են իրենց հայրիկին։

yntaniq

nverner

Աշուղի մասին բազմիցս անդրադարձել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, նրա մասին ցուցադրել են «Հայի ձայնը», «Երգերգոց», «Չակերտներ», «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարերում, ինչպես նաև աշուղի մասին բարձրաձայնել են հանրային ռադիոյով։

jivanakan or9

Քսպոյանը նշում է, որ կորոնավարակը շատ մեծ հարված է հասցրել մշակույթի տան գործունեությանը, չնայած դրան նրանք չեն դադարել աշխատել՝ ինչպես առցանց, այնպես էլ «թաքուն» հանդիպումներ են ունեցել և պարապմունքներ անցկացրել։

Չնայած շենքային ծանր պայմաններին նրանք չեն հիասթափվում և մշտական շարունակում են ներկայացնել Ջավախքի երգն ու պարը, մշակույթը՝ ոչ միայն ամբողջ Վրաստանին, այլ նաև աշխարհին, և ինչպես ինքը աշուղն է նշում՝ «դրանք լոկ պատճառ են, մենք երբեք չպետք է հիասթափվենք, միշտ պետք է առաջ շարժվենք և աշխարհին ներկայացնենք մեր մշակույթը»։

Աշուղը հույս է հայտնում, որ 2022 թվականին Մշակույթի շենքը կվերանորոգվի։

Գայանե Ակոջյան