Ախալքալաքում սկսվում է նոր մշակութային նախաձեռնություն, որը տաղանդավոր երիտասարդներին հրավիրում է գործնական դասընթացների, հետագայում մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Նոր մշակութային ծրագրի նպատակը մեկն է՝ Ախալքալաքում նոր կյանք հաղորդել թատերարվեստին, զարգացնել քնաթաթախ մշակույթը:

«Այս նախաձեռնությունը ուղղված է լինելու Ախալքալաքում կոնկրետ թատերարվեստը զարգացնելու, սակայն չի բացառվում, որ ուրիշ մշակութային միջոցառումներ ևս անցկացնենք: Օրինակ՝ ցուցահանդես, ֆլեշմոբ, այնպիսի միջոցառումներ, որոնք մարդկանց մոտ հետաքրքրություն կառաջացնեն և նորություն կլինեն»,- ասաց մշակութային նախաձեռնության հեղինակ Սոնա Տոնականյանը:

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր սիրում և հետաքրքրվում են մշակույթով:

«Շատ կարևոր է, որ սկզբում ինչ արվելու է մեր կողմից լինի անվճար, այսինքն հանդիսատեսը չի վճարելու, որովհետև իմ կարծիքով նախ պետք է մարդկանց ծանոթացնել, մատուցել արվեստ, հետո նոր մատուցածի արժեքը սահմանել: Ստեղծելու ենք մշակութային նախաձեռնություն, որը հետագայում պետք է ունենա իր զարգացումն Ախալքալաքում»,- նշեց Սոնան:

Ծրագիրը հրավիրում է մասնակցելու գործնական դասընթացների՝ թատերարվեստ, բեմական խոսք, դերասանի վարպետություն, մշակութաբանություն և արվեստի տեսություն ոլորտներում: Բայց դասերը չեն սահմանափակվելու միայն տեսական գիտելիքներ տալով: Ուսանողները տեսականից հետո հնարավորություն կունենան իրենց գիտելիքները գործնականում օգտագործելու: Բացի այդ դասախոսություններ են կազմակերպվելու դրսի մասնագետների հետ: Օրինակ. ռեժիսուրայի մասնագետի հետ տեսակապի միջոցով դասախոսություն անցկացնել հայտնի ռեժիսորի հետ:

«Կարևոր է, որ շեշտադրումը լինի 15 տարեկանից բարձր, բայց հնարավորություն ունենք բացառություն անելու: Հիմնականում 15-ից բարձրներին ենք ընտրելու, որովհետև այն, ինչից խոսելու ենք, կարող է շատ հետաքրքիր է, սակայն փոքր տարիքի համար անընկալելի է, որոշ մասնագիտական նրբություններ կան»,- նշեց Սոնա Տոնականյանը:

Դասընթացները կհարմարեցվեն դպրոցական ժամերի հետ, որպեսզի երեխաները կարողանան համատեղել: Հավաքվելու է երկու խումբ, իսկ յուրաքանչյուր խմբում 7-ական մասնակից: Դիմում-հայտերը ընդունվում են մինչև մարտի 10-ը ներառյալ: Մասնակցության և մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 571250446 հեռախոսահամարով:

Ի վերջո այս նախաձեռնությունն ակնկալում է, որ տարեվերջին կկարողանա Ախալքալաքում թատերական ներկայացում բեմադրել, որն իր տեսակի մեջ ինքնատիպ ու ուսուցողական է լինելու: Ինչպես կստացվի իրականացնել այս նոր և համարձակ նախաձեռնությունը կտեսնենք ընթացքում:

Աղունիկ Այվազյան