Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Վրաստանում մարդու իրավունքների վիճակը «շարունակում է մնալ անհավասար»։ Կառավարության կողմից Եվրամիության թեկնածու դառնալու համար Եվրամիության կողմից սահմանված 12 հանձնարարականների կատարման շուրջ լարվածությունը «գերակշռում է քաղաքական իրադարձություններում», ասվում է փաստաթղթում։
Human Rights Watch-ը հիշեցնում է, որ վրացական իշխանությունները փորձել են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրենք, որը «կխաթարեր կարծիք արտահայտելու ազատությունը»։
Իրավապաշտպանները նշում են, որ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, ովքեր հավաքվել էին օրինագծի դեմ բողոքելու համար։ ՄԻՊ գրասենյակը նշել է, որ միջոցառումները եղել են անհամաչափ և անհարկի, և Հատուկ քննչական ծառայությունը սկսել է հետաքննել իրավապահների գործողությունները՝ չարաշահումների վերաբերյալ 124 բողոք ստանալուց հետո, նշվում է փաստաթղթում։
Մարդու իրավունքների այլ խնդիրները ներառում էին սահմանափակումները և հարձակումները ԶԼՄ-ների ազատության վրա, նաև անարդար աշխատանքային պայմանները, ասվում է զեկույցում:
Human Rights Watch-ը հաղորդում է ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ կառավարության թշնամական հռետորաբանության մասին։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը երկիր պաշտոնական այցից հետո մտահոգություն է հայտնել «մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը խաթարելու համակարգված ջանքերի» առնչությամբ, այդ թվում՝ սոցիալական ցանցերում քաղաքացիական հասարակության անդամների դեմ կառավարության զրպարտչական արշավների վերաբերյալ:
Փաստաթղթում նշվում է, որ սեպտեմբերին Պետական անվտանգության ծառայությունը սկսել է հետաքննել ենթադրյալ «դավադրությունը», որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների զարգացման գործակալության (USAID) կողմից՝ ակտիվիստներ հավաքագրելու՝ քաղաքացիական անկարգություններ հրահրելու և Վրաստանի կառավարությունը տապալելու նպատակով։
«ԱՄՆ դեսպանատունը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։ Զեկույցը գրելու պահին վրացական անվտանգության ծառայությունները հարցաքննել են տասնյակ ակտիվիստների՝ ստիպելով նրանց ստորագրել չբարձրաձայնելու մասին համաձայնագրեր՝ գործի հանրային քննարկումը թույլ չտալու նպատակով»,- ասվում է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները խոսում են «Tbilisi Pride» փառատոնի խափանման մասին, որի անցկացման վայրը քարուքանդ են արել ուլտրա-աջակողմյան արմատականները։
«Իշխանությունները հետաքննություն են սկսել, բայց ոչ ոքի չեն ձերբակալել հարձակման առթիվ», – ասվում է փաստաթղթում:
Մարտ ամսին ընդունված Մարդու իրավունքների 2023-2030 թվականների ազգային ռազմավարությունում ԼԳԲՏ իրավունքների մասին խոսք չկա՝ ի տարբերություն նախորդ ռազմավարության։ Վրացական խմբերի և միջազգային գործընկերների քննադատությունից հետո կառավարության մարդու իրավունքների քարտուղարությունը խոստացել է անդրադառնալ ռազմավարության գործողությունների ծրագրում բացակայող թեմաներին:
Փաստաթղթում նշվում է նաև, որ 2022 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Վրաստանի դեմ՝ տրանսգենդերներին թույլ չտալու համար փոխել սեռը իրենց պաշտոնական փաստաթղթերում՝ առանց սեռափոխության բժշկական ընթացակարգերի:
Բացի այդ, Human Rights Watch-ը մատնանշում է Եվրախորհրդարանի 2023 թվականի փետրվարին ընդունված բանաձևը, որն արտահայտում էր «լուրջ մտահոգություն» բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վատթարացման կապակցությամբ: Եվրախորհրդարանը կոչ է արել ազատ արձակել նրան և թույլատրել «պատշաճ բժշկական բուժում» անցնել արտասահմանում: