Ախալքալաքի տեղական իշխանությունները միջոցներ են հատկացրել քաղաքի հարավային արվարձանում գտնվող նոր գերեզմանատան տարածքի բարեկարգման համար, սակայն գերեզմանոցի հողատարածքը մունիցիպալ սեփականությանը փոխանցելու գործընթացը դեռ ընթացքի մեջ է։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024-ի բյուջեով նախատեսված են ծախսեր նոր գերեզմանատան տարածքի բարեկարգման համար, որի համար հատկացված է 107 524 լարի:
Նոր գերեզմանատան տարածքն արդեն գծանշված է, և ընթացքի մեջ է այս տարածքը էկոնոմիկայի նախարարությունից մունիցիպալիտետի սեփականությանը հանձնելու գործընթացը, որպեսզի քաղաքապետարանն այն վերածի գերեզմանոցի։ Շուրջ 10 հեկտար այս տարածքը գտնվում է քաղաքի հարավային ծայրամասում՝ Ախալքալաքի կենտրոնական մայրուղիները Հայաստանի և Թուրքիայի հետ կապող շրջանցիկ ճանապարհի մոտ։
«Հողի հանձնման գործընթացը ավարտված չէ, բայց մենք վստահ ենք, որ այս տարի մենք կհասնենք նպատակին, քանի որ մենք արդեն վերջնական փուլում ենք: Մենք կապվել ենք նրանց հետ, ակնկալում ենք, որ նրանք արդեն պաշտոնապես կփոխանցեն փաստաթուղթը, այսինքն՝ հողը կփոխանցեն մեզ: Մենք արդեն սրա համար գումարը հատկացրել ենք, որ փոխանցելուն պես մրցույթ հայտարարենք»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Ախալքալաքի հին պարսպապատ գերեզմանատունը տասնամյակների ընթացքում ամբողջովին լցվել է, և աստիճանաբար բնակիչները սկսել են զբաղեցնել գերեզմանոցին հարող Տավշան Տափա բլրի ստորոտի վրայի տեղերը՝ որպես գերեզմանատեղ: Գերեզմանոցը մի քանի գծով սկսել է մի քանի հարյուր մետրի վրա տարածվել հորիզոնական ուղղությամբ: Գերեզմանատան ճանապարհն ասֆալտապատվել է: Այժմ գերեզմանոցը մի քանի տասնյակ մետր տարածվել է ճանապարհից հեռու, հիմնականում նոր գերեզմանոցները փորվում են մեկ գծով՝ ընդլայնելով գերեզմանոցը հորիզոնական ուղղությամբ՝ դեպի հանգստյան գոտի։