Այն քաղաքացիները, ովքեր դժգոհում են անուններից, կարող են փոխել իրենց անունը կամ ազգանունը, բայց չգիտեն ու՞ր և ու՞մ դիմել։ Jnews-ը զրուցել է իրավաբանի հետ։
Ախալքալաքում ընդունված ավանդույթ է անվան սերնդեսերունդ փոխանցումը։ Եթե տանը տղա երեխա ծնվում, ապա նա կրում է պապիկի անունը, եթե աղջիկ՝ տատիկի անունը։ Լինում են դեպքեր, երբ երեխաները մեծանում են և իրենց անունը իրենց դուրը չի գալիս և որոշում են փոխել։
Ըստ այդմ, Ձեզ ենք ներկայացնում Վրաստանի օրենքը քաղաքացիական ակտերի մասին, թե որ դեպքերում է հնարավոր փոխել անունը կամ ազգանունը։
Համաձայն Վրաստանի քաղաքացիական ակտերի մասին օրենքի 62-րդ հոդվածի՝ անունը և/կամ ազգանունը փոխելու իրավունք ունի Վրաստանի քաղաքացին, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձը, ում ծնունդը գրանցված է Վրաստանում (բացառությամբ սույն օրենքի 85-րդ հոդվածի համաձայն կատարված ծննդյան գրանցման)։
Վերոնշյալ օրենքի 64-րդ հոդվածը ներկայացնում է անվան և ազգանվան փոփոխության պայմանները, դրանք հետևյալն են՝
1. Չափահաս անձն իրավունք ունի փոխել իր անունը և ազգանունը, իր իսկ ցանկությամբ միայն մեկ անգամ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Անձը կարող է փոխել իր ազգանունը և ստանալ՝
ա) երկու ծնողների ազգանունը միասին,
բ) անմիջական իրենց տոհմի ազգականներից մեկի ազգանունը (ներառյալ չորրորդ սերնդի ազգականները (տատիկ/պապիկ, նաև տատիկի ու պապիկի տատիկ ու պապիկ),
գ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված ազգանունը և անմիջական աճող ճյուղի ազգականներից մեկի ազգանունը համադրելու արդյունքում ստացված ազգանունը,
դ) փաստացի խնամողի ազգանունը,
ե) որդեգրողի ազգանունը,
զ) ազգանունը մինչև ամուսնությունը, եթե անձը չի վերադարձրել այս ազգանունը ամուսնության դադարեցման ժամանակ,
է) հայրական ազգանունը հայրությունը ճանաչելու դեպքում, պատմական ազգանուն,
ը) պատմական ազգանունը՝ սույն օրենքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով,
թ) այլ պետության լիազոր մարմնի կողմից իրեն տրված ազգանունը։
Լինում են դեպքեր, երբ ամուսիններն ամուսնալուծվում են և նրանցից մեկը փորձում է փոխել երեխայի ազգանունը, այս դեպքում ինչպես են փոխում երեխայի ազգանունը, բացատրում է իրավաբան Անդրանիկ Մինասյանը։
«Երեխայի ազգանունը փոխելու համար պետք է ծնողների համաձայնությունը։ Եթե նրանցից մեկը դեմ է ազգանվան փոխությանը, ապա այդ հարցը պետք է որոշվի դատարանի միջոցով։ Դատարանն այդ հարցը որոշում է երեխայի լավագույն շահերից ելնելով, այսինքն՝ եթե ազգանունը փոխելը բխում է երեխայի շահերից, այդ դեպքում դատարանը կորոշի, իսկ եթե դա չի բխում երեխայի շահերից, ապա պատասխանը կլինի բացասական։ Օրինակ, եթե երեխայի հայրը զրկված չէ հայրության իրավունքից, և ապրում է մայրիկի հետ, միայն այն փաստը, որ նա ապրում է մայրիկի հետ, դա հիմք չի հանդիսանում, որպեսզի ազգանունը փոխեն, մայրիկի ազգանունը տան։ Իսկ առհասարակ, իհարկե, կարելի է ազգանունը փոխել և դարձնել մյուս ծնողի ազգանունով, կամ տալ երկու ծնողի ազգանունը միանգամից»,-ասում է իրավաբան Անդրանիկ Մինասյանը։
Եթե երեխան նոր է լույս աշխարհ եկել, այս դեպքում նույնպես նա կարող է վերցնել ծնողներից մեկի ազգանունը, կամ երկու ծնողի ազգանունը, նորից ծնողների փոխհամաձայնությամբ։
«Մեր ժողովրդի մեջ դա սովորույթ է, որ երեխան ծնվելուց հետո ստանում է հոր ազգանունը, օրենքի մեջ գրված չէ, որ անպայման հոր ազգանունը պետք է ստանա։ Եթե երեխան գրանցված ամուսնության ընթացքում է ծնվում, այդ դեպքում ավտոմատ կերպով մոր ամուսինը համարվում է երեխայի հայրը, եթե ամուսնացած չեն, այդ դեպքում հայրը պետք է ճանաչի հայրությունը։ Նույնն ամուսնության ժամանակ է։ Զույգերը կարող են վերցնել միմյանց ազգանուն, կամ պահել իրենց ազգանունները, կամ միմյանց ազգանուններն իրար միացնել»,- հավելում է իրավաբանը։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց անուն-ազգանունները տառասխալներով է գրված։ Տառասխալներն ուղղելու համար, քաղաքացիները պետք է դիմեն Պետական ծառայության զարգացման գործակալություն։
«Պետք է դիմել Պետական ծառայության զարգացման գործակալության, քաղաքացիական ռեեստր, եթե քաղաքացիական ռեեստրը դիմողի հայցին հավանություն չտա, այդ դեպքում դատարան, որտեղ էլ պետք է ներկայացնեն վկանների, հաստաեն իրենց հայցը և փոխեն անվան կամ ազգանվան սխալը»,- ավելացնում է Անդրանիկ Մինասյանը։