Գարուն է, վարակաբանները զգուշացնում են մարդկանց, որ հիմա կարմրուկի և ջրծաղիկի սեզոնն է։ Պաշտոնապես Ախալքալաքում կարմրուկի դեպքեր չեն հաստատվել, սակայն մասնագետները չեն բացառում, որ հիվանդներ կան, որոնք բուժում են ստանում տնային պայմաններում։ Ի՞նչ անել կարմրուկի ժամանակ, ինչպիսի՞ ախտանիշներ ունի այն, այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի հետ։
– Արդյոք Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում կարմրուկի դեպքեր հաստատվե՞լ են։
– Ներկա դրությամբ մեր մոտ կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, իհարկե, դա չի նշանակում, որ մենք չունենք կարմրուկ հիվանդությունը, հնարավոր չէ չունենալ, քանի որ հիմա կարմրուկի սեզոնն է։ Հիմա տարածված են սեզոնային վիրուսները: Թե կարմրուկը, թե ջրծաղիկը սեզոնային հիվանդություններ են, ցանավորումով։
– Մարդիկ, երեխաները ե՞րբ են վարակվում կարմրուկ հիվանդությամբ։
– Կարմրուկը մտնում է վտանգավոր ինֆեկցիաների մեջ։ Երեխան կամ մեծահասակը վարակվում է այն դեպքում, եթե իմունիտետ չեն ունենում, իսկ իմունիտետ ձևավորվում է, երբ մարդ հիվանդանում լավանում է, կամ պատվաստվում է կարմրուկի դեմ: Կարմրուկն ունի կոնկրետ հարուցիչ։ Փոքրերի մոտ այն կարող է տարածվել լուծկու բռնկման նման: Մեծահասակները հիմնականում չեն հիվանդանում, քանի որ շատերն արդեն հիվանդացել լավացել են, իսկ մյուս մասի օրգանիզմը ռեակցիա չի տալիս այդ վիրուսի նկատմամբ: Սակայն, եթե հանկարծ մեծահասակը հիվանդացավ, օրինակ՝ 30 տարեկանը, կարող է շատ ծանր ընթանալ։ Ցավը կարող է քիչ լինել, բայց ուժեղ գլխացավ կունենա, թոքաբորբ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում։ Վարակն անկայուն է արտաքին միջավայրում, տարածվում է օդակաթիլային ճանապարհով:
– Ինչպե՞ս պաշտպանվել վարակից։
Ամենալավ պաշտպանիչ միջոցը պատվաստումն է, քանի որ այն լրիվ ապահովում է հիվանդությունից։ Պատվաստումը կատարվում է երկու անգամ, մեկը՝ մեկ տարեկան, երկրորդը՝ 5 տարեկան հասակում: Երկրորդ պատվաստումից հետո իմունիտետը ձևավորվում է մինչև 30-35 տարի ժամկետով, և եթե նույնիսկ հետագայում մարդը հիվանդանա, ապա թեթև ընթացք կունենա և բարդություններ չեն առաջանա։ Կարմրուկը թեթև հիվանդություն չէ, եթե բարդություններ սկսվեն, ապա բավականին լուրջ է։ Պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, ինչպես նաև շնչադիմակ կրել, սենյակները հաճախակի օդափոխել։ Շատ կարևոր է մանկական խմբերում, օրինակ՝ մանկապարտեզներում, հաճախակի կատարվեն սենյակների օդափոխություն, քանի որ ինչքան շատ են երեխաները, այդքան շատ է վարակի տարածումը, առավել ևս կարմրուկը։
– Ինչպիսի՞ ախտանիշներով է առանձնանում կարմրուկը:
Այն էտապային հիվանդություն է։ Կլինիկական հիմնական փուլերը 4-ն են՝ ինկուբացիոն, նախանշանային (կատարալ), ցանավորման և ռեկոնվալեսցենցիայի (պիգմենտացիա)։ Առաջի շրջանը գաղտնի է, երբ մարդը վարակված է, բայց ոչ մի նշան չունի: Հետո ի հայտ են գալիս առաջին սիմտոմները՝ քթային արտադրություն, բերանում կարմրություն, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի մեջ յուրահատուկ ցանավորում է առաջանում, որով էլ մենք իմանում ենք, որ հաջորդ օրը երեխայի վրա ցանավորվելու է: Այնուհետև երրորդ շրջանում սկսվում է մարմնի մնացած հատվածների ցանավորում։ Կարմրուկին բնորոշ ցանավորումը սկսվում է մարմնի վերևի մասերից դեպի ներքև: Ցանավորումը երեք օր է տևում. առաջին օրը ցանավորումը սկսվում է երեխայի երեսին և պարանոցին, երկրորդ օրը՝ ուսերին, մեջքին և կրծքավանդակին, իսկ երրորդ օրը՝ ստորին վերջույթների վրա: Բարձրանում է նաև երեխայի ջերմությունը։ Ինչպես նաև թեթևակի քոր է սկսվում այն ժամանակ, երբ մարմնի վրա առաջացած ցաները սկսում են լավանալ և թեփոտվել:
Կարմրուկի ընդհանուր տևողությունը 3-4 շաբաթ է: Սակայն երեխային պետք է ուղարկել մանկապարտեզ կամ դպրոց լավանալուց 10 օրվա ընթացքում։ Անձը վարակիչ չի համարվում մարմնի ցանավորման 4-րդ օրվանից։
Մասնագետը հորդորում է ծնողներին, երեխայի մաշկի վրա ցան նկատելուց ինքնուրույն ոչինչ չանել, անպայման դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ: