Ադիգենում ծանր վիրակիչ հիվանդության՝ Ղրիմ-Կոնգոյի դեպք է գրանցվել: Մայիսի 22-ին, 13-ամյա դեռահասին Ախալցիխեից տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին Ղրիմ-Կոնգո վարակը:
«Մայիսի 22-ին տեղափոխեցին մեզ մոտ, գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Ուներ Ղրիմ-Կոնգոյին համապատասխան բոլոր ախտանշանները: Այսօր տեղափոխեցինք պալատ, ջերմությունն իջել է, մինչև լիարժեք ապաքինվելը կմնա մեր հսկողության տակ»,- ասել է կլինիկայի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ Գիորգի Բերիձեն:
2021 թվականին, Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգո վարակի երրորդ դեպքն է:
Ղրիմ-Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի անասունից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ կոնտակտի արդյունքում։ Տենդից մահվան գործակիցը կազմում է մոտ 30 տոկոս, սովորաբար մահը վրա է հասնում հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում։