Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքում այսօր դեռ արևոտ և առանց տեղումների եղանակ է, սակայն ուժգին քամի է։ Քամին ձյունով է ծածկում ճանապարհները։ Jnews-ը Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ճշտեց, թե ինչ իրավիճակ է Վրաստանի ճանապարհներին՝ ինչպես Ջավախքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

· Բարդ եղանակային պայմանների պատճառով (բուք և անբավարար տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ճանապարհի 94-ից մինչև 110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Ինչպես նշել են Վարչության տեղեկատվական կենտրոնում, ուժեղ քամու պատճառով, ամենայն հավանականությամբ, այսօր ճանապարհը բաց չի լինի երթևեկության համար։

· Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդարի-Կոբի հատվածում երեկ՝ դեկտեմբերի 27-ին, վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկը, այսօր մարդատար տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացվում է առանց դադարի ռեժիմով՝ միայն ձնահոսքակայուն թունելներով, սակայն ձնաբուքի պատճառով ճանապարհին խցանումներ են գոյացել:

· Ջավախքի ճանապարհներին, որոնք տանում են դեպի Հայաստան և Թուրքիա (Ախալքալաք-Նինոծմինդա և Ախալքալաք-Կարծախ) որևէ սահմանափակում չի գործում: