Ջավախեթյան փողոցի սկզբնամասում գտնվող ջրատարները, որոնք փակված են երկաթյա ցանցով, դուրս էին եկել իրենց տեղից և խոչընդոտում էին անվտանգ երթևեկությանը։ Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները զոդում էին երկաթյա ցանցերը։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասաց, որ այսօր զոդման աշխատանքները կվերջացնեն։
«Մենք ներկա դրությամբ զոդում ենք ճաղերը, թե հետո ինչ աշխատանքներ կտարվեն, չեմ կարող ասել։ Մենք հրահանգ ունենք, որ հիմա այդ ճաղերը պետք է վերանորոգենք, թե Նոր տարուց հետո ինչ աշխատանքներ են կատարելու, ես չեմ կարող ասել»։
Ըստ Ռստակյանի, անջատված են եղել ցանցի գրեթե բոլոր ճաղերը, հիմա այդ ճաղերը շտկում և զոդում են միմյանց։ Ըստ նրա՝ իր աշխատակիցներն այնպիսի գործ են կատարում, որ այլևս այլ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա։
Հարկ է նշել, որ այդ ջրատարների վրա տեղադրված երկաթյա ցանցերն իրենց տեղերից դուրսր էին եկել դեռևս հոկտեմբեր ամսին, վարորդները շրջանցում էին բաց հատվածները։ Մի անգամ էլ ցանցերն իրենց տեղն էին տեղադրել “ՋավախԱվտոգզա” ընկերության աշխատակցները, չնայած այն փաստին, որ դա նրանց պարտականությունների մեջ չէր մտնում։
Նշենք նաև, որ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, նախատեսվում է այդ հատվածում տեղադրել խողովակներ, բայց այդ հարցը դեռ քննարկվում է։