Ախալքալաքում վերսկսվեց անօթևան շների ապաստան տեղափոխելու գործընթացը: Որպեսզի տեր ունեցող շները ևս չհայտնվեն ապաստանում, պետք է նրանց վզնոց հագցնել:
Jnews.ge-ի լրագրողը ականատես եղավ քաղաքացի Անուշ Մելքոնյանի և Օզուրգեթիի շների ապաստանի աշխատակիցների կռվին։
«Նրանք իմ առաջի շանը տարան, խոստացան որ կբուժեն, բայց չվերադարձրին, հիմա էլ եկել են այս մեկին տանեն, կրակեցին, հիմա չգիտեմ սատկելու է թե ոչ, սա ինչ բան է», – ասում է դերձակ Անուշը, ով կերակրում է մի խումբ շների։
Շանը կրակել էին, որ թմրեցնեն և տանեն: Վրաստանի կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի աշխատակից Սերգո Չխենկելին խոստացավ, որ շանը կտանեն, կբուժեն և 15 օրից հետ կվերադարձնեն։
Անուշ Մելքոնյանը նաև ասում է, որ շներին բռնելու և տանելու գործընթացը այնպիսի ժամանակ կատարեն, որ շատ մարդ ականատես չլինի:
«Ես չեմ կարող տեսնել ինչպես են նրանց կրակում և տանում, թող ուշ ժամի անեն, որ մարդիկ չտեսնեն», – ասում է Անուշ Մելքոնյանը:
Քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասում է, որ նոր պայմանագիրը կնքված է:
«Արդեն պայմանագիր ենք կնքել և այսօր շների տեղափոխման գործընթացը սկսվել է։ Մյուս այցելության ժամանակ արդեն կունենանք թմրեցնող զենք, որպեսզի շները, որոնք ագրեսիվ են և չեն ենթարկվում թմրեցնեն ու այդ ձև տեղափոխեն», – ասում է նա։
2017 թվականին ապաստան տեղափոխված շների վիճակի մասին հետաքրքրվելով պարզեցինք, որ իրականում նրանց հետ վատ են վարվել։ Այս անգամ նոր աշխատակիցների հետ եկել էր նաև Վրաստանի կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի աշխատակիցը գործընթացը հսկելու համար։
«Սկզբում երբ տարել են, սպանել են շներին այդ պատճառով էլ դատապարտված են հիմա, այդ իսկ պատճառով էլ հիմա ես եկել եմ և յուրաքանչյուր շան, որին բռնում ենք ապաստան տեղափոխելու համար, նկարում եմ, որպեսզի հետո ստուգում անցկացնենք, պարզելու ինչ վիճակում են գտնվում շները», – ասում է Սերգո Չխենկելին։
Թե ինչպես են վարվել այն շների հետ, որոնք տեղափոխվել էին ապաստան պարոն Նահատակյանն ասաց, որ նրանց չեն տեղեկացրել։
«Եթե պայմանագրում չլինի այնպիսի կետ, որտեղ նրանք պարտադրվում են պաշտպանել կենդանիների իրավունքները, մենք չենք ստորագրում այն», – ասաց Ալբերտ Նահատակյանը։
Մարտի 7-ին ապաստան են տեղափոխել Ախալքալաքի, Բավրա և Արագվա գյուղերի անօթևան շներին, քանի որ այդ գյուղերից քաղաքապետարանը ահազանգ էր ստացել։
Ինչպես արդեն հայտնել էր Jnews.ge-ին, Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեն այս տարի կրկին 25 423 լարի չափով գումար է հատկացրել անօթևան շներին ապաստան տեղափոխելու համար: Տենդեր-մրցույթի հաղթողը Մարինա Ջանելիձեն է Օզուրգեթիից։ Մինչ տարվա վերջ 300 անօթևան շուն կտանեն ապաստան:
Իսկ անցած տարի Ախալքալաքից տեղափոխած շների թեման jnews.ge-ին ավելի մանրամասն կներկայացնի մոտ օրերս:
Գայանե Ակոջյան