Ախալքալաքում վիրուսային տարբեր հիվանդությունները շատ տարածված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում։ Ավելի շատ խոցելի են վիրուսների նկատմամբ երեխաները, քանի որ մանկապարտեզներում և դպրոցներում, մեծ բազմության մեջ, երեխաները արագորեն վարակվում են իրարից։ Մանկական թերապևտ, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկուհի Մարիաննա Համբարձումյանը Jnews-ին պատմեց, թե ինչպես պաշտպանել երեխաներին վիրուսներից, ինչպես նաև օգնություն ցուցաբերել նրանց հիվանդության առաջին նշանների դեպքում։
Ի՞նչ հիվանդություններ են հիմա տարածված Ախալքալաքում:
– Այս պահին վիրուսային վարակները տարածված են: Մենք ունենք կապույտ հազ, որը հիմնականում շատ վատ են տանում չպատվաստված երեխաները: Ուժեղ հազ է, երեխաները չեն կարողանում խխել թարախային մասը, նրանք ունեն սպազմ և արցունքարտադրություն: Չեմ կարող ասել, թե որքանով է դա տարածված, բայց հաստատ կա, քանի որ ունենք կապույտ հազի լաբորատոր հաստատված դեպքեր։
Շատ են թոքաբորբի, բրոնխիտի, ՍՇՎԻ-ի, տոնզիլիտի, աղիքային վարակների դեպքերը։ Հաճախ է լինում, երբ աղիքային վարակը զուգակցվում է տոնզիլիտի, ՍՇՎԻ -ի, կոնյուկտիվիտի, օտիտի հետ։ Այս ամենն ուղեկցվում է բարձր ջերմությամբ՝ 40 աստիճան, որը դժվարությամբ է իջեցվում։ Հարբուխ, հազ…
Ի՞նչ խորհուրդ կտաք անել ծնողներին հիվանդության առաջին ախտանիշների դեպքում:
– Հիվանդության առաջին ախտանիշների ժամանակ խորհուրդ եմ տալիս երեխաներին դեղերի փոխարեն մեծ քանակությամբ հեղուկ տալ։ Այն հեռացնում է ինֆեկցիան օրգանիզմից, և ջերմությունը կարելի է իջեցնել հեղուկի օգնությամբ։ 38,5-ից ցածր ջերմությունը մի՛ իջեցրեք։ Կարելի է տաք ջրով շփում անել, բայց կարիք չկա ջերմությունն իջեցնել, քանի որ սա օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիան է։
Ես իսկապես կցանկանայի խնդրել, որ ծնողները չզբաղվեն ինքնաբուժությամբ, քանի որ նրանք հաճախ վատացնում են երեխայի վիճակը։ Օրինակ՝ երեխան ունի հասարակ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա, և նրանք սկսում են խորխաբեր միջոցներ տալ, որոնք շատ վատ են ազդում երեխայի օրգանիզմի վրա։ Ամբուլատոր հիվանդին դարձնում են ստացիոնար։
Ի՞նչ անել հիվանդությունը կանխելու համար:
– Կանխարգելման նպատակով հաճախակի լվացեք ձեռքերը և, որ ամենակարևորն է, հիվանդ երեխաներին մանկապարտեզ չուղարկեք։ Ավելի հաճախ գոլ ջուր խմեք: Ոչ մի դեղամիջոց մի ընդունեք։ Որպես վերջին միջոց, դուք կարող եք ընդունել վիտամին D3, քանի որ այստեղ ձմեռ է, ոչ արևոտ քաղաք է, կարող եք նաև օմեգա խմել: Լավագույն դեղամիջոցը երեխաներին նորմալ կերակրելն է, որպեսզի երեխաները բանջարեղեն և մրգեր ուտեն՝ սա ավելի լավ է, քան վիտամիններով ծանրաբեռնելը: