Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 182-րդ, պաշտոնի չարաշահմամբ միտումնավոր յուրացում, հափշտակում և 362-րդ՝ կեղծ փաստաթղթերի ստեղծում և օգտագործում։
Երկու հոդվածն էլ տուգանք են սահմանում կամ ազատազրկում 4-ից 7 տարի։
Փետրվարի 23-ին Ախալցիխեյի շրջանային դատարանում երեք ժամվա ընթացքում քննարկվում էր Մոսոյանի նկատմամբ խափանման միջոցը։
Դատախազ Թամար Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, Վարդ Մոսոյանը զբաղվում էր իր կնոջ անունով գրանցված “ՎԵՄ” ընկերության գործունեությամբ։
Նշված ընկերությունը 2014 թվականին Ախալքալաքի շրջանում ջրամատակարարման համակարգի վերականգնման համար հայտարարված տենդերը հաղթել էր 75 000 լարիով։ Հոկամում, Խոսպիոյում, Վաչիանում և Գոգաշենում խմելու ջրի համակարգի վերականգնման համար աշխատանքները Վարդ Մոսոյանը իրականացրել է Ախալքալաքի ջրամատակարարման ընկերության սարքավորումներով, տեխնիկայով և աշխատուժով։
Օրինակ, ինչպես դատախազը հայտարարեց, ջրամատակարարման ընկերությունում Մոսոյանը կազմել է արձանագրություն, որ իբր Հոկամ գյուղի ջրամատակարարման համակարգը վնասվել է և իրականացվել են աշխատանքներ, իսկ իրականում ջրամատակարարման ընկերության աշխատակիցները 2014 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 4-ն “ՎԵՄ”-ի կողմից նշված աշխատանքներն են իրականացրել:
Ըստ մեղադրող կողմի, մյուս գյուղերում նույնպես Մոսոյանը 20 կեղծ փաստաթուղթ է կազմել և իրականացրել, ինչպիսիք են ընդունման-հանձնման ակտերը, ծախսերի հաշվարկներն և այլն։
Մոսոյանի պաշտպանի Իրակլի Բարձիմաձեյի հայտարարմամբ, մեղադրանքը այնպես է կազմվել, որ իբրև Ախալքալաքի ջրամատակարարման ընկերության տնօրենը 22 անգամ հանցագործություն է կատարել, այդ ամենը դատախազության հնարքն է, “այնտեղ, որտեղ “ՎԵՄ”-ը տենդերով վերանորոգել է ջրի համակարգը, այնուհետև նույն տեղում ջրի խողովակներն են վնասվել և հենց դա է նորոգել Մոսոյանը։ Նա տարիներ շարունակ աշխատում է, դա նրա գործն է, ոչ թե հանցագործություն”։
Պաշտպանի խոսքերով, Մոսոյանը իր մեղադրանքը կիսով չափ ընդունում է, “փաստաթղթերն ինքն է ստորագրել կնոջ փոխարեն, երբ որ նկատել է, որ դա սխալ է նոտարական լիազորագիր է սահմանել և այս թղթերը քննության մեջ էլ ներկայացված են, սա անգիտակցաբար է կատարել, ոչ թե միտումնավոր”։
Որպես խափանման միջոց դատախազությունը խնդրել է կալանավորել Մոսոյանին, այն հիմքով, որ հետաքննությունը դեռ շարունակվում է և Մոսոյանը կարող է նախկին աշխատակիցների վրա ազդեցություն ունենալ և այդ պատճառով վկաները միգուցե փոխեն իրենց ցուցմունքները։
“Բացի դրանից, մեղադրյալը կարող է թաքնվել, քանզի շատ հաճախ է արձանագրվել նրա կողմից սահմանի հատում”, – ասել է դատախազը։
Իրակլի Բարձիմաձեն չհամաձայնեց դատախազի հետ։ Նա որպես խափանման միջոց պահանջել է սահմանել 20 000 կանխավճար։ “Նաև սահմանեք էլեկտրոնային մոնիտորինգ և նույնիսկ շաբաթական երեք անգամ քննչական մարմնում ներկայանալ։ Ինչ վերաբերում է ապացույցների ոչնչացման հնարավոր սպառնալիքին, այս գործի քննությունը սկսվել է 2015 թվականից և բոլոր վկայությունները արդեն վերցված են և Մոսոյանը ոչինչ չի կարող անել”, – հայտարարել է պաշտպանը։
Դատավոր Նաթիա Մերաբիշվիլին բավարարել է դատախազության պահանջը և որպես խափանման միջոց մեղադրյալը կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Վրաստանի ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի բաժնի տնօրեն Վարդ Մոսոյանին Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են իր իսկ աշխատասենյակում փետրվարի 20-ին, կեսօրին։
Նյութի աղբյուրն է՝ sknews.ge