«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որն անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը, այսօր առաջին անգամ անցկացվեց Ջավախքում՝ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում:
Մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի և հարակից գյուղերի տարբեր դպրոցների 47 աշակերտ: Այս տարի մրցույթն ընդլայնել էր իր սահմանները դուրս գալով Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից: Այն առաջին անգամ անցկացվում է Վրաստանում, մասնավորապես Ջավախքում, Ռուսաստանում և Լիբանանում: Բոլոր երկրներում մրցույթը սկսվում է միաժամանակ՝ նոյեմբերի 23-ին:
«Այս մրցույթի նպատակն է ստուգել մտավոր ունակությունները հայոց լեզվից և գրականությունից: Հիմնականում տրամաբանական հարցեր են: Այս մրցույթին մասնակցում են 3-ից 12-րդ դասարանների աշակերտները, բայց մենք որոշեցինք, որ այս տարի մեր մոտ մասնակցեն 3-ից 8-րդ դասարանների աշակերտները», – ասաց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ղեկավար Կարինե Թադևոսյանը:
Մրցույթի համար հատկացված ժամանակը 75 րոպե է: Մրցույթը սկսվեց ժամը 12: 45-ին: Այն բանից հետո, երբ բոլորին բացատրվեց կանոնները, բաժանեցին գրիչներ և հարցաթերթիկները: Մրցույթն ավարտվեց ժամը 14: 00-ին:
Ցանկացած աշխակերտ կարող է մասնակցել այս մրցույթին՝ անկախ ուսման առաջադիմությունից:
Մրցույթից հետո մասնակիցների բոլոր պատասխանները էլեկտրոնային տարբերակով կուղարկվեն «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչներին: Աշխատանքները գնահատվում են միավորներով: Պարգևատրվելու են ամենից շատ միավորներ հավաքած աշակերտները, իսկ լավագույն աշակերտները կմասնակցեն այս մրցույթին՝ Վրաստանից դուրս:
2014 թվականից ի վեր, «Այբ» կրթական հիմնադրամը, Հայաստանի կրթության և գիտության և սպորտի նախարարության հովանու ներքո անցկացնում է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:
Այս մրցույթը ստեղծվել է «Կենգուրու.մաթեմատիկան բոլորի համար» միջազգային մրցույթի փորձի հիման վրա: