Արդեն մեկ շաբաթ է Աղմաշենեբելի փողոցի 6-րդ շենքի դիմացի կոյուղու կոյուղաջուրը լցվում է շենքի բակ։ Բնակիչներն անհանգստացած են ստեղծված հակասանիտարական վիճակով։ Մի քանի անգամ դիմել են համապատասխան մարմիններին խնդիրը վերացնելու համար, սակայն մինչև հիմա ապարդյուն։

Երեկ Jnews-ին դիմել էր շենքի բնակիչներից մեկը, որպեսզի լուսաբանենք։ Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Jnews-ի լրագրողը տեղում է ծանոթացել իրավիճակին։

Խցանված կոյուղուց կեղտաջուրը դուրս է հոսում, լցվում բակ, հասնում մինչև մարդկանց ավտոտնակներ։

«Արդեն կարող եմ ասել, որ մեկ շաբաթից ավելի է այս վիճակն է։ Մի քանի հոգի դիմել են, ասել են, որ մեքենան փչացած է, չեն կարող գալ, բայց ահավոր վիճակ է։ Ես տեղյակ եմ, որ կոնկրետ երկու անգամ դիմել են, ասում են կգան, բայց չեն գալիս։ Մյուս մուտքի կոյուղագիծն ավելի հաճախ է խցանվում, մեր շենքի դիմաց սա երկրորդ անգամն է, ինչքան ժամանակ է չէր եղել նման դեպք», – ասաց շենքի բնակիչ Հռիփսիմե Խաչատրյանը։

1

Jnews-ը դիմեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Գիրոգի Վախտանգիշվիլիին, նա ասաց․

«Տեղյակ եմ խնդրի մասին, դիմել են, ուղարկում եմ խումբը, բացում են խցանումը, բայց նորից լցվում է։ Ժողովուրդը զգույշ չի վերաբերվում, լցնում են այնպիսի բաներ, որ նորից փակվում է։ Այդ կոյուղագիծը հաճախակի է փակվում, վերջերս երեք անգամ ուղարկել եմ, մաքրում են հազար տեսակ բան է դուրս գալիս, անգամ չեմ կարող ասել, թե ինչեր։ Այդ կոյուղագիծը երկու շենքի է ծառայում, ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ով է մեղավոր, բայց կա մեկը, ով ալարում է աղբը դուրս թափել և լցնում է կոյուղու մեջ»։

Վերջինս ավելացնում է, որ այդ կոյուղագիծը կենտրոնական չէ, և այն մաքրելն իրենց պարտականություննների մեջ չի մտնում։

«Եթե գիծը կենտրոնական չէ պարտավոր չենք խումբ ուղարկել, մենք վճարովի աշխատանքների ծառայություն չունենք, կամ ուղարկում եմ խումբը, կամ՝ ոչ», – ավելացրեց Գիորգին։

Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրենը խոստացավ, որ այսօր ևս խումբ կուղարկի կոյուղագիծը մաքրելու։

Վերջին անգամ այսօր է Աղմաշենեբելի փողոցի 6-րդ շենքի բնակիչներից մի կին զանգել Գիորգիին։

Ընդգծենք, որ Ախալքալաքում չկա այդպիսի ծառայություն, որպեսզի բնակիչները դիմեն։