Ախալքալաքի կենտրոնում շատանում են 4 կուսակցությունների նախընտրական պաստառները, ընդ որում որոշ պաստառներ փակցվում են արդեն փակցվածների վրա:
Ախալքալաքում հիմնականում փակցված են 4 սուբյեկտների մեծ ու փոքր պաստառներ՝ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, «Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, Դեմոկրատական շարժում – Ազատ Վրաստան» դաշինք, «Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինք և «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցություն:
Ախալքալաքի տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցող մնացած երեք կուսակցություններից և դաշինքներից պաստառներ չկան:
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության շտաբում մեզ տեղեկացրին, որ քաղաքում կան ավելի քան 500 փոքր պաստառ և երկու խոշոր բաններ, մեկը՝ կենտրոնում, մյուսը՝ քաղաքի ծայրամասում: Շտաբի ղեկավար Ջումբեր Լոմսաձեն բողոքում է, որ իրենց պաստառները պոկում են և նրանց թեկնածուների պաստառների վրա փակցնում այլ կուսակցության պաստառներ:
« Զինվորական №1 ավանում և Խաս Բախչա կենտրոնական զբոսայգու պատերին մեր պաստառների վրա փակցված են Մելիք Ռաիսյանի և նրա որդու պաստառները, երրորդ համարի պաստառները: Ամբողջ քաղաքում միայն մեր պաստառներն են պոկում: Իսկ մենք մյուսներինը ձեռք չենք տալիս: Ցերեկը փակցնում ենք, գիշերը պոկում են: Սա արդեն անշնորքություն է, ինչ են ուզում պաստառներից, եթե նրանք լավ ծրագրեր ներկայացնեն, ապա նրանց կընտրեն », – ասում է Ջումբեր Լոմսաձեն:
«Դմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, ժողովրդավարական շարժում – ազատ Վրաստան» դաշինքի շտաբում, մեզ ասացին, որ իրենց պաստառները փակցվել են այլ պաստառների վրա, քանի որ խախտվել է քարոզչության համար հավասար տեղ ունենալու իրավունքը:
«Բոլոր տեղում նրանք են փակցրել իրենց պաստառները, միայն իրենք չեն այստեղ, ամեն ինչում պետք է չափ ու հավասարություն: Պետք է այնպես անել, որ մյուսները նույնպես տեղ ունենան », – ասում է «Դմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, ժողովրդավարական շարժում – ազատ Վրաստան» դաշինքից քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը:
Ըստ Մելիք Ռաիսյանի, նա շատ ուշադրություն չի էլ դարձնում պաստառների վրա: Նրանց դաշինքը օրերս կստանա մեծ բաններներ թեկնածուների լուսանկարներով, որոնք կտեղադրվեն են ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ այլուր:
«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի շտաբում ևս ասում են, որ իրենց պաստառները նույնպես պոկվել են:
Համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Արսեն Կարապետյանը ասում է, որ նրանք առավոտյան փակցնում են, երեկոյան արդեն ամեն ինչ պոկված է լինում:
«Խոսպիո գյուղի կամրջի վրա, Դիլիսկա գյուղի ճանապարհին, շրջանային հիվանդանոցի մոտ պատառոտում են մեր պաստառները: Փակցվածի 50% -ը պատառոտում են: Եթե տեսնեմ ով է, դատի կտամ: Կենտրոնում մեծ բաններ ունեինք, բայց մեզ համար անհասկանալի պատճառով, հանեցին այն և տեղափոխեցին քաղաքի ծայրամաս », – ասում է Արսեն Կարապետյանը:
«Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցությունն ունի 4 մեծ բաններ, որոնք տեղադրվել են տարբեր վայրերում, հիմնականում Ախալքալաքի կենտրոնում:
Ըստ ցուցակներով դեպուտատի թեկնածու Ադամ Զարմարյանի, նրանք ամբողջ շրջանում փակցրել են համարյա 3500 պաստառ:
«Մենք փակցնում ենք սեփականատերերի թույլտվությամբ և թույլատրված վայրերում: Միայն մի քանի պաստառներ են պոկվել, գուցե դա քամին է արել, ես չգիտեմ: Կամ այս ամենը երեխաների արածն է: Կարծում եմ, որ պաստառները պոկելն անշնորքություն է », – ասում է Ադամ Զարմարյանը:
Շուշան Շիրինյան