Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

Ռուսական Wildberries ընկերությունը հայկական շուկան է մտել 2018թ-ին, սակայն մեծ վաճառքներ ունեցել է վերջին երեք տարիներին: Սկզբնական շրջանում օնլայն առևտրի ցանցը թե՛ գնորդների, թե՛ առևտրականների շրջանում համարվում էր ընդամենը գնումների այլընտրանքային տարբերակ:

Իսկ 2021թ-ից Wildberries-ը սկսեց Հայաստանում զգալիորեն մեծ վաճառքներ ունենալ։ Այդ ժամանակից արդեն այն մրցակցության մեջ մտավ հայ արտադրողների և այն առևտրականների հետ, որոնք ապրանքներ են ներմուծում Չինաստանից, Թուրքիայից, Իրանից և այլ երկրներից: Արդյունքում բազմաթիվ խանութներ փակվեցին և դրանց փոխարեն կամ հարևանությամբ բացվեցին Wildberries-ի վաճառքի մասնաճյուղեր:

Այսօր երևանյան ցանկացած փողոցում կա ցանցի վաճառքի կետ, որն աշխատում է ավելի երկար (մինչև 22:00 և 23:00), քան սովորական տնտեսական կամ հագուստի խանութները: Դրանց հիմնական մասը դառնում է եկամտաբեր բիզնես և մրցակցային առավելության հասնում տեղի խանութների նկատմամբ: Դրան նպաստում է վաճառքի առցանց մոդելը և ԵԱՏՄ տարածքում առևտրի համար գործող մաքսային արտոնությունը:

Wildberries-ի աշխատանքը Հայաստանում և դրա ազդեցությունը տնտեսության վրա, ինչ են մտածում ընկերության մասին մշտական գնորդը, գործարարը, ում խանութը փակվել է, և վաճառողները, որոնք միացել են ցանցին, նաև տնտեսագետի ու մարքեթոլոգի գնահատակաները։

Ինչ է Wildberries-ն ու ինչպես է աշխատում Հայաստանում

Wildberries–ը առցանց հիպերմակրկետ է, հիմնադրվել է Ռուսաստանում 2004թ-ին Վլադիսլավ և Տատյանա Բակալչուկների կողմից: Այս ունիվերսալ առևտրային ցանցը վաճառում է գրեթե ամեն ինչ՝ հագուստ, ուտելիք, կենցաղային տեխնիկա, ալկոհոլ, գրքեր, խնամքի պարագաներ և այլն:

Ընկերությունն այս պահին աշխատում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում: Հայկական շուկա մուտք է գործել 2018թ-ին, 2021թ-ին բացել է պատվերների տրամադրման մասնաճյուղեր:

Դրանց թիվը օնլայն առևտրի այս հարթակում, 2023թ-ի առաջին կիսամյակի տվյալներով, հասել է 270-ի։ Հայասատանից գրանցված է 1878 վաճառող, պատվերներ է կատարում 415 հազար մարդ:

Վաճառքի ակտիվ կետերը հիմնականում Երևանում են, հարակից փոքր ու մեծ քաղաքներում։ Սակայն ընկերությունն աշխատում է նաև հեռավոր համայնքներում՝ առաքումներն իրականացնելով «ՀայՓոստ»-ի միջոցով:

Ընկերության հիմնադիր Բակալչուկը լրագրողներին ասել է, որ իրենց ծառայություններից օգտվում է Հայաստանի յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչը: Հարթակում ներկայացված են նաև հայկական ապրանքնատեսակները: Առայժմ Wildberries-ի միջոցով վաճառքը հարմար է հայկական խոշոր ընկերությունների համար, որոնք գործընկերներ ունեն Ռուսաստանում։

Փոքր բիզնեսի համար դա շատ խնդիրներ է առաջացնում: Այդ պատճառով ընկերությունը նախատեսում է Հայաստանում լոգիստիկ նոր կենտրոն ստեղծել, որի արդյունքում կարագանա առաքումը և՛ մեր երկրի ներսում, և՛ Հայաստանից Ռուսաստան, այդ թվում ՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք չունեն պահեստի հնարավորություն և գործընկերներ Ռուսաստանում։

Լոգիստիկ կենտրոնը սովորական պահեստ չի լինելու, այն դառնալու է Հայաստանում արտադրվող և հարթակի միջոցով վաճառվող ապրանքների ստացման, տեսակավորման, փաթեթավորման և ուղարկման կետ:

Wildberries-ն ու Հայաստանի տնտեսությունը

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2023թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով Wildberries-ը Հայաստանում 28-րդ խոշոր հարկատուն է։ Պետական բյուջե է վճարել մոտ 4.7 մլրդ դրամի հարկեր։

2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 16 անգամ։ Այդ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 403-րդ տեղում էր՝ 295 մլն դրամ վճարած հարկով։

Հայաստանում ընկերությունն ունի հազարից ավելի աշխատակիցներ՝ ֆիքսված և տոկոսային վարձրատրությամբ:

«Wildberries-ն ավելի քան շահավետ է». մի հաճախորդի պատմություն

Արփինեն 34 տարեկան է, ամսական գնումների կեսից ավելին իրականացնում է Wildberries առցանց խանութի միջոցով: Գնում է հիմնականում հագուստ, կենցաղային տեխնիկա, մաքրող միջոցներ, շպարի պարագաները: Իրեն բնութագրում է որպես Wildberries-ի գերի, որովհետև ամսական մոտ 200-300 դոլարի գնումներ է անում, մինչդեռ իր աշխատավարձն ընդամենը 450 դոլար է:

«Երևի երկու տարի առաջ էր, երեխայի համար բեմական հագուստ պետք է գնեի, ընկուհիներիցս մեկը խորհուրդ տվեց նայել Wildberries-ում: Մի քանի տարբերակներ գտա, հետևեցի գնորդների կարծիքներին ու լուսանկարներին և ընդամենը 4300 դրամով գնեցի հագուստը։ Մինչդեռ այն կարելու համար դերձակը 12 հազար դրամ էր ուզել: Այսինքն երեք անգամ էժան կարողացա ձեռք բերել իմ ուզած ապրանքը»,- պատմում է Արփինեն:

Նրա խոսքով, այս ցանցով առևտուրն այնքան շահավետ է, որ կարող ես որոշ ապրանքներ պատվիրել և հետո ինքդ վաճառել.

«Ամենասկզբում երբ նոր էի օգտվում կայքից և Հայաստանից շատ գնորդներ չկային, ապրանքների մեծ խմբաքանակ էի ձեռք բերում և տնից վերավաճառում»:

Միակ խնդիրը, ըստ Արփինեի, կախվածությունն է։ Երբեմն ձեռք է բերում իրեր, որոնք այդքան են պետք չեն իրեն այդ պահին։ Միևնույն ժամանակ, գոհ է ընտրության մեծ հնարավորությունից:

«Երեք երեխաների հետ ֆիզիկապես չեմ կարողանում խանութներ գնալ, նաև ժամանակատար է: Նախընտրում եմ երեկոյան, երբ երեխաները քնած են, պատվիրել անհրաժեշտ ապրանքները ամենամոտ վաճառքի կետում, որը տնից հինգ րոպեի ճանապարհի վրա է»,- բացատրում է նա:

Wildberries-ը որպես բիզնես հնարավորություն

Գայանե Ալեքյանն ու Կարինե Կարապետյանը ամիսներ առաջ Երևանում բացել են Wildberries-ի վաճառքի կետ: Նախ մեկ ամիս մասնակցել են ընկերության կողմից կազմակերպվող անցանց դասընթացներին, յուրացրել գործի նրբությունները, հետո՝ հայտ ներկայացրել իրենց անձնական բիզնեսը բացելու համար:

«Առաջին կարևոր պահանջն ընկերության համար համապատասխան տարածք ունենալն է, այն պետք է լինի 50 և ավելի քմ, ունենա լայն ցուցափեղկեր, ինչպես նաև ընդունված չափորոշիչներով կահավորում և բրենդավորում: Ընդ որում, դա արվում է մեր միջոցների հաշվին»,- պարզաբանում է Գայանե Ալեքյանը:

Նրա խոսքով, իրենց եկամուտները գոյանում են պատվերների քանակից, ինչքան շատ պատվերներ, այնքան ավելի մեծ շահութաբերություն: Ընկերությունը վաճառքի կետերին տոկոսները վճարում է շաբաթական։ Նաև առանձին գումար է նախատեսվում բարձր ռեյթինգների համար՝ թե՛ առանձին վաճառքի կետի, թե՛ տվյալ կետի աշխատակիցների համար:

«Ընկերությունը գտել է իր աշխատակիցներին խրախուսելու ձևերը։ Թեև դրանք մեծ գումարներ չեն, սակայն մոտիվացնում են ավելի արագ, ճկուն և բարեհամբյուր սպասարկել հաճախորդներին: Նոր ենք սկսել, պարզ է՝ մեծ գումարներ չենք աշխատում, բայց լավ սպասումներ ունենք»,- ասում է համասեփականատերը:

Ըստ նրա, աշխատանքի մեջ կան նաև դժվարություններ։ Երբեմն կարող են կորչել ապրանքներ, հատկապես հետադարձի ժամանակ։ Երկար նամակագրությունների արդյունքում պետք է կարողանաս ապացուցել, որ տվյալ ապրանքը վերադարձվել է։

Դժվարանում է այլ բիզնես մոդելների հետ համեմատել, սակայն վստահ է, որ ներդրված գումարները, ժամանակն ու ռիսկն արդարացված են:

Բիզնես, որը տուժեց Wildberries-ի մասսայականացման արդյունքում

Արմեն Գասպարյանը իր խանութը ստիպված է եղել փակել 2023թ-ի սեպտեմբերին: Տասը տարուց ավելի զբաղվել է Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ և վաճառքով: Այդ ընթացքում կարողացել է կայուն հաճախորդներ գրավել, բիզնեսը զարգացնել և վաճառքի երկրորդ կետը բացել այլ հասցեում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում կամաց-կամաց գնորդներս պակասեցին: Խանութներիս հարևանությամբ Wildberries-ի մասնաճյուղեր բացվեցին։ Նկատեցի, որ հաճախորդներս սկսել են այդ ցանցից պատվերներ անել: Չես մեղադրի, ավելի մատչելի է այդպես»,- ասում է գործարարը:

Նրա խոսքով, թեև վաճառքի շուկան ազատ է և չկարգավորվող, բայց պետությունը պետք է սատարեր, որպեսզի փոքր և ընտանեկան բիզնեսները Wildberries-ի հետ մրցակցությանը դիմանային: Սատարել ասելով՝ հասկանում է բանկերում եղած վարկերի տոկոսների սառեցում կամ պետության կողմից դրանց ֆինանսավորում, մաքսազերծման ընթացակարգերի պարզեցում, հարկային որոշակի արտոնություններ․

«Իմ կարծիքով՝ դիմանում են այն խանութները, որոնք վարկեր չունեն, աշխատում են սեփական տարածքում, շատ աշխատողներ չունեն: Էքսպանսիայի զոհ հնարավոր է չդառնան մասնագիտացած խանութները, հայտնի բրենդերի հայաստանյան մասնաճյուղերը, տիպիկ հայկական արտադրանք առաջարկող խանութները, որովհետև այդտեղ միշտ վաճառքներ կլինեն»:

Ինքն ու իր նման տուժած շատ առևտրականները հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, լուծման տարբերակներ առաջարկել։ Սակայն նրանց առաջարկները մերժել են․

«Մեզ ասում են գերշահույթներ եք ստանում, մարդիկ էժան ապրանք ձեռք բերելու հնարավորություն են ստացել, գնում են, դուք էլ այլ շուկաներից էժան ապրանքներ բերեք: Դա հեշտ է ասել, բայց պետք է ցույց տալ, ուղղորդել դեպի այդ շուկաներ: Կամ օգնել մեզ ավելի գրագետ վաճառք անել, օրինակ, պետական տարածք նախատեսել կոնկրետ ապրանքատեսակների վաճառքի համար, կամ օնլայն վաճառքի հարթակ ստեղծել։ Բայց պետության համար հիմա այս խնդիրն օրակարգային չէ»:

«Առցանց առևտուրը կարող է առողջարար լինել տնտեսության համար»

Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ առցանց առևտրի աճը կարևոր առողջացնող ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար.

«Նախ այն նվազեցնում է առևտրային մարժաները և ավելի մատչելի ապրանք հասցնում մեր քաղաքացիներին: Բացի այդ, այն տնտեսությունում փոքրացնում է ոչ արտահանելի հատվածի՝ ներմուծման վրա հիմնված առևտրային բիզնեսի դերը, վերաուղղորդելով այդ մարդկային կապիտալը դեպի արտադրական գործունեություն»:

Առաջին փուլը, ըստ նրա, ցավոտ է որոշ տնտեսվարողների համար, բայց ամբողջ աշխարհն է նման գործընթացով անցնում։ Բազմաթիվ աշխատատեղեր փոխարինվում են տեխնոլոգիաներով, համաշխարհային տնտեսությունը «օպտիմալանում» է։ Դա հնարավորություններ է բացում ստեղծարար ու ճկուն բիզնեսի, ինչպես նաև ամբողջական տնտեսությունների համար:

«Կարծում եմ, առևտրականները նաև ռիսկ են տեսնում, որ ԵԱՏՄ մաքսային տարածքում ոչ ամբողջությամբ են ապահովված արդար պայմանները։ Օրինակ՝ ԵԱՏՄ անդամ այլ երկրներից օնլայն առևտրի հարթակներում գործող տնտեսվարողները ավելի էժան ներմուծման հնարավորություններ են ստանում: Սա, բնականաբար, խաթարում է արդար մրցակցության պայմանները»,-բացատրում է մասնագետը:

Անդրադառնալով առևտրականների պահանջներին՝ նա նկատում է, որ ընդհանրապես բիզնեսի աջակցության մասին խոսելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետև դա ամբողջ հասարակության միջոցներով է իրականացնում:

Հավելում է՝ առևտրով զբաղվող փոքր բիզնեսն արդեն իսկ գործում է եզակի արտոնյալ համակարգում (շրջանառության հարկ՝ բարձր շեմով)։ Իսկ մաքսային քաղաքականությունն իրականացվում է ԵԱՏՄ մակարդակով, որտեղ ընդհանուր խաղի կանոններ են:

«Նույն հարկային ռեժիմում գործելու պայմաններում տնտեսվարողների կազմի փոփոխությունը չպետք է էական ազդեցություն ունենա հարկերի վրա: Սակայն քանի որ մեզ մոտ հարկման տարբեր ռեժիմներ են, օնլայն առևտրի հարթակները փաստորեն «շուկա են գողանում» շրջանառության հարկի ռեժիմով գործող փոքր և միջին բիզնեսից: Չնայած այդ հանգամանքին, դա կարող է դրական ազդեցություն ունենալ հարկային մուտքերի վրա ընդհանուր»,- ասում է Կարապետյանը:

Ինչ վերաբերում է փոքր խանութների գոյությանը, ապա նա կարծում է, որ, առաջին հերթին, պետք է մտահոգվել արտադրական գործունեությամբ զբաղվող բիզնեսի համար։ Իսկ «հարվածը» ներմուծում իրականացնող բիզնեսին կարող է անգամ առողջարար ազդեցություն ունենալ տնտեսության համար:

«Առևտրի տրամաբանությունը փոխվում է՝ դառնում առցանց բոլոր երկրներում»

Աննա Մխեյանը վերջին երեք տարիներին մասնագիտացել է թվային մարքեթինգի ոլորտում: Աշխատում է հայտնի բրենդերից մեկի հայաստանյան ցանցում:

Wildberries-ի Հայաստանում ունեցած հաջողությունները տրամաբանական է համարում, որովհետև հատկապես Կովիդից հետո փոխվել է առևտրի ձևն ու բովանդակությունը.

«Հիմա շատ կարևոր է ժամանակի խնայողությունը, ներկայացվող տեսականու բազմազանությունը: Ռուսական այս ցանցի հաջողությունը նաև իր բազմազանության, արագ առաքման, ճկուն լինելու մեջ է: Մարդիկ ունեն ընտրության, սխալվելու և ապրանքը վերադարձնելու հնարավորություն: Մինչդեռ Հայաստանի այլ խանութներում միշտ չէ, որ գնորդը կկարողանա չհավանած կամ որակապես վատ ապրանքը վերադարձնել, թեև օրենքով ունի իրավունք»:

Մարքեթոլոգի խոսքով՝ սա նախադեպ է Հայաստանում, սակայն ընդունված աշխատանոճ է արտասահմանում: Եվ, ըստ նրա, որպեսզի տեղացի առևտրականները կարողանան դիմանալ մրցակցությանը պետք է խանութին զուգահեռ աշխատեն առցանց:

«Խանութի կամ բրենդի էջերն ունենալ սոցիալական ցանցերում, դրանք գրագետ վարել, գովազդի տարբեր հնարքներով նոր հաճախորդներ ներգրավել: Սրանք հիմնական կետերն են, բայց լավ կլինի նաև համագործակցել առցանց առևտրի արդեն կայացած հարթակների հետ, օրինակ հենց նույն Wildberries-ի, եթե ապրանքը ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է Հայաստանում»,- ասում է թվային մարքեթինգի մասնագետը:

Գործելաոճի փոփոխությանն, ըստ նրա, այլընտրանք չունի, որովհետև մոտ ապագայում, շատ ապրանքատեսակներ և խանութներ կանցնեն առցանց վաճառքի և կսկսեն միջոցներ խնայել:

«Անցանց գնումները նաև ժամանակի խնայողության միջոց են, անհրաժեշտություն և շռայլություն, որի կարիքն ունի ժամանակակից մարդը»,- եզրափակում է նա: