Կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ նորությունները մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Այդ երևույթը բնութագրելու համար հաճախ կիրառվում է ինֆոդեմիա (information+epidemic, թարգմանաբար՝ տեղեկատվություն+համաճարակ) տերմինը։ Բացի ամբողջ աշխարհում տարածվող կեղծ լուրերից՝ վիրուսի վերաբերյալ ստեղծվել(ում) են նաև տեղական պատումներ։ Մենք փորձել ենք համեմատել, թե Հայաստանում և հարևան Վրաստանում ինչպես են գործում ապատեղեկատվություն տարածող կայքերը, ինչպես նաև առանձին ուսումնասիրել, թե ուր են տանում նման նորություններ տարածող կայքերի արմատները։
Հիմնականում կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ նորություններ էին տարածում քլիքբեյթ կայքերը, քիչ չէին նաև տարիների փորձ և կայուն լսարան ունեցող լրատվական կայքերը։ Վրացական լրատվական հոսքերում կեղծ լուրեր տարածելու հարցում առավել ակտիվ էին կլոնավորված կայքերը։ Կլոնավորված կեղծ կայքերն օգտագործում են հայտնի պարբերականների անվանումը, նմանակում տարբերանշանը՝ փորձելով այդպես ընթերցողի վստահությունը շահել։ Օրինակ՝ ընթերցողը գուցե չիմանա, որ ամերիկյան CNN հեռուստաընկերության պաշտոնական կայքը cnn.com-ն է, փոխարենը, կարդալով presscnnnews.ru կայքում հրապարակված նորությունը, համոզված կլինի լուրի հավաստիության վրա, կարծելով, որ միջազգային հայտնի պարբերականը կեղծ լուր չի հրապարակի։ Այնինչ, իրականում գործ ունենք կլոնավորված կայքի հետ։
Անդրադառնալով քլիքբեյթ կայքերին նշենք, որ կեղծ լուրեր գեներացնող այս կայքերը չունեն սեփական մեդիաարտադրանք, դրանք հիմնականում տարածում են այլ կայքերից վերցված նյութեր։ Քլիքբեյթ կայքերը գումար են աշխատում գովազդի, հիմնականում Google Adsense-ի միջոցով, այդ պատճառով՝ ձգտում են որքան հնարավոր է շատ այցելություններ ապահովել (քլիքեր ստանալ), իսկ այցելությունների թիվը մեծացնում են սոցցանցերի միջոցով։ Սովորաբար քլիքբեյթ կայքերն օգտագործում են հուզական կամ սենսացիոն խայծ-վերնագրեր։
Կորոնավիրուսն արտակարգ թեմա է նման կայքերի համար, վիրուսն ամբողջովին ուսումնասիրված չէ, հետևաբար, կարելի է ցանկացած տեղեկություն շրջանառել և դրա հաշվին այցելություններ ապահովել։
Երկու երկրների դեպքում էլ ապատեղեկատվություն տարածող գրեթե բոլոր քլիքբեյթ կայքերը գրանցված են եղել վերջին երեք տարիներին` 2018-2020 թվականներին։ Կայքերի մեծ մասը չունեին «մեր մասին» կամ «հետադարձ կապ» բաժիններ, որտեղ նշված կլինեին կոնտակտային տվյալներ, ներկայացված կլիներ գործունեության նպատակը։
NewsTime.am կայքի «հետադարձ կապ» բաժինը
Այն, որ այս կայքերի գերնպատակը այցելություններ ապահովելն է, երևում է նաև կայքի մի քանի ամիսների ընթացքում գրանցած արդյունքից։ Օրինակ՝ tarm-lur.ru կայքը գրանցվել է 2019 թվականի սեպտեմբեր ամսին։ Ըստ SimilarWeb կայքի, սեփական մեդիաարտադրանք չունեցող կայքի այցելություններն ամեն ամիս աճել են, եթե հոկտեմբեր ամսին կայքն ունեցել է 9 հազար այցելություն, ապա մարտ ամսին այցելությունների թիվը հասել է 150 հազարի։ Ընդ որում, կայքի ուղիղ այցելությունները շատ չնչին տոկոս են կազմել՝ 3․35%, կայքն այցելությունների 96․65%-ն ապահովել է սոցցանցերի, մեծամասամբ Ֆեյսբուքի միջոցով։
Հայաստանում և Վրաստանում կեղծ լուրեր տարածող կայքերը
Նույն կերպ ամիսներ առաջ՝ 2019 թվականի նոյեմբեր ամսին գրանցված wnews.ge վրացական կայքի այցելություններն ամեն ամիս աճել են։ Դարձյալ կայքի ուղիղ այցելությունները չնչին տոկոս են կազմել՝ ընդամենը 1.93%, սոցցանցերից այցելությունները կազմել են 97․66%։
Նման կայքեր ստեղծելը մինիմալ ներդրումներ է պահանջում, այնուամենայնիվ, այդ կայքերի տարածած կեղծ լուրերը մեծ ազդեցություն են ունենում մարդկանց վրա։ Մեր դիտարկած կեղծ նորություններ տարածած կայքերի IP հասցեները հայկական չէին, դրանք բոլորը գրանցված էին Ամերիկայում, Ռուսաստանում, Գերմանիայում գտնվող սերվերների վրա։ Օրինակ՝ armbestnews247.site կայքի IP հասցեն գրանցված է Սանկտ Պետերբուրգում։ Կայքերն այլ երկրների սերվերների վրա գրանցելու պատճառները տարբեր կարող են լինել։ Հաճախ հեղինակավոր կայքերը նույնպես իրենց IP հասցեները գրանցում են այլ երկրներում գտնվող սերվերների վրա, քանի որ այլ երկրներում գտնվող հոսթինգ ընկերությունները որակյալ ծառայություններ են մատուցում, բացի այդ՝ դրանք կիբերհարձակումների տեսանկյունից ավելի անվտանգ են։ Կայքերն այլ երկրների սերվերների վրա գրանցելու պատճառներից կարող է լինել նաև այն, որ այլ երկրներում գործող հոսթինգ ընկերությունները գնային առումով ավելի մատչելի ծառայություններ են մատուցում։ Կայքերը գրանցվում են այլ երկրների սերվերների վրա, բայց կառավարվում են Հայաստանից։ Թվարկելով պատճառները, նշենք, որ .com հասցեով կայքերի տեսանելիությունն ավելի մեծ է լինում, ինչը, օրինակ, կարող է գովազդի միջոցով աշխատող կայքի համար IP հասցեն այլ երկրի սերվերի վրա գրանցելու պատճառ լինել։
Լիլիթ Խլղաթյանը մասնագիտությամբ հոգեբան է, հետագայում սկսել է SEO-ով (search engine optimization, SEO-ն ապահովում է կայքերի տեսանելիությունը համացանցում) հետաքրքրվել և տարբեր բլոգների համար նյութեր գրել։ Որոշ ժամանակ նյութեր է գրել Հայաստանից կառավարվող անգլալեզու կայքի համար։ Կայքի տերը անգլալեզու կայքից բացի, ունեցել է նաև գովազդի հաշվին աշխատող մեծ թվով հայկական կայքեր։ Լիլիթի խոսքով՝ անգլերեն բովանդակության դեպքում Google Adsense-ով հնարավոր է ավելի շատ գումար աշխատել, քան հայերենի դեպքում։ Լիլիթը բովանդակություն է ստեղծել միայն անգլալեզու կայքի համար: Նրանից պահանջվել է պարզապես հետևել նորաձևության վերաբերյալ նորություններին և անգլերեն լեզվով նյութեր պատրաստել, հետագայում կայքի տերը նրան առաջարկել է հայերեն բովանդակությամբ էլ զբաղվել, սակայն տեսնելով, թե ինչ մեթոդներով են աշխատում՝ Լիլիթը հրաժարվել է։
Լիլիթը նշում է, որ հայկական բովանդակության վրա աշխատող մարդիկ անընդհատ փոխվում էին՝ ցածր աշխատավարձի պատճառով։
«Հստակ չեմ կարող ասել, թե կայքի տերերը որքան գումար էին աշխատում, քանի որ երբևէ չենք խոսել այդ թեմայով, բայց այդ ոլորտում աշխատել եմ և կայքերի քանակին նայելով, կարծում եմ, ամսեկան նվազագույնը 1000 դոլար կաշխատեն»,- ասաց Լիլիթը։
Լիլիթի խոսքով՝ ապատեղեկատվություն տարածող կայքերը գրանցվում են այլ երկրների սերվերների վրա՝ իրենց ապահովագրելու համար, քանի որ այդպես դժվար է լինում գտնել իրական տերերին։
Կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ նորություններ են տարածել/ում նաև բժիշկները։ Վրաստանում գործող Մեդիայի զարգացման հիմնադրամի (Media development foundation) հետազոտող Սոպո Գելավան նշում է, որ հաճախ բժիշկները կեղծ լուրեր են տարածում վիրուսի կանխարգելման մեթոդների կամ հակավիրուսը գտնելու վերաբերյալ։
«Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, նման նորություններ տարածելով, փորձում են վիրուսի հաշվին օգուտ ստանալ։ Նրանք գովազդում են իրենց արտադրանքը՝ որպես COVID-19-ը կանխարգելող միջոց։ Այնինչ, գիտենք, որ հակավիրուսը դեռևս գտնված չէ և շատ երկրներ աշխատում են հակավիրուսը ստեղծելու վրա», – ասաց Սոպո Գելավան։
Վրացական և հայկական լրատվական հոսքերում տարածվել են նաև նույնաբովանդակ կեղծ պատումներ։ Օրինակ՝ կորոնավիրուսով արտերկրից ներկրված բանանների միջոցով վարակվելու, ԱՄՆ-ում ձերբակալված՝ Չինաստանի համար COVID-19-ը ստեղծող գիտնականի, կորոնավիրուսի՝ նոր կենսաբանական զենք լինելու վերաբերյալ կեղծ նորությունները տարածվել են երկու երկրներում էլ, պարզապես տարածման միջոցներն են տարբեր եղել։ Օրինակ՝ եթե Հայաստանում՝ կորոնավիրուսով ներկրված բանանների միջոցով վարակվելու վերաբերյալ լուրը տարածվել է լրատվական կայքերի միջոցով, ապա Վրաստանում նորությունը տարածվել է WhatsApp, Messenger և այլ սոցցանցերում՝ հաղորդագրությունների միջոցով։ Ավելին, նույնաբովանդակ նորություններ են տարածվել Վրաստանում նաև անցյալ տարի, երբ խոզի գրիպի տարածումն էր կապվում վարակված բանանների հետ։
Համաճարակի պայմաններում դժվարացել է նաև փաստեր ստուգող մասնագետների աշխատանքը: Օպերատիվ արձագանքելու խնդրից բացի, կա նաև ապացուցողականության հարցը։
«Լուրեր կան, որ պարզապես հնարավոր չէ ստուգել, այդ պատճառով՝ հաճախ հիմնվում ենք մասնագետների՝ գիտնականների, բժիշկների կարծիքի վրա»,- նշում է Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի (Georgia’s Reforms Associates) վերլուծաբան Նիկա Մամուլադզեն։
Նշենք, որ այս ընթացքում և՛ հայկական, և՛ վրացական լրատվական հոսքերում արտասահմանյան մամուլից արտատպած կեղծ նորությունները մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներից են եղել։ Կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր է տարածել նաև թուրքական kafkassam.com կայքը։ Կայքը հրապարակվում է հինգ լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն, ունի առանձին Հայաստան, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան բաժիններ։ kafkassam.com-ը գործում է 2014 թվականից, գրանցված է Հասան Օքտայ օգտատիրոջ անունով։ Կայքի հիմնադիր՝ պատմական գիտությունների դոկտոր, «Ազգային շարժում» կուսակցության անդամ, ազգայնամոլ Հասան Օքտայը 2004 թվականին եղել է նաև Հայաստանում։
Դեկտեմբերի 31-ից` կորոնավիրուսի բռնկման պահից մինչ օրս հայկական և վրացական լրատվական հոսքերում կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ նորություններ տարածող կայքերի ցանկին, ինչպես նաև տարածված կեղծ նորություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Բացի երկու երկրներում վիրուսի վերաբերյալ տարածված կեղծ նորությունների քրոնիկոնից, ներառել ենք նաև կեղծ նորություններ տարածած կայքերի գրանցման տարեթվի, IP հասցեի, ուղիղ այցելությունների և սոցցանցերից այցելությունների մասին տվյալներ։
Ծրագիրն իրականացվել է Մուլտիմեդիա կրթական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։ Նյութում տեղ գտած տեսակետները կարող են չհամապատասխանել ֆինանսավորող կազմակերպության կարծիքին: