Գիշերը Հայաստանի հանրապետության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը ծանր է:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Ըստ ԱԻՆ տվյալների՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը՝ մոտ 104 քմ։

ՊՆ զորամասում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ:

ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: