Վրաստանը հնարավորություն չունի ընդմիջարար կերպով չներքաշվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, մի կողմից այն հարևան է Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք պատերազմում են միմյանց դեմ, մյուս կողմից՝ Վրաստանի ներսում ապրում են երկու խոշորագույն ազգային փոքրամասնություն՝ հայերն ու ադրբեջանցիները: Ինչպե՞ս է Վրաստանը պայքարում հակամարտությունն իր տարածք տեղափոխելու դեմ, ի՞նչ մարտավարություն է ձեռնարկում, որպեսզի անմիջապես Վրաստանի ներսում ազգամիջյան լարվածություն չառաջանա, ի՞նչպես է օրենսդրությամբ հետ պահում իր քաղաքացիներին «օտար» հակամարտություններին մասնակցելուց և որքանո՞վ է այդ ամենն արդյունավետ:
Ադրբեջանի և Հայաստանի միջև յուրաքանչյուր սրացում, էսկալացիա կամ պատերազմ արձագանք է ստանում Վրաստանում, որն այս ժամանակահատվածում վերածվում է շիկացած մետաղի՝ մուրճի և զնդանի արանքում: Երկիրը, որն ունի իր սեփական չլուծված տարածքային հակամարտությունները, ստիպված է քրտնաջան աշխատել՝ ազգությամբ հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիների միջև խաղաղությունը պահպանելու համար։
Մարտավարությունը «ժամանակի ընթացքում կմոռացվի».
Չնայած Վրաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ թույլ չտալու երկրում ազգային փոքրամասնությունների հարցերով լարվածություն, այնուամենայնիվ, Վրաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որոշ թեմաներ ներթափանցում են ընդհանուր քննարկման մեջ և առաջացնում լարվածություն։ Ինչպես օրինակ՝ 2019 թվականին էր, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից մեկում նորից տեղադրվեց Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված համագյուղացի Միքայել Ավագյանի կիսանդրին։
Վրացական կառավարության վրա ուժեղ ճնշումը, որը գործադրվում էր Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորների և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից՝ հրահրելով ազգամիջյան ատելություն, սոցցանցերում ջավախահայերի նկատմամբ ատելության խոսք ու Ավագյանի հուշարձանը հեռացնելու պահանջով տեղացի ադրբեջանցիների բողոքները շուտով մարեցին։ Ընդ որում, այս թեման փակվեց այն հանգամանքից ելնելով, որ իշխանությունը հանրության համար «տեսանելի» քայլեր չձեռնարկեց։ Որևիցե հայտարարություններ չանելով և նման ալիքներին չարձագանքելով, բայց, ըստ երևույթին, հանրության համար ինչ-որ «անտեսանելի» միջոցներով գործելով՝ իշխանությունը հասավ նրան, որ այս թեման սպառեց իրեն։
Քաղաքագետ Շոթա Ուտիաշվիլիի խոսքով՝ Վրաստանի հայերի և ադրբեջանցիների միջև առճակատում չի եղել՝ չնայած հակամարտության ակտիվ փուլին։
«Իրականում, հակամարտության ակտիվ փուլն ավարտվել է, ուստի Վրաստանում հայերի և ադրբեջանցիների միջև բախում կամ առճակատում չի եղել։ Դա այդպես էր նույնիսկ առաջին հակամարտության ժամանակ և դրանից հետո ևս։ Այստեղ հայերն ու ադրբեջանցիները միշտ միասին են ապրել։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Վրաստանը հատուկ գործողություններ ձեռնարկելու կարիք ունի: Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները, ովքեր ապրում են այստեղ, պարզապես օրինապաշտ քաղաքացիներ են, ովքեր ենթարկվում են օրենքներին և կարծում են, որ այդ օրենքներն արդարացիորեն վերաբերում են թե մի ազգին, թե՝ մյուս: Եթե ադրբեջանցին է հանցագործություն կատարում, ուրեմն պատժվում է նա, եթե հայն է հանցագործություն կատարում, ապա պատժվում է հայը»,- ասում է Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատողը։
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակն աշխատում է Վրաստանի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ ադրբեջանցիների և հայերի հարցերի շուրջ, սակայն, ինչպես նշում են նախարարությունից, նրանց իրավասության մեջ չեն մտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում քաղաքացիների չներգրավման հետ կապված հարցերը։
«Բազում տարիների ընթացքում նպատակաուղղված քաղաքականությունն աստիճանաբար բերել է շոշափելի արդյունքների, այդ թվում՝ երկրում ապրող բոլոր ազգությունների տեր քաղաքացիների ակտիվացմանը հասարակական-քաղաքական կյանքում, պետության հետ ամուր դրական հուզական կապի ձևավորմանը, քաղաքացիական գործընթացներին մասնակցությանը, պետական լեզվի իմացության, հմտությունների և կարողությունների բարելավմանը: Վրաստանում հանդուրժողական միջավայրի շնորհիվ չկա ազգային հողի վրա առճակատում: Որոշ շահագրգիռ կողմերի՝ կենցաղային միջադեպերը ազգային պատկանելությանը վերագրելու փորձերը բացարձակապես անընդունելի և անթույլատրելի են», – ասում է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի խոսնակ Թինա Գոգելիանին:
«Զսպող» օրենքը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ փուլը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ջավախքի բնակիչների համար բացահայտեց մի շատ հետաքրքիր օրենք, որի մասին այն ժամանակ քիչ բան էր հայտնի, սակայն այս օրենքը, փակ սահմանների հետ մեկտեղ, մեծապես ազդեց Ջավախքի հայերի մասնակցությանը մարտական գործողություններին:
2006 թվականի ապրիլի 28-ին Վրաստանի Քրեական օրենսգրքում մտցվել է օրենքի 410-րդ հոդվածը, որը Վրաստանի քաղաքացիներին զերծ է պահում Վրաստանից դուրս պատերազմներին և հակամարտություններին մասնակցելուց, հակառակ դեպքում այդ քաղաքացուն սպառնում է ազատազրկում։
Հոդվածում մասնավորապես ասվում է.
Վարձկանների մասնակցությունը զինված հակամարտությանը կամ մարտական գործողություններին
1. Վարձկանի զինվորագրումը, զորավարժանքը, ֆինանսավորումը կամ նյութական այլ աջակցությունը, ինչպես նաև զինված հակամարտության կամ ռազմական գործողությունների ժամանակ նրան օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից յոթ տարի ժամկետով:
2. Նույն զանցանքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կամ անչափահասի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ իննից տասներեք տարի ժամկետով:
3. Վարձկանի մասնակցությունը զինված հակամարտությանը կամ ռազմական գործողություններին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով:”
Վրաստանի օրենսդրության համաձայն` վարձկան է համարվում այն անձը, ով տվյալ պետության քաղաքացի չէ, մասնակցում է զինված հակամարտության կամ ռազմական գործողությունների, ով գործում է նյութական վարձատրություն ստանալու նպատակով, ով մշտապես չի բնակվում այդ երկրի տարածքում, և ով ծառայողական պարտականություններ կատարելու համար ուղարկված անձ չի համարվում։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ Ջավախքում, ակտիվորեն տեղեկատվություն էր տարածվում, որ եթե Ջավախքի բնակիչները կռվեն Լեռնային Ղարաբաղում, ապա հայրենիք վերադառնալուց հետո նրանք կբանտարկվեն։ Ճիշտ է, կոնկրետ ոչ ոք չգիտեր, թե այդ «սպառնալիքը» կոնկրետ ո՞ր օրենքից էր բխում, և որ այն հատուկ Ղարաբաղյան պատերազմի առիթով չի հորինվել։
Այնուամենայնիվ, որքանո՞վ է ճիշտ Վրաստանի հայերին և ադրբեջանցիներին դասել վարձկանների շարքին, ովքեր ցանկանում են կռվել Հայաստանի և Ադրբեջանի համար՝ ելնելով իրենց ազգային պատկանելությունից։ Ի վերջո, վարձկան տերմինը նշանակում է անձ, որը զինված հակամարտության մեջ է մտնում ոչ թե գաղափարական, ազգային, քաղաքական նկատառումներով և ոչ էլ ռազմական պարտավորություններին համապատասխան, այլ անձնական շահի համար։
Փաստաբան և մարդու իրավունքների փորձագետ Դիմիտրի Նոզաձեն պարզաբանում է, որ վրացական օրենսդրության տեսանկյունից այս դեպքում շեշտը դրվում է ոչ թե էթնիկ ծագման, այլ քաղաքացիության վրա։
«Ես հասկանում եմ, որ ազգությամբ թե հայերը, թե ադրբեջանցիներն ունեն իրենց շահերը, բայց նրանք Վրաստանի քաղաքացիներ են։ Ստացվում է, որ Վրաստանի քաղաքացիները մասնակցում են այլ պետությունների միջև պատերազմին։ Մեր քաղաքացիները իրավունք չունեն մասնակցելու, անկախ նրանից, թե ի՞նչ էթնիկ խմբի են պատկանում։ Եթե նայեք օրենքի սահմանմանը, ապա վարձկանը զինված հակամարտության կամ ռազմական գործողությունների մասնակից է՝ նյութական օգուտ ստանալու նպատակով… սահմանման մեջ գլխավորը մասնակցությունն է։ Պարտադիր չէ, որ վարձկան լինելու համար նյութական շահ լինի։ Ադրբեջանցիների և հայերի դեպքում ես չեմ կարծում, որ մասնակցության հարցը նյութական շահի հետ է կապված, պատճառը համոզմունքների մեջ է, բայց դա չի փոխում էությունը»,- ասում է իրավաբան և իրավապաշտպան Դիմիտրի Նոզաձեն։
Ի թիվս այլ բաների, իրավաբանները բացատրում են վարձկանների մասնակցության հետ կապված դժվարությունները, որոնք ավելի հաճախ են սկսել ընկալվել որպես անձինք, ովքեր ունեն պաշտպանության ավելի քիչ իրավունքներ պատերազմի օրենքներով, քան զինվորականները կամ պատերազմող երկրների քաղաքացիները:
Ժնևի կոնվենցիաները հայտարարում են, որ վարձկանները չեն ճանաչվում որպես օրինական մարտիկներ (խմբ.՝ անձ, ով անմիջականորեն ներգրավված է ռազմական գործողություններում՝ որպես միջազգային զինված հակամարտության կողմերից մեկի զինված ուժերի մաս և այդ առումով ունի հատուկ իրավական կարգավիճակ), և նրանց հարկավոր չէ ապահովել նույնպիսի իրավական պաշտպանություն, ինչպիսին կանոնավոր բանակի գերի ընկած զինծառայողներին է հարկավոր։
«Օրենքը վերաբերում է յուրաքանչյուր ռազմագերու, յուրաքանչյուր պետություն պետք է ազատի իր ռազմագերուն և ուսումնասիրի նրա գործը: Ի՞նչ նպատակով է նա այնտեղ եղել, ի՞նչ է նա արել այնտեղ»,- ասում է Դիմիտրի Նոզաձեն։
Քաղաքական վերլուծաբան Շոթա Ուտիաշվիլին ասում է, որ Վրաստանի ՔՕ 410-րդ հոդվածը մտցվել է ոչ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների և հայերի, ոչ էլ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։
«Այս հոդվածը ավելացվել է այն բանից հետո, երբ սկսել էին Պանկիսիից և Աջարիայից մեկնել Սիրիա և Իրաք՝ կռվելու «Իսլամական պետության» շարքերում: Եվ, եթե նայեք վիճակագրությանը, ապա շատ քչերն են դատապարտվել այս հոդվածով, և բոլորը, ովքեր դատապարտվել են, նրանք են, ովքեր կռվել են ԴԱԻՇ-ի համար»,- ասում է նա։
Նրա կարծիքով, Վրաստանն այս հոդվածով, անուամենայնիվ, չի դատապարտի իր քաղաքացիներին, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղում։
«Չեմ կարծում, որ Վրաստանը կհետապնդի իր քաղաքացիներին, ովքեր կռվել են, օրինակ. Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կամ հայկական բանակի կազմում, կամ, ասենք, իր քաղաքացիների դեմ, ովքեր կռվել են ուկրաինական բանակում ռուս-ուկրաինական պատերազմում: Եթե Վրաստանի քաղաքացին զբաղվի քրեականությամբ, ներգրավվի մարդկության դեմ հանցագործության մեջ, կատարի ռազմական հանցագործություններ, այս կամ այն ռազմական շրջաններում, իհարկե, այո, նրանք կհետապնդվեն»,- ասում է Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Շոթա Ուտիաշվիլին։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ Ջավախքից 90 մարդ է զոհվել, բայց նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ էին։ Ջավախքի բնակիչներից շատերն ունեն երկքաղաքացիություն և, հիմնականում, դա ՀՀ քաղաքացիությունն է։
2020 թվականին, այս օրենքից ավելի ուժեղ, ԼՂ պատերազմին ջավախահայության մասնակցության վրա ազդեցությունը եղել է այն, որ Վրաստանի սահմանները ամբողջությամբ փակվել էին COVID-19-ի հետ կապված կանոնակարգերով։ Ինչը նշանակում է, որ Վրաստանը ապահովագրված չէ Լեռնային Ղարաբաղի նոր պատերազմին ներգրավվելուց՝ ազգությամբ հայ կամ ադրբեջանցի իր քաղաքացիների մասնակցությամբ։
Ղարաբաղյան հակամարտությունը Վրաստան «բերելու» սպառնալիքը
Ճիշտ է, Վրաստանը պայքարում է իր քաղաքացիների՝ ազգությամբ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածություն չստեղծելու համար, բայց չի կարող ապահովել, որ հակամարտությունն ամբողջությամբ չմտնի իր տարածք։
Այս ամառ Բաթումիում ծեծկռտուք էր տեղի ունեցել մի խումբ ադրբեջանցիների, Ադրբեջանի քաղաքացիների և ախալքալաքցի երիտասարդ տղաների միջև՝ «ո՞ւմն է Ղարաբաղը» հարցի շուրջ։ Ծեծկռտուքը դադարեցրել էր Բաթումիի ոստիկանությունը։ Արդյունքում, Ախալքալաքի Գոման գյուղի 17-ամյա դպրոցական Մարտուն Ուստյանը դանակի հարված էր ստացել որովայնի շրջանում, ինչպես նաև մի ոստիկան։
Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել էր, սակայն նրա անունը կամ ազգանունը ոչ մի տեղ չի հաջողվեց գտնել։ Հուլիսի սկզբին, երբ տեղի ունեցավ այս միջադեպը, իշխանություններին մոտ կանգնած մարդիկ փորձեցին համոզել Jnews-ի (որը այս դեպքը լուսաբանող հազվագյուտ լրատվամիջոցներից էր) լրագրողներին, որ դեռահասին դանակահարել է ոչ թե Ադրբեջանի քաղաքացին, այլ «գնչուն», սակայն Jnews-ը պաշտոնական աղբյուրներից պարզել էր մեղադրյալի քաղաքացիությունը։
Գործը հարուցված է և ՆԳՆ-ի կողմից փոխանցվել է Բաթումի քաղաքային դատարան։
Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է Վրաստանի ՔՕ 117-րդ հոդվածով՝ «Դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելը, այն է` կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնել, որը հանգեցրել է տեսողության, լսողության, խոսքի կամ որևէ օրգանի կորստի կամ դրա ֆունկցիայի խախտման…»
Մշտապես մարող հակամարտությունները, որոնք «հարմար առիթի դեպքում» անցնում են ակտիվ փուլի, շատերին պահում են իրենց ազդեցության և լարվածության տակ նույնիսկ կոնֆլիկտային տարածքից դուրս։
Անդրկովկասում էթնոքաղաքական հակամարտությունը ադրբեջանցիների և հայերի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսվել է 1991-1994 թթ.: Երկրորդ պատերազմը Լեռնային Ղարաբաղում, որը տևեց 44 օր, սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Թե քանի մարդ է զոհվել այս պատերազմում, կոնկրետ հայտնի չէ։
Քրիստինե Մարաբյան