Ախալքալաքի շրջանի Կաջո գյուղում երիտասարդները ցանկանում են երիտասարդական կենտրոն բացել, որպեսզի գյուղի երիտասարդները ոչ ֆորմալ կրթության, ինչու ոչ նաև հետաքրքիր ժամանցի վայր ունենան: Երիտասարդները վստահ են, եթե երիտասարդական կենտրոն ունենան, ապա այն հնարավորություն կտա բարձրաձայնել իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները փնտրել, զարգացնել գյուղը:

Նինա Պպիկյանը Կաջոյի ակտիվ երիտասարդներից է: 12-րդ դասարանի աշակերտուհի է: Մասնակցում է, և որպես կամավոր ներգրավված է տարբեր ծրագրերում:

Նինան վստահեցնում է. «Մեր գյուղում երիտասարդության մեծ մասը երազում է երիտասարդական կենտրոն ունենալու մասին: Երիտասարդները շատ ակտիվ են, մասնակցում ու կազմակերպում են վեբինարներ, սեմինարներ։ Հաճախ հետաքրքիր թեմաներով քննարկումներ, տեղեկատվական հանդիպումներ ենք անում: Ուզում ենք փոքրիկ մի կենտրոն ունենանք, 15-20 հոգու համար, որտեղ կլինի նաև գրադարան և այլն»:

Կաջոյում երիտասարդների գլխավոր խնդիրներից է նաև տրանսպորտը: Գյուղից քաղաք հասնող տրանսպորտ չկա: Ռայա Բալասանյանն ասում է. «Գյուղից Ախալքալաք տրանսպորտ չկա, դրա պատճառով ոչ բոլորը հնարավորություն ունեն գնալ Ախալքալաք և մասնակցել դասընթացների: Կենտրոնի առկայության դեպքում կհեշտանա՝ և երիտասարդների, և ծնողների գործը, նրանք կկարողանան իրենց նախասիրությունների համապատասխան դասընթացների մասնակցել»:

Երիտասարդները փորձում են գտնել նախագծեր, որոնց միջոցով կարող են լուծել այս խնդիրը և ունենալ երիտասարդական կենտրոն։

«Օրինակ` ես լինելով ակտիվ երիտասարդ շատ դժվարությունների եմ հանդիպում, եթե կենտրոնը լինի, ապա մեր գյուղի ոչ մի երեխայի տաղանդ չի կորի և բոլորը կենտրոն կայցելեն, նոր և տարբեր հմտություններ կսովորեն», – ավելացնում է Ռայան:

Կաջոյում երտիասարդները վստահ են, որ Երիտասարդական կենտրոնի գոյությունը կհեշտացնի իրենց գործը և ավելի մեծ ոգևորությամբ կաշխատեն հանուն գյուղի զարգացմանը։

Ամալյա Պապիկյան