Մարդկային կյանքի և բարեկեցության մասին հոգալը թե՛ կենտրոնական իշխանությունների, թե՛ տեղական իշխանությունների պարտավորությունների հիմքում է ընկած, երկուսի համար էլ կորոնավիրուսը քննություն կազմակերպեց։ Համավարակի մեկնարկից գրեթե երկու տարի անց, հատկապես ՏԻՄ ընտրությունների ֆոնին, բազմաթիվ հարցեր ծագեցին՝ ինչպես են տեղում հաղթահարել նոր մարտահրավերները, որքանով անկախ են գործել, ինչպես են արձագանքել դժվարություններին և ինչպես կազդի ներկայիս փորձը ինքնակառավարման ապագայի վրա։ Jnews-ը փորձեց հետևել, թե որքանով արդյունավետ են աշխատել Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները։
2020 թվականի մարտի կեսերին վարչապետի հրամանով բոլոր պետական հիմնարկներն անցան հեռավար աշխատանքային ռեժիմի։
Համավարակի սկզբնական օրերին տեղական իշխանությունների բոլոր ջանքերն ուղղված էին ախտահանմանը, թեև մունիցիպալիտետում այդ ժամանակ կորոնավիրուսով վարակման դեպք չէր գրանցվել։ Ախտահանվում էին մունիցիպալիտետի բոլոր հիմնարկները, դպրոցները, փողոցները։ Քաղաքապետարանը Ախալքալաքի սպասարկման կենտրոնին տրամադրել էր մեկ տոննա հակասեպտիկ լուծույթ, որով 2-3 ամսվա ընթացքում մի քանի անգամ ախտահանում էր կատարվում։ Ախտահանիչ լուծույթը տեղական միջոցներով չէր գնվել, քաղաքապետարանն այն նվեր էր ստացել։ Դպրոցներն ախտահանումն իրականացնում էին դպրոցի բյուջեից։ Բայց երբ արդեն կորոնավիրուսը սկսեց տարածվել մունիցիպալիտետում, ախտահանում այլևս չէր իրականացվում ո՛չ հիմնարկներում, ո՛չ էլ փողոցներում։ Ախալքալաքի քաղաքապետարանում դա բացատրում են նրանով, որ մինչ այդ վիրուսի մասին շատ բան հայտնի չէր, և նրանք կարծում էին, որ հակաբակտերիալ միջոցներով մշակումը կօգնի կանխել տարածումը, բայց հետո պարզվեց, որ դա արդյունավետ չէ։
ԱՀԿ-ի հանձնարարականների համաձայն, բաց տարածքների, ինչպիսիք են փողոցները կամ շուկաները, լայնածավալ ոռոգումը կամ ֆումիգացիոն մշակումը խորհուրդ չի տրվում COVID-19-ի դեմ պայքարում: Փողոցներն ու մայթերը ներկայումս վիրուսի փոխանցման գործոն չեն համարվում։
2020 թվականի մարտի վերջին Վրաստանում մտցվեց արտակարգ դրություն, այսպես կոչված պարետային ժամ։ Ախալքալաքն ապրում էր սահմանափակումների պայմաններում, հիմնարկները, դպրոցները, շուկաները չէին աշխատում, առևտուրը միայն մթերային խանութներում էր ընթանում։ Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես անցել էին հեռավար աշխատառեժիմի:
«Մենք ջանում էինք այնպես անել, որ ոչ մի աշխատասենյակ փակ չլիներ, աշխատեր աշխատողների 30 տոկոսը, ոչ ավելին, երբ անհրաժեշտ էր լինում հեռախոսով էին կապ հաստատում։ Իհարկե, նման ռեժիմն իր ազդեցությունն ունեցավ աշխատանքի որակի վրա, բայց մենք աշխատում էինք, որ գործը չտուժի»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, ով իր լիազորությունները վայր դրեց 2021 թվականի հոկտեմբերի 29-ին։
Հարցին, թե որքան արդյունավետ են գործել տեղական իշխանությունները, նախկին քաղաքապետը պատասխանում է, որ համավարակի ժամանակ իրենք նույնպես օգնության կարիք ունեին։
«Մենք տուժած կողմերից մեկն էինք, պետությունը բոլորին օգնում էր կենտրոնացված կարգով, և մեզ խնդրեցին օգնել տեղում», – ասաց Ունանյանը JNEWS-ին տված հարցազրույցում։
Համավարակի ողջ ընթացքում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսով հիվանդացել է քաղաքապետարանի 15 աշխատակից:
Սակայն, սկզբում օգնությունը կայանում էր տեղեկատվության մեջ։ Քաղաքապետարանը և Սակրեբուլոն փորձում էին տեղի ԶԼՄ-ների միջոցով դիմել բնակչությանը, կոչ անելով հետևել կորոնավիրուսի տարածումը կանխելու կառավարության առաջարկներին։ Այն բանից հետո, երբ 2020 թվականի մարտին Քվեմո Քարթլիում բացահայտվեց վարակի դեպք, ինչը պատճառ հանդիսացավ մարդկանց շրջանում կորոնավիրուսի տարածմանը, ովքեր շփվել էին այդ հիվանդի հետ, արդեն կառավարության մակարդակով նրանք սկսեցին խոսել ազգային փոքրամասնություններին իրազեկելու անհրաժեշտության մասին։ Այս հարցում և՛ կառավարության վարչակազմը, և՛ նահանգն ավելի ակտիվացան, տեղեկատվությունը տեղական ԶԼՄ-ների միջոցով հայերեն տարածելով։ Բայց հիմնականում դա տեղեկություն էր այն մասին, թե ինչպես պետք է լվանալ ձեռքերը և ինչպես վարվել, որպեսզի չվարակվել կամ չվարակել։ Այս տեղեկությունը գրեթե նույնական էր հայկական և այլ հեռուստաալիքների տեղեկատվությանը։
Բայց երբ գործը հասավ սահմանափակումներին և փոխհատուցում ստանալուն, երբ բնակչությանը պետք է մանրամասն բացատրվեր, թե ինչ կարելի էր անել, իսկ ինչը՝ ոչ, կամ ինչպես գրանցվել փոխհատուցում ստանալու համար, ապա տեղի բնակչության իրազեկումը ոչ տեղական, և ոչ էլ կենտորնական իշխանությունների առաջնահերթությունը չհանդիսացավ։
Ախալքալաքի բնակչությունը պետական լեզվի չիմացության պատճառով հայտնվեց ծանր իրավիճակում։ Աշխատանքի կորստի պատճառով փոխհատուցում ստանալու համար քաղաքացիները պետք է լրացնեին Առողջապահության նախարարության կայքում վրացերենով բեռնված էլեկտրոնային ձևաթուղթը։ Գրանցվել ցանկացողների մեծ մասը չէր տիրապետում վրացերենին, նաև կայքն էլ աշխատում էր ընդհատումներով։ Ով ինչպես կարող էր, այդպես էլ գրանցվում էր, օգնություն խնդրելով ծանոթներից և պատահական մարդկանցից։ Ոմանք որոշեցին առիթից օգտվելով դրանից գումար աշխատել, և 5 լարիով գրանցում էին։
300 լարիի չափով միանվագ փոխհատուցում ստանալու իրավունք ունեին բոլոր նրանք, ովքեր կորցրել էին իրենց աշխատանքը կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով (1200 լարի եկամտահարկ վճարողների դեպքում)։ Ախալքալաքի հագուստի բաց շուկայի բոլոր առևտրականները համապատասխանում էին վերը նշված բոլոր պայմաններին, բայց նրանք չունեին որևէ հիմնավոր փաստաթուղթ, որ աշխատել են մինչև համավարակը։ Ախալքալաքի քաղաքապետարանը տեղեկանքներ էր տալիս, որ նրանք կորցրել են իրենց եկամուտը։ Նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը կարծում է, որ այն, ինչ իրենք արել են հագուստի շուկայի աշխատողների համար, ոչ մի այլ տեղ չի արվել:
2020 թվականի փետրվարից սկսած, COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, Վրաստանը փակեց բոլոր սահմանները։ Վրաստան ելումուտն իրականացվում էր միայն հատուկ դեպքերում, Արտաքին գործերի նախարարության թույլտվությամբ, որը յուրաքանչյուր դեպք դիտարկում էր առանձին։ Ջավախքում շատերն ընտանիքը պահում են արտագնա աշխատանքի հաշվին: Փակ սահմանների պայմաններում այդ եկամուտը չկար, տեղացիներն անընդհատ դժգոհում էին։ 2021 թվականի մարտի սկզբից Ջավախքի բոլոր բնակիչները, ովքեր ցանկանում էին արտագնա աշխատանքի մեկնել, բացառության կարգով, մեկնելու թույլտվություն էին ստանում։ Սկզբում «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի բջիջը պարտավորվեց ցուցակներ կազմել և ուղարկել կենտրոն (ԱԳՆ հյուպատոսական վարչություն)։ Այնուհետեւ գրանցումը շարունակվեց քաղաքապետարանում։ Մարտին մի քանի օր շարունակ քաղաքապետարանը սկսեց գրանցողներից պահանջել հայկական անձնագիր։ Սակայն բնակչության բողոքներից և Jnews-ի այն հարցից հետո, թե ինչու են անձնագիր պահանջում, գրանցողները դադարեցին դա անել։
«Խոպան մեկնողների գրանցումը մեր պարտականությունը չէր, բայց մենք 2-3 հոգու հատկացրեցինք դրա համար և հայտարարեցինք, որ ովքեր չեն կարող գրանցվել, թող գան կօգնենք: Մենք նրանց տեխնիկական օգնություն էինք ցուցաբերում, այդպիսի մարդ չի եղել, ով չի գրանցվել: Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, դա ամենուր էր, մեր կայքում, Դուք էիք տարածում, հարցազրույցներ էինք տալիս հեռուստատեսությամբ»,- ասաց Ախալքալաքի նախկին քաղաքապետը։
Ախալքալաքի պաշտոնական կայքում (www.akhalkalaki.ge ) վերջին տեղեկությունը հրապարակվել է սեպտեմբերի 30-ին։ Խոսքը Սակրեբուլոյի եւ Սամցխե-Ջավախքի համալսարանի հուշագրի մասին է։ Իսկ COVID-19-ի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այն վերաբերում էր տեղեկատվական գրքույկների բաժանմանը, որտեղ ասվում էր, որ «Մեսխի դեմոկրատներ» (PITA) հասարակական կազմակերպությունը (USAID) և (UNAG) աջակցությամբ քաղաքում հայերեն լեզվով տեղեկատվական գրքույկներ է բաժանել։
Սահմանափակումների և փոխհատուցումների ժամանակահատվածում Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքում այլ տեղեկություն չկար։ Պատվաստման մասին նույնպես տեղեկություն չկա։
2020 թվականի հունիսին քաղաքապետարանը հանդես էր եկել կարիքավորներին 50 կգ ալյուր բաժանելու նախաձեռնությամբ։ Ալյուրը գնվել էր 20 516 լարիի չափով։ Տնտեսապես անապահով և կարիքավոր 418 ընտանիք ստացան մեկական պարկ ալյուր։ Ցուցակը կազմվել էր գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների օգնությամբ։ Իսկ մինչև 2020 թվականի վերջում քաղաքապետարանի սոցիալական փաթեթը փոխեցին։ 82 900 լարի հատկացվեց 358 սոցիալական տարբեր ծրագրերի շահառուների, ովքեր կորոնավիրուսի պատճառով հայտնվել էին սոցիալական ծանր իրավիճակում, նրանց միանվագ օգնություն հատկացնելու համար։ Այս ծրագրի շրջանակներում առաջին անգամ սոցիալական փաթեթում ընդգրկվել էին նաև միակողմ ծնողազուրկ երեխաները (ովքեր կորցրել են միայն մեկ ծնողին)։ Քաղաքապետարանը կառավարությունից ստացված 16 000 դիմակ էր բաժանել ռիսկային խմբերին և նրանց, ովքեր, իրենց մասնագիտություն բերումով, շատ են շփվում տարբեր մարդկանց հետ։
Ախալքալաքի մունիցիպալիտետն իր բյուջեում, հատուկ համավարակի հետ կապված ծախսերի համար ոչինչ չէր նախատեսել, բացի հակասեպտիկ նյութեր և դիմակներ գնելուց, այն էլ, շատ քիչ քանակությամբ։ Քաղաքապետարանից ստացած մեր հարցերի պատասխանների համաձայն, այս տարի կորոնավիրուսի կանխարգելման և պաշտպանվելու միջոցառումների համար ծախսվել է 8300 լարի, որով գնվել են բժշկական հատուկ համազգեստ, այլ պարագաներ և դիմակներ։
«Մենք հակասեպտիկներ և դիմակներ ենք գնել, այս տարի ևս արդեն տենդերը հայտարարված է, սպասում ենք, բայց դրանք այնպիսի քանակով չեն, որ ամբողջ շրջանին տրամադրենք, մենք դրանք բաժանել ենք մեր մասնագետներին»,- ասաց Յուրիկ Ունանյանը։
Բացի այդ, 2020 թվականի ապրիլին, Ախալքալաքի տեղական իշխանությունների նախաձեռնությամբ, կարիքավորներին օգնելու համար, շրջանի խանութներն առաջին անհրաժեշտության ապրանքներով փաթեթներ պատրաստեցին։ Քաղաքապետարանի և «Վրացական երազանք» կուսակցության տեղական շտաբի աշխատակիցները, Սոցիալական ծառայության գործակալության ցուցակների համաձայն, 100 ընտանիքի գյուղերում և քաղաքում բաժանեցին փաթեթներ։
Կենտրոնական իշխանությունը, հակաճգնաժամային ծրագրի մշակման գործընթացում, չի համագործակցել տեղական իշխանության հետ։ 2020 թվականի ապրիլի 1-ին Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որ Վրաստանում բոլոր այն ընտանիքները, ովքեր ամսական սպառում են 200 կիլովատից պակաս էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 խոր/մ-ից պակաս բնական գազ, ամբողջությամբ կմարի նրանց կոմունալ ծախսերը։ Պետությունը երկու տարում ընդամենը յոթ ամիս է հոգացել բնակչության կոմունալ ծախսերը։ Փոխհատուցման առաջին ամսից հետո պարզ դարձավ, որ Ջավախքում շատերը չեն կարող օգտվել այս արտոնությունից, քանի որ լեռնային սուղ եղանակային պայմաններում կոմունալ ծախսերը շատ ավելի մեծ են, քան ծրագրով նախատեսված առավելագույն շեմը։ Տեղի բնակչությունը այդ ժամանակ խոսում էր խտրական մոտեցման մասին։
Տեղական իշխանությունները փորձեցին ազդել կառավարության որոշման վրա այն բանից հետո, երբ ծրագիրն արդեն ընթացքի մեջ էր։
«Մենք առաջարկեցինք, որ պետությունը բոլոր բաժանորդներին փոխհատուցի 200 խոր/մ-ի համար, իսկ մնացածը մարեն իրենք՝ բաժանորդները, չգիտեմ, թե ինչ սկզբունքով է ընդունվել 200 խոր/մ-ի շեմը, ինչպես են նրանք հաշվել, բայց դրա պատճառով, իսկապես, մեր ժողովուրդը տուժեց, կոնկրետ ես ինքս դիմել եմ նահանգապետարան»,- ասաց Յուրիկ Ունանյանը։
Սակայն, նույնիսկ չքննարկվեց տեղական բյուջեից, կոմունալ ծախսերի, գոնե մասնակի փակման տարբերակը։ ԵՎ բյուջետային միջոցները սահմանափակ էին, ու Վրաստանում նման օրինակ չկար, իսկ կենտրոնից նման հնարավորության մասին չէին ասում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն իր հերթին «Վրացական երազանքի» շտաբի բջջի տարածքային ղեկավարի անունից նույնպես դիմել է իշխող իր կուսակցության ղեկավարությանը, բարձրալեռ շրջանների համար արտոնությունների պայմանները վերանայելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:
Այս հարցը չի վերանայվել կենտրոնական իշխանության կողմից։
Տեղական իշխանությունների միջնորդությունը կառավարության և բնակչության միջև միակողմանի է թվում: Այսինքն, այն, ինչ պետք է կենտրոնից հասցնել բնակչությանը, այն ինչ անհրաժեշտ է կենտրոնական իշխանություններին, դա հասնում է։ Բայց հաճախ այն, ինչ պետք է բնակչությունից հասցնել կենտրոն, կա՛մ միշտ չէ, որ հասնում է, կա՛մ ուշ է հասնում, կա՛մ էլ հաշվի չի առնվում։
COVID-19-ի դեմ գլխավոր պայքարում՝ պատվաստման գործընթացում, անգործության են մատնված նաև տեղական իշխանությունները: Պատվաստումների մակարդակը Սամցխե-Ջավախքում ամենացածրն է: Ինքնակառավարումը չի իրականացնում կորոնավիրուսի դեմ իմունացմանը խթանող տեղեկատվական կամ այլ քարոզարշավ։ Քաղաքապետարանից ասում են, որ իրենց ուժերի ներածին չափով քարոզչություն են անում բնակչության շրջանում, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվում։
Մինչ օրս քաղաքապետարանի 60-70 աշխատակիցներից 10-ն են պատվաստվել:
Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման փորձագետ Դավիթ Լոսաբերիձեն կարծում է, որ կան հարցեր, որոնք տեղական իշխանությունները, միևնույն է, չեն կարող լուծել։
«Սոցիալական օգնությունը, մանկապարտեզներին վերաբերող հարցերը, ինչպես նաև բնակչության իրազեկումը, դա հնարավոր է անել և դա կախված է տեղական իշխանություններից: Շատ բան առաջին հերթին կախված է քաղաքապետից: Եթե մունիցիպալիտետները ապակենտրոնացվեն, քաղաքապետի հնարավորությունները կմեծանան: Ապակենտրոնացում նշանակում է որոշում կայացնել առանց կենտրոնի հետ համաձայնության և ֆինանսական հնարավորությունների:», – ասում է Դավիթ Լոսաբերիձեն։
Փորձագետը կարծում է, որ այս տարիների ընթացքում համավարակը դարձել է, ասես, վերապահում տեղական իշխանությունների վատ աշխատանքի համար։
«Սա շատ բաներում վերապահում էր այս տարիների ընթացքում: Դա լավ պատրվակ էր ոչինչ չանելու և ամեն ինչ համավարակի վրա բարդելու առումով: Մի բառով հնարավոր չէ ասել, թե համավարակը ինչին խանգարեց, իսկ ինչին՝ ոչ: Կան բաներ, որոնք նրանք կարող էին անել»,- հավելում է նա։
Այն «բաներից», ինչ նրանք կարող էին անել, օրինակ, այն, որ տեղական իշխանությունները կարող էին հոգալ, որ բժշկական սարքավորումները և պարագաները, որոնք նրանք բաժանում են, ծառայեն իրենց նպատակին: 2021 թվականի սկզբին Տեղական զարգացման խմբի՝ LAG-ի նախաձեռնությամբ և քաղաքապետարանի հետ համատեղ ֆինանսավորմամբ, ձեռք են բերվել տարբեր սարքեր և ատրիբուտներ՝ 167 160 լարի ընդհանուր արժողությամբ։ Այդ գումարից 150 000 լարին ֆինանսավորվել է LAG-ի կողմից, 17 160 լարին` տեղական բյուջեից: Հունվարի հանգստյան օրերից մեկում, քաղաքապետարանում, տեխնիկան հանձնվեց։ Բաժանմանը ներկա չէին որևէ լրատվամիջոց կամ նույնիսկ LAG -ի ներկայացուցիչները: Այսօր պարզվեց, որ այդ սարքավորումների մեջ կան մեծահասակների և երեխաների համար նախատեսված նեբուլայզերներ, որոնք այնքան անհրաժեշտ են մոլեգնող կորոնավիրուսի պայմաններում։ Սակայն գյուղերում ստացված «նվերը» հիմնականում մնում է չօգտագործված, քանի որ բուժքույրերը, ովքեր ստացել էին, անգամ չգիտեին, թե ինչ են ստանում։ Այսօր, երբ որոշ մարդկանց կյանքը կախված է մի շունչ թթվածնից, որը կարող է ապահովել նեբուլայզերը, 60-ից ավելի նման սարքեր չեն օգտագործվում:
Բավականին լուրջ աշխատանք կատարելով, գնելով և տարածելով այս սարքավորումներն ու ատրիբուտները, տեղական իշխանություններն արդեն չհոգացին, որ դրանք ծառայեին իրենց նպատակին։
Ախալքալաքի տեղական իշխանությունները նախաձեռնողականություն չեն ցուցաբերել։ Համավարակի պայմաններում մունիցիպալիտետի բյուջեն չի փոխվել, միայն, խաղատների փակ լինելու և հարկեր չվճարելու պատճառով, 2020 թվականի եկամուտների մեծ դեֆիցիտ է եղել։ Իսկ ծախսերում հատուկ փոփոխություններ ու նոր կետեր չեն եղել։
Համավարակը դա ճգնաժամային իրավիճակ է, որտեղ ցանկացած պատկան մարմին պետք է ունենա գործելակերպի ռազմավարություն։ Բացի այդ, երկրի իշխանությունները՝ տեղական թե կենտրոնական, պետք է համագործակցեն ավելի մեծ արդյունքի հասնելու համար։ Վրաստանի տեղական իշխանությունները պարալիզացված էին և արել են այն, ինչ վերևից են ասել, իսկ այն, ինչ չի ասվել, բայց լավ կլիներ անել, չի քննարկվել, կամ գուցե միայն քննարկվել է ու չի զարգացվել։