Ախալքալաքի մունիցիպալիտետում 2022 թվականի 12 ամիսների ընթացքում հայտարարվել է 85 տենդեր 17 853 213 լարիի չափով։ Մեկը դեռ հայտադիմումների ընդունման գործընթացում է։ Մունիցիպալիտետը 84 տենդերների արդյունքում տնտեսել է 1 174 578 լարի, որը կազմում է ընդհանուր գումարի 6,57 տոկոսը։
Մունիցիպալիտետում բոլոր աշխատանքներն ու գնումներն իրականացվում են Պետական գնումների կայք-էջի միջոցով՝ tenders.procurement.gov.ge.
2022 թվականին հայտարարված մրցույթներից 3-ը դադարեցվել է, 6-ում շահող մասնակիցը որակազրկվել է, 3 դեպքում մասնակիցները չեն տրամադրել համապատասխան փաստաթղթեր, 20 տենդեր չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով, մի քանիսը հայտարարվել է 3-4 անգամ։
Ընդհանուր առմամբ, 84 տենդերների գումարը կազմել է 16 801 793 լարի։ Այս տարի մրցույթների թվաքանակը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն կատարված աշխատանքների համար հատկացված ընդհանուր գումարն ավելացել է, ինչը նշանակում է, որ իրականացվել են ավելի մեծամասշտաբ աշխատանքներ։
Բազմաթիվ մրցույթներում սակարկությունների ժամանակ նկատվում է գնումների արժեքի կտրուկ նվազում։
Օրինակ՝ ամենամեծ նվազումը եղել է տարբեր աշխատանքների համար նախագծանախահաշվային աշխատանքների տենդերի դեպքում։ Տարբեր նախագծերի պատրաստման համար մունիցիպալիտետն առաջարկել է 100 000 լարի։ Մրցույթը շահել է «Դ-Մ» ՍՊԸ-ն, 59 210 լարիով, առաջարկված գումարը նվազեցնելով 40 790 լարիով, ինչը կազմում է մոտ 41%:
Մոտ 20%-ով նվազել է մունիցիպալիտետի 6 գյուղերի ՕԳԾ-ով լուսավորության անցկացման աշխատանքների գումարը։ Նախնական գումարը կազմել է 74 000 լարի, մրցույթը 59 275 լարիով շահել է «Կոկա-2010»-ը, նախնական գումարը նվազեցնելով 14 725 լարիով, ինչը կազմում է 19,8%:
Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման մրցույթը իր նախնական գումարից իջեցվել է 21.7%-ով։ Նախնական գումարը կազմել է 179 313 լարի, մրցույթը 140 349 լարիով շահել է «Ինտեր» ՍՊԸ-ն, գումարը նվազեցնելով 38 964 լարիով, ինչը կազմում է ընդհանուրի 21,7%-ը։
Գյուղական ճանապարհները խճաքարով լցնելու մրցույթի նախնական գումարը կրճատվել է մոտ 20%-ով։ Աշխատանքը շահել է «Գոլդ 777» ՍՊԸ-ն։ Նախնական գումարը եղել է 130 000 լարի, սակայն ընկերությունը մրցույթը շահել է 104 001 լարիի չափով։
Բարալեթ գյուղի դպրոցի ջեռուցման համակարգի աշխատանքների գումարը նվազել է 17.1%-ով: Նախնական գումարը կազմել է 90 242 լարի, աշխատանքը 74765 լարիի չափով շահել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Չոլախյանը։
Կարծախի մայրուղուց Դադեշ գյուղ ճանապարհի կառուցման գինը սկզբնական արժեքից իջեցվել է 15%-ով։ Սկզբնական գինը նվազել է 181 710 լարիով: Նախնական գինը կազմել է 1 207 710 լարի, տենդերը 1 026 000 լարիի չափով շահել է «Ջավախ Ավտո Գզա»-ն։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն։
Կարծախ-Հոկամ-Քարսեպ ճանապարհի ասֆալտապատման գինը նվազել է 13%-ով: Տենդերի արժեքը սկզբնական գումարից նվազել է 96 631 լարիով (13%)՝ նախնական 738 631 լարիի դեպքում։
Նախկին Գյուղատնտեսական տեխնիկայի վարչական շենքի կառուցման գինը ևս նվազել է: Մունիցիպալիտետը առաջարկել էր 558 298 լարի։ Տենդերը 496 990 լարիով շահել է «Էյ ԹԻ ՎԻ» ՍՊԸ-ն՝ նախնական գումարը նվազեցնելով 61 308 լարիով, ինչը կազմում է մոտ 11%։
Ջիվանու զբոսայգու վերականգնման աշխատանքների գումարը կրճատվել է 59 232 լարիով։ Նախնական գումարը կազմել է 639 232 լարի, մրցույթը շահել է «K-Company»-ն՝ գումարը նվազեցնելով մինչև 580 000 լարի։ Նվազեցման տոկոսը նախնական գումարից կազմում է 9,2%:
Նշենք, որ զգալի նվազման դեպքում (ավելի քան 20%) ընկերությունը պետք է ներկայացնի փորձագիտական եզրակացություն՝ առաջարկվող գումարի դիմաց կազմակերպության կողմից աշխատանքներն իրականացնելու կարողությունների վերաբերյալ։