Կուլիկամ գյուղի մանկապարտեզի վերականգնման համար մրցույթ է անցկացվել: Մրցույթը շահել է «Արո» ՍՊԸ-ն 40`997.00 լարիով, նախնական գումարը` 52`972.00 լարի: Այս մրցույթը ներառում է նաեւ Ազմանա գյուղում վարչական կենտրոնի կառուցու։ Այժմ ընթանում է ընտրման/գնահատման փուլը:

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքները պետք է սկսվեն 2024 թվականի ապրիլի 15-ին, իսկ աշխատանքների կատարման նշված ժամկետը մոտավորապես 60 օր է։

Կուլիկամի մանկապարտեզի վերականգնման համար հատկացվել է 23 311 լարի, իսկ Ազմանայի վարչական կենտրոնի կառուցման համար՝ 29 661 լարի։

Կուլիկամ գյուղի մանկապարտեզի մենեջեր Սոնա Ղարիբյանը նշում է, որ Կարտիկամից եկող երեխաների հոսքի ավելացման պատճառով մանկապարտեզին անհրաժեշտ է եղել նոր հանդերձարան, ինչն իրենք խնդրել են ղեկավարությունից։

«Հիմա մեր հանդերձարանը միջանցքում է, շատ անհարմար է, մուտքի մոտ փոքր տարածք ունենք, կուզենայինք, որ այն դարձնեն նոր սենյակ, որտեղ երեխաները կփոխվեն: Ընդհանուր առմամբ, մեր մանկապարտեզը նոր է, և լուրջ վնասված տեղեր չկան։ Ես դեռ հստակ չգիտեմ, թե ինչ են անելու, նրանք եկել են, ամեն ինչ զննել են»,- մեկնաբանեց նա։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Կուլիկամ գյուղի մանկապարտեզում նախատեսվում է կազմակերպել նոր հանդերձարան, հրդեհային անվտանգության նկատառումներով բացել նոր, երկրորդ մուտք/ելք, մանկապարտեզի հարակից տարածքում կազմակերպել բետոնե հարթակ, մասնակի վերանորոգել տանիքը, ինչպես նաև ջրամատակարարման նոր գիծ անցկացնել, քանի որ գոյություն ունեցող գիծը չի բավարարում մանկապարտեզի կարիքները հոգալու համար։

«Արո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նախատեսվում է անել այնպես, ինչպես նշված է մրցույթում։

«Տեսնենք, ընթացքում կարող է փոխվել, ճշգրտումներ միշտ լինում են: Ընդհանուր՝ կոսմետիկ աշխատանքներ են»,- մեկնաբանեց նա։