Կուլիկամ գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել գյուղից երիտասարդներին ոստիկանության բաժանմունք տանելու դեմ: Կուլիկամցիները ոստիկանությանը կոչ են անում թույլ տալ, որ հանգիստ իրենց սուգը սգան, ինչպես նաև իրավապահ մարմիններին մեղադրում են սպանությունների և անկարգությունների օրը՝ անգործության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր JNEWS-ը, Կուլիկամ գյուղի բնակիչները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել գյուղի կենտրոնում՝ պահանջելով, որ ոստիկանությունը հանգիստ թողնի իրենց գյուղի բնակիչներին: Կուլիկամից մոտ 40 մարդ Ախալցիխե հարցաքննության է կանչվել: Բողոքի ցույցից հետո 5-6 հոգու, այդ թվում՝ սպանված Վարդ Միրանյանի ընտանիքի մեկ անդամի, հարցաքննության են տարել Ախալցիխե:
Մահացած երիտասարդ տղայի հարազատները պահանջում են հարգել իրենց վիշտն ու սուգը:
«Մենք վշտի մեջ ենք, մայրը սգում է իր երիտասարդ որդու մահը: Այս ամենից հետո նրանք են դժգոհում: Մենք խնդրում ենք չխանգարել: Թող հանգուցյալին հանգիստ թողնեն, գոնե մինչև քառասունք: Մեղք են նրանք: Մենք այլ պահանջ չունենք: Այս ամենից հետո մենք կրկին անգամ միայն խնդրում ենք, իսկ նրանք ինչ ասես չեն ասել: Փոխհատուցումներ են պահանջում, տներ: Սպանվածի 24-ամյա հղի կինը հացադուլ է հայտարարել: Ոչինչ չի ուտում, չի խմում: Փնտրում է իր ամուսնուն…: Միթե՞ նրանք խիղճ չունեն: Միթե՞ նրանք մարդ չեն: Նրանք չեն հարգում մեր վիշտը և մարդուն, ում սպանել են: Ինչո՞ւ: Բաժակներ են պահանջում, տարբերություն են դնում գյուղի և քաղաքի միջև, գայլերի ոհմակ են անվանում…», – բողոքի ցույցի ընթացքում ասաց հանգուցյալի հարազատներից մեկը:
Ամբողջ գյուղը ոստիկանությանը մեղադրում է օգոստոսի 8-ի երեկոյան անգործության մեջ:
«Ոստիկաններն սկսել են հետապնդել երիտասարդներին: Ո՞ւր էր ոստիկանությունը, երբ քաղաքի կենտրոնում այդքան բան տեղի ունեցավ: Ո՞ւր էր: Ինչու՞ չկանխեցին: 2 ժամ տևեց այդ ամենը, ո՞ւր էին այդ ժամանակ ոստիկանները: Նրանք հարուստ են, դրա համար նրանց են պաշտպանում: Օրենքը հարուստների կողքին է: Եթե մենք էլ պատրաստված լինեինք, մենք նույնպես զենքով կգնայինք: Ինչու նրանք զենք ունեին, իսկ մենք` ոչ: Նրանք գնացել էին հետաքրքրվելու, թե երբ պետք է ասֆալտապատեն ճանապարհը, և ահա, ստացվեց այս ամենը: Նրանք խանգարում էին մեքենային՝ թույլ չտալով վիրավորին հասցնել հիվանդանոց: Միգուցե, եթե նրանք չխանգարեին, մեր տղան ողջ մնար: Որտե՞ղ էին այդ իրավապահ մարմինները: Ինչո՞ւ չեն պատասխանում այս հարցերին», – ասաց Կուլիկամի բնակչուհին:
Գյուղացիները վիրավորված են նրանից, որ վառված տների տերերը պահանջում են փոխհատուցում՝ ասելով, որ իրենց կորուստն անհատույց է:
«Թող մեզ վերադարձնեն մեր տղային ողջ ու առողջ, կարո՞ղ են: Թող հորը վերադարձնեն այն երեխային, որը դեռ չի ծնվել, որը դեռ չծնված որբացել է: Նա բացել է իր խանութը և աշխատում է: Թող անիծվի ինքն էլ, իր խանութն էլ: Նրանք ասում են, որ իրենց հղի հարսները վախեցել են, ո՞ւր էին նրանք, որ վախեցել են: Նա վախեցել էր, երբ իմացել էր, որ ամուսինը փախել է հանցագործությունը կատարելուց հետո: Իսկ նրանք գիտե՞ն, թե ինչպիսի ապրումների մեջ է մեր հարսը: Նա կենդանի դիակ է: Մեր հարսը մնացել է առանց ամուսնու, իսկ նրա ամուսինը կենդանի է, և իր կողքին: Նա գնացել և հանձնվել է, թող պատասխան տա օրենքի և իր խղճի առջև: Մենք այլ բողոք չունենք: Պարզապես թող նրանք հանգիստ թողնեն մեր գյուղը, և վերջ: Մենք այլևս ասելիք չունենք», – ասաց գյուղի մեկ այլ բնակչուհի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Տեղում մոբիլիզացվել էին հատուկ նշանակության ջոկատներ և ոստիկանության ստորաբաժանումներ:
Սպանության գործով կալանավորվել է Արթուր Գաբրիելյանը, սպանության և զանգվածային անկարգությունների գործով հետաքննությունը շարունակվում է: