Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Կողմերը նշել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ինտենսիվ զարգանում են, ինչի մասին է վկայում բարձր մակարդակի այցելությունների հաճախականությունը։
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին Եվրահանձնաժողովից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական հանձնարարական ստանալու կապակցությամբ։
«Հանդիպմանը կողմերը զրուցել են տարածաշրջանային զարգացումների մասին։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման կարևորությունը։ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը», — նշված է հաղորդագրության մեջ։