Վերահսկող «IDS Borjomi» ընկերությունն առաջարկել է բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցել Վրաստանի կառավարությանը։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«IDS BORJOMI International»-ն այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր վերահսկող ընկերությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել Վրաստանի կառավարությանը՝ բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցելու վերաբերյալ։ Այս քայլը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կտա մասնակցել միջազգային ընկերության կառավարմանը։

Տարածաշրջանում վերջին բացասական զարգացումների պատճառով, «IDS BORJOMI International»-ը բիզնեսի ընդհատումներ ու դժվարություններ է ունենում բանկային ծառայությունների հետ, ինչը ստիպել է ընկերությանը դադարեցնել արտադրությունը Բորջոմի քաղաքի շշալցման գործարաններում: Արդյունքում հազարից ավելի մարդ հայտնվել է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը կհաստատի «IDS BORJOMI International»-ի սեփականատեր ընկերության առաջարկը, «IDS Borjomi Georgia» ընկերությունը կկարողանա վերսկսել արտադրական գործընթացը գործարաններում և վերսկսել տնտեսական գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։