Սակրեբուլոյում առաջին լսումներից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագիծը վերադարձվել է քաղաքապետարան՝ լրամշակման համար։ Կետերի մեծ մասը, որոնց վերաբերյալ առաջարկներ էին արվել սակրեբուլոյի պատգամավորների կողմից, վերաբերում էին սոցիալական փաթեթին: Jnews-ը փորձեց պարզել, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում Ախալքալաքի սոցիալական փաթեթում։
2024 թվականի բյուջեն ավելացնում է «արտակարգ իրավիճակների, տրանսպորտային ծախսերի, գործառնությունների, բուժման համար» հատկացվող գումարը։ Բյուջեի նախագծով դրա համար նախատեսված է 600 հազար լարի։ Այս տարի գումարը կազմել է 485 000 լարի։ Այսինքն՝ հաջորդ տարի այդ գումարը կավելանա 15 000 լարիով։ Այսինքն՝ այն բնակիչները, ովքեր ունեն այդ բժշկական ծառայությունների կարիքը, կարող են ստանալ մինչև 1 500 լարիի փոխհատուցում՝ Ախալքալաքի քաղաքապետարան ներկայացնելով տեղեկանքներ և անդորրագրեր։ Եվս 75 000 լարի հատկացվում է կոնկրետ տեղի հիվանդանոցին՝ որպես մունիցիպալիտետի բնակիչների բժշկական օգնության համաֆինանսավորում: Տվյալ գումարը չի փոխվել։
Նորածիններին միանվագ գումար վճարելու համար այս տարի հատկացվել էր 200 հազար լարի, հաջորդ տարի քաղաքապետարանը պատրաստվում էր հատկացնել 150 հազար լարի։ Սակրեբուլոյի պատգամավորները, սակայն, խորհուրդ էին տվել ավելացնել միանվագ վճարի չափը։
«Սահմանափակ կարողությունների տեր անձանց, բռնի տեղահանվածներին, ծնողազուրկներին, փախստականներին, բազմազավակ (4 և ավելի երեխաներ) և սոցիալապես անապահով ընտանիքներին» հոդվածով հատկացվող գումարը ավելացել է, որի համար հատկացվում է 200-ից 1500 լարի։ Եթե ընթացիկ տարում ընդհանուր գումարը կազմել է 566 000 լարի, ապա 2024 թվականին այդ գումարը կկազմի 600 000 լարի, եթե այս կետում փոփոխություններ չլինեն։
2024 թվականի բյուջեի նախագծում 20 000 լարի է հատկացվել սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային և կոմունալ պայմանների բարելավման նպատակով դրամական աջակցության համար։ Անցած տարի այդ գումարը կազմել է 83664,5 լարի։ 2023 թվականին դրա համար հատկացվել է 30 000 լարի, իսկ մնացած գումարը՝ 53664,5 լարին հատկացվել է պահուստային ֆոնդից։
Ճշգրտումներ են կատարվել նաև «Ֆինանսական աջակցություն վճարովի կրթության համար՝ սահմանափակ կարողությունների տեր, ծնողազուրկ, բազմազավակ և սոցիալապես անապահով երեխաներին» կետում (յուրաքանչյուրի համար վճարի չափը մինչև 1000 լարի է)։ Ընդհանուր գումարը նվազել է 7000 լարիով, իսկ հաջորդ տարվա համար այդ վճարումների նպատակով հատկացվել է 50 000 լարի։
«Սոցիալապես անապահով, անվասայլակ օգտագործող հաշմանդամների, մանկուց հաշմանդամություն ունեցող և քաղցկեղով հիվանդների դեղերի ձեռքբերման համար (100-ից 1000 լարի), ինչպես նաև գլյուկոմետրի և լսողական սարքի ձեռքբերման աջակցության համար» ընդհանուր գումարը նվազել է 20 000 լարիով և հաջորդ տարի կկազմի 80 000 լարի՝ ներկայիս հատկացված 100 000 լարիի փոխարեն։
Ընդհանուր առմամբ, տեղական իշխանությունները հաջորդ տարի վերոնշյալ բոլոր կետերի համար կհատկացնեն 1 575 000 լարի, ինչը 6 335,5 լարիով ավելի է ընթացիկ 2023 թվականին բյուջեով հատկացված գումարից։ Ախալքալաքի սոցիալական փաթեթից աստիճանաբար հանվել են պատերազմի վետերաններին վերաբերող կետերը, քանի որ վերջիններիցս ոչ ոք արդեն կենդանի չի։ Այսպիսով, միանվագ օգնությունը վետերաններին և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին դեռ հանվել էր անցյալ տարի, քանի որ մունիցիպալիտետի վերջին վետերանը մահացել էր 2021 թվականին։ Եթե «Հաշմանդամների և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների հուղարկավորության և անօթևանների համար» կետով այս տարի հատկացվել էր 2000 լարի, ապա հաջորդ տարի դրա համար միջոցներ չեն հատկացվելու։
Սոցիալական փաթեթի վերջնական տեսքի բերելու վերաբերյալ հանձնաժողովի պատգամավորների առաջարկները հետեւյալն էին.
– բարձրացնել նորածիններին միանվագ վճարման չափը,
– մտցնել մեկանգամյա պարգևատրում գերազանց ակադեմիական առաջադիմություն ունեցող աշակերտների համար,
– հանել միայնակ ծնողների համար բարձրագույն կրթության վճարների համաֆինանսավորման տարիքային շեմը։