Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետերում «Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության 25 111 բաժանորդից դեկտեմբերին շուրջ 12 652 բաժանորդ կարող է օգտվել էլեկտրաէներգիայի կոմունալ ծառայության պետական ֆինանսավորումից:

Ըստ «Energo Pro Georgia» ընկերության մամուլի կենտրոնի՝ ընկերության հարավային մասնաճյուղի 169 377 բաժանորդից (Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա Ախալցիխե, Ադիգենի, Բորժոմի, Խաշուրի, Գորի) 101 460 բաժանորդ ստացել է էլեկտրաէներգիայի սուբսիդավորում:

Դեկտեմբերին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետերում կոմունալ ծախսերի պետական ֆինանսավորումից կարող է օգտվել 25 111 բաժանորդից ընդամենը 12 652 բաժանորդը, Ախալցիխեում և Ադիգենիում` 23 969 բաժանորդից 14 308 բաժանորդ, Ասպինձայում՝ 3 983 բաժանորդից 2 153 բաժանորդ, Բորժոմիում՝ 20 163 բաժանորդից 10 712 բաժանորդ, Գորիում՝ 54 586 բաժանորդից 34 935 բաժանորդ, Խաշուրիում՝ 41 565 բաժանորդից 26 700 բաժանորդ:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, նոյեմբեր ամսին «Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության 22 955 բաժանորդից 14 343-ը օգտվել է կոմունալ ծախսերի պետական ֆինանսավորումից: Ընդհանուր առմամբ, ընկերության հարավային մասնաճյուղի 197 553 բաժանորդից, էլեկտրաէներգիայի արտոնություններից օգտվել է շուրջ 135 687 բաժանորդներ:

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր նրանք, ովքեր սպառում են մինչև 200 կվտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ/մետր բնական գազ, նրանց կոմունալ ծառայություններն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից, չորս ամիս շարունակ (նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար): Ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի վճարները:

Բաժանորդների թիվն ամբողջ Վրաստանում, ովքեր ամսական սպառում են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա, 1,2 միլիոն է, և միջին հաշվով պետությունը 17 միլիոն լարի (ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացրել այդ քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարման համար:

Վրաստանում կա նաև 670 հազար բաժանորդ, որոնք ամսական սպառում են մինչև 200 խորանարդ/մետր բնական գազ: Պետությունը 27 միլիոն լարի (ավելի քան 8 միլիոն դոլար) է հատկացրել նրանց պարտքը մարելու համար: