Համաճարակաբանները վստահեցնում են, որ նրանց թիվը սովորականից ոչ ավել, ոչ պակաս է։ Պարզապես ամռանն ավելի հաճախ թունավորման պատճառ է դառնում սնունդը։

Հստակ վիճակագրություն չկա, թե 8 ամսվա ընթացքում քանի թունավորում է գրանցվել, սակայն, համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքով, թունավորումների պատճառները ամեն տարի նույնն են։

«Հիմնականում մրգերն են և կրեմային տորթերը, որոնք պահում են սառնարանից դուրս և հետո ուտում: Նաև թունավորման պատճառ կարող են լինել սեզոնային մրգերը, այսինքն՝ այնպիսի մրգեր, ինչպիսիք են ձմերուկը, սեխը և այլն։ Թունավորման պատճառ կարող է լինել նաև սնկի օգտագործումը սննդի մեջ, որը կիսաեփ է։ Աշնանը թունավորումների դեպքերը քիչ կլինեն»,- ասում է Գայանե Ֆիդանյանը։

Համաճարակաբանը խորհուրդ է տալիս հատկապես այս ամառային շրջանում պահպանել ձեռքերի հիգիենան, բանջարեղենը և մրգերն ուտել
լվանալուց հետո, սնունդը անպայման պահել սառնարանում, չթողնել արևի տակ, հատկապես կրեմային տորթերը։ Բարձր ջերմության դեպքում անպայման դիմեք բժշկի, եթե առկա է լուծ, խմեք շատ հեղուկ, հանքային ջուր։