Ասֆալտապատվում է Խուլգումո գյուղի ճանապարհը։ Շինարարներն առաջին շերտ ասֆալտապատումն արդեն ավարտին են հասցնում։  Եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի ասֆալտապատումն ամբողջությամբ ավարտին կհասցվի։

Ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթացել են՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանք գյուղացիների հետ հետևել են կատարվող աշխատանքներին։

Այս պահի դրությամբ կատարվել է ճանապարի 1 կմ 200 մ հատվածի ասֆալտապատումը: Ընթացքի մեջ է 500 մետրանոց հատվածի հողային աշխատանքները։

Խուլգումո գյուղի ներկայացուցիչ Մովսես Գիգոլյանն ասաց․ «Առաջին շերտ ասֆալտն արդեն արել են, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա այսօր երկրորդ շերտը կանեն։ Ճանապարհի լայնությունը 6 մետր է»։

1

Գիգոլյանը գոհ է, որ վերջապես Խուլգումոյի ճանապարհն ասֆալտապատվում է։ Չնայած աշխատանքների ընթացքում շինարարները որոշակի խնդիրների են բախվել։

«Կային բնակիչներ, ովքեր զավթել էին ճանապարհաեզրերը, և ջրատար խողովակները ուղիղ չդրվեցին, եղան թերություններ, սակայն գյուղացիներն ընդհանուր գոհ են, որ փոշուց ազատվեցին», –  հավելեց նա։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ եթե եղանակային պարմանները թույլ տան, ապա Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի ասֆալտապատումն ամբողջության ավարտին կհասցվի։

«Ֆինանսավորման երկրորդ տրանշը ստացել ենք, նախագծի ընդհանուր արժեքը 2․5 մլն լարի է, երկարաժամկետ ծրագիր է, սակայն մենք շինարարի հետ պայմանավորվածություն ունենք։ Եվ եթե 10 օր լավ եղանակ լինի միտք ունենք այս տարի ամբողջությամբ ավարտել այդ ճանապարհի կառուցումը, ներառյալ Կուլիկամի հատվածը», – ասաց Մելքոն Մակարյանը։

Վերջինս հավելեց, որ այս տարի կատարվել է ավելի շատ աշխատանք քան նախատեսված էր նախագծում։

Հիշեցնենք, որ Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Այս ճանապարհի կառուցման համար հատկացվել է 2 058 000 լարի: Պայմանագրի ժամկետն այն ստորագրելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝