Ախալքալաքում վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել երիտասարդ աղջիկների կամ մայրերի, որոնք անընդհատ հեռախոսով նստած ինչ-որ բան են գրում։ Չնայած այն հանգամանքին, որ սա ամբողջ ժամանակակից հասարակության պատուհասն է, կան մարդիկ, ովքեր իրենց ժամանակը ծախսում են հեռախոսի մեջ անցկացնելով, բայց սոցցանցերի օգտատերերին տրամադրում են ակտիվություն՝ գումարի դիմաց:

«Մենք առաջարկում ենք ավելացնել ձեր էջի լսարանը, ստանալ բազմաթիվ մեկնաբանություններ և դիտումներ իրական մարդկանցից

Մենք աշխատում ենք Instagram-ում, Tik-Tok-ում, VK-ում, Telegram-ում, ինչպես նաև YouTube-ում

Մեր թիմում բոտեր չկան
Բոլոր էջերն ու մարդիկ իրական են:
Գրառման թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ենք գրում 5 կամ ավելի բառով:
Կա նաև գովազդային աջակցություն, ակտիվություն սթորիզներում և ուղիղ հեռարձակումների դիտում

Մենք կօգնենք ձեզ մեծացնել ձեր էջի ակտիվությունը, որի արդյունքները դուք ինքներդ կտեսնեք»

Այսպիսի, կամ մոտապորապես այսպիսի տեսք ունի տեղեկագիրը, որը մեկնաբանողներն ուղարկում են բլոգերներին և խանութներին՝ նոր հաճախորդ ձեռք բերելու համար: Եթե բլոգերը կամ խանութը ցանկանում է մեծացնել ակտիվությունն իր էջում, նա ընտրում է ծառայությունների համապատասխան «փաթեթ», վճարում, այնուհետև մեկնաբաններին ընդունում են աշխատանքի։

«Մենք ունենք տարբեր խմբեր, որոնք ունեն ադմինիստրատորներ, ադմինները վերջում հոգ են տանում, որ մեկնաբանությունները ճիշտ գրենք, ժամանակին, եթե ուշանում ենք, դա տուգանք է, եթե բաց ենք թողել գրառումը, ուրեմն մեզ գրում են, որ ավարտենք դա»,- ասում է այս ոլորտում աշխատող աղջիկներից մեկը:

Աղջիկները, որոնց հետ զրուցել ենք, ցանկացել են անանուն մնալ: Նրանց աշխատանքում այնքան էլ ողջունելի չէ, երբ բացահայտ խոսում են այդ մասին, կամ իրենց ստացած գումարի մասին։

Մեկնաբանները յուրաքանչյուր ժամը մեկ առաջադրանքներ են ստանում, մոտավորապես 30 գրառում 3-4 ժամում: Աշխատողներին տրվում է նաև մոտ 3-4 ժամ՝ առաջադրանքը կատարելու համար։ Հիմնական պահանջները՝ կատարել առաջադրանքները ժամանակին, գրել մեկնաբանությունները գրագետ, օրիգինալ և հինգ բառից բաղկացած։

«Այնտեղ ոչ միայն մեկնաբանություններն են, այլև սթորիզներում ակտիվը, գովազդային գրառումների աջակցությունը, բաժանորդագրումները: Նրանք, ովքեր հաճախ են սխալվում և չեն կատարում պահանջները, նրանց ջնջում են»,- պատմում է նա։

Ըստ աշխատողների՝ այս ծառայության հիմնական խնդիրը ռեալիստական լինելն է։ Դա անելու համար նրանք պետք է ուսումնասիրեն գրառման բովանդակությունը, որը պետք է մեկնաբանել, որ թեմայի շուրջ կարողանան գրել: Մեկնաբանությունը պետք է լինի առնվազն 5 բառ:

«Հիմնականում ես նայում եմ այն ամենը, ինչ մեկնաբանում եմ, այլապես դժվար է հասկանալ, թե ինչ գրել: Երբեմն դա կարող է նույնիսկ հետաքրքիր և օգտակար լինել: Իմ մեկնաբանությունները բավականին իրատեսական են, քանի որ դրանք համապատասխանում են գրառման թեմային և մեզ հանձնարարված առաջադրանքին. գրել որպես իրական մարդ, այլ ոչ թե բոտի պես»,- պատմում է մեկ այլ աշխատող։

Այնուամենայնիվ, այս աշխատանքի բնույթի վերաբերյալ կան այլ մեկնաբանություններ, որոնք ասում են, որ մեկնաբանությունների տեքստը ուղարկվում է իրենց, և նրանք չեն մտածում, թե ինչ գրեն:

Աղջիկների՝ այս բիզնեսում աշխատելու հիմնական շարժառիթը, բնականաբար, վարձատրումն է, եկամուտը։ Եկամտի մակարդակը խմբերի միջև տարբեր է, բայց ընդհանուր առմամբ դա փոքրիկ գումար է։ Սակայն այն աղջիկների համար, ովքեր երեխաներ ունեն և չեն կարողանում աշխատանքի գնալ, նման զբաղվածությունը գումար վաստակելու գոնե ինչ-որ մի հնարավորություն է։ Հարմար է նաև աշակերտուհիների և ուսանողների համար, ովքեր կես դրույքով աշխատանքի կարիք ունեն։

«Ես միևնույն է անընդհատ Instagram-ում էի, անիմաստ թերթում էի իմ էջը: Հիմա նույն ժամանակն եմ ծախսում հեռախոսի մեջ, բայց գոնե դրա համար վարձատրվում եմ»,- մեկնաբանում է այս ոլորտում աշխատող մի աշակերտուհի։

Աշխատողները մեկնաբանություններ գրելուն վերաբերվում են որպես սովորական աշխատանքի՝ չմտածելով, որ այդպիսով նրանք օգնում են ստեղծել ակտիվության տեսանելիությունը կամ օգտատերերի դրական վերաբերմունքը այս կամ այն ապրանքի կամ բլոգերի նկատմամբ։