Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղում ջուրը մարդկանց չէր հասնում սակավության պատճառով: 2016 թ.-ին հավելյալ ջրագիծ անցկացվեց դեպի գյուղ և միացվեց հին գծին, սակայն հիմա էլ ջուրը մարդկանց չի հասնում շատ լինելու պատճառով:
Նոր ջրագիծն այսօրվա դրությամբ «պարապ» է մնացել, քանի որ սկզբից չէին նախատեսել փոքր, բայց կարևոր մի հանգամանք: Հին և նոր ջրատարները երբ միանում են գյուղ տանող միակ խողովակին, ջրի ճնշումը ավելանում է և նեղ խողովակը չի կարող տանել այդ քանակի ջուր, ինչի պատճառով նոր ջրատարը շարքից դուրս է գալիս:
Տեղական իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ նոր ջրատարի շարունակությունն էլ փոխեն և հետո ջուրը բաց թողնեն: Ջրատարի լայնացման, որոշակի հատվածներում ոլորանները ուղիղ գծով փոխարինելու նախագիծն արդեն պատրաստ է: Առաջիկայում այն կներկայացվի 2018 թվականի բյուջեի քննարկմանը:
Նոյեմբերի 23-ին, jnews-ն անդրադարձել էր Ղադոլարի խմելու ջրի խնդրին, որտեղ ներկայացվում է գյուղում տիրող իրավիճակը:
Գարնանը հարևան՝ Բեժանո գյուղում խմելու ջրով դաշտերն են ոռոգում, և գրեթե երկու ամիս Ղադոլարը զրկվում է խմելու ջրից: Իսկ ձմռանը, որպեսզի խողովակները չսառի, ջրերը բաց են թողնում, ճնշումն է ընկնում և միայն «բախտավորներն» են ջուր ունենում:
«Նոր ջրագիծը բերեցինք, միացրինք իրար, այսինքն հին գիծն էլ, որը որ մինչև հիմա օգտագործում էին բեժանոցիները, երկուսն էլ միացավ գյուղ մտնողին: Դուրս է գալիս, որ 200-ոց և 300-ոց խողովակները միանում են մեկ խողովակի, որի դիամետրը ավելի փոքր է քան նախատեսված էր: Այսինքն չի կարող ելքի քանակ ապահովել, հիդրավլիկական հարված է լինում և խողովակը ինչ-որ տեղից պատռվում է: Հիմա մեզ մնում է շարունակությունը փոխել: Այն հատվածներում, որտեղ ոլորաններ կան, ուղիղ տանել, խողովակները մաքրել», – ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:
Jnews-ի հարցին, թե ինչու է ընդունվել ՍՊԸ «Արո»-ի կողմից իրականացված աշխատանքը, Նահատակյանն ասաց. «Աշխատանքը նորմալ է արված, խնդիրը դիմացի խողովակաշարն է: Ինչպես չընդունեինք, եթե գործը նորմալ էր արված: Հիմա իմաստ չունի ջուրը բաց թողնել, որովհետև նորից պատռվելու է, մինչև այս շարունակությունը ինչքան գնում այնքան բարականում է, դա պետք է սարքել: Արդեն նախնական հաշվարկը պատրաստ է, 2018-ին բյուջեում նախատեսել ենք ներկայացնել Սակրեբուլո: Եթե նոր նախագիծը կառուցենք, միանգամից կլուծվի՝ և Տուրցխի, և Լոմատուրցխի, և Ղադոյի ջրի հարցը»:
Նշենք, որ 2016 թվականին Ղադոլարի խմելու ջրի համար հատկացվել էր 6771,70 լարի, նոր խողովակաշար է տարվել, աշխատանքների իրականացման ժամանակ անկանխատեսելի գործեր են առաջացել և սկզբնական գումարին ավելացվել է 25000: Նոր ջրագծի աշխատանքները իրականացրել է ՍՊԸ «Արո»-ն:
Ղադոլարի խմելու ջրի համար մինչև հիմա տեղական բյուջեից ծախսվել է 31 771,70 լարի, սակայն գյուղացիները ջուր չունեն, իսկ նոր ջրագիծն անգործության է մատնված:
Աղունիկ Այվազյան