Ամբողջ գիշեր Ջավախքում ձյուն էր տեղում, արդյունքում Ախալքալաքի շրջանի գյուղերի ճանապարհները կիսով չափ անանցանելի են: Առավոտվանից իրականացվում են գյուղական ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Առավոտյան ժամը 8-ից Ախալքալաքում աշխատում են ձյուն մաքրող, աղ ցանող մեքենաները: Առաջին ահազանգը եղել է Մոդեգամ գյուղից, այս պահի դրությամբ բաց են Ախալքալաքի գյուղերի ճանապարհների ընդամենը 50 տոկոսը: Արդեն անցանելի են Խորենիա, Մուրջախեթ, Թախչա, Գոգաշեն, Մոդեգամ, Ազավրեթ գյուղերի ճանապարհները:
Ախալքալաքի շրջանի գյուղեր տանող ճանապարհների մաքրման աշխատանքները իրականացնում է ՍՊԸ «ՎԵՊ»-ը, որը շահել է այդ աշխատանքների համար հայտարարված մրցույթը: Ինչպես տեղեկացանք ընկերության տնօրեն՝ Երանուհի Ալեքսանյանից մինչև երեկո բոլոր գյուղական ճանապարհները բաց կլինեն երթևեկության համար:
Այս պահի դրությամբ դժվար ու վթարային իրավիճակներ են ստեղծվում նաև Ախալքալաք քաղաքի փողոցներում: «ՎԵՊ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են միայն ավազապատման աշխատանքներ:
Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ դժվարանցանելի, սակայն բաց է Նինոծմինդա-Հայաստան ավտոճանապարհը:
Վրաստանում առատ տեղացող ձյան, ձնաբքի, ինչպես նաև ձնահոսքի վտանգի պատճառով փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: