Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը Քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ համատեղ հայտարարում է «1+4» ծրագրի ուսանողների ստաժավորման ծրագիրը: Ի՞նչ են մտածում ստաժավորումն անցած և անցնող ուսանողներն այս ծրագրի մասին:
2017 թվականից՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծված ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել պետական հաստատություններում աշխատելու առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները, և, արդյունքում, նպաստել նրանց քաղաքացիական ինտեգրմանը: Ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորմանը։
Հատուկ ստեղծված հանձնաժողովն ապահովում է ստաժորների ընտրությունը՝ ըստ սահմանված գնահատման չափանիշների։ Հաջողակ թեկնածուները 1-ից 6 ամիս ժամկետով ստաժավորում են անցնում պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական անձ հանդիսացող հիմնարկներում:
Ստաժավորման ծրագրի մասին Jnews-ը խոսել է ազգությամբ հայ ուսանողների հետ, ովքեր մասնակցել են, կամ մասնակցում են, պարզելու, արդյոք նրանց համար ծրագիրը կարևոր է, և ինչ է տալիս դրան մասնակցությունը:
Արմինե Ասատրյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում: Նա ծրագրի մասին առաջին անգամ իմացել է սոցիալական ցանցերից, այնուհետև ընկերների հորդորով որոշել է մասնակցել:
«Առաջին ստաժավորումս անցել եմ Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնում, համաճարակի պատճառով այն անցնում էր առցանց և կարող եմ ասել, որ այդքան էլ էֆեկտիվ չէր: Իմ կարծիքով, այս ծրագրի լավ կողմերից մեկն այն է, որ մրցակցությունը էթնիկ փոքրամասնությունների մեջ է, և այն որոշ չափով հեշտացնում է մեր մասնակցության հնարավորությունը»:
Այժմ Արմինեն ստաժավորում է անցնում Կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և ընդհանուր կրթության զարգացման բաժնում,որը նրան տվել է և շարունակում է տալ շատ գիտելիքներ և փորձ:Նա նշում է, եթե մասնակիցը կարողանա այնպիսի ոլորտում անցնել ստաժավորում, որը իր մասնագիտության հետ է կապված, ապա դա շատ մեծ հնարավորություն է տալիս, որ ուսանողը կարողանա հմտություններ ձեռք բերել իր համար ցանկալի ոլորտում:
Սպարտակ Բերիկյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նա ստաժավորում անցել է Ախալքալաքի արդարատատության տանը:
«Ինձ մոտ ցանկություն առաջացավ մասնակցել, քանի որ ուզում էի ծանոթանալ այնտեղի աշխատանքին և գործունեությանը, ստաժավորման ժամանակ մասնակցել եմ շատ թրեյնինգների, որոնք շատ են օգնել ինձ և դրանց միջոցով սովորել եմ այնպիսի բաներ, որոնք համալսարանում չէի կարողանա սովորել»:
JNEWS-ի այն հարցին, թե արդյո՞ք այդ ստաժավորումը խթան է հանդիսանում, որպեսզի հետագայում ավելի հեշտ կարողանան աշխատանք գտնել Սպարտակը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես մտածում եմ, եթե հենց այդ ստաժավորումը չօգնի աշխատանք գտնելու հարցում, ապա փորձը և հմտություններ ձեռք կբերես»:
Իսկ Տիգրան Թարզյանը, ով մասնակցել էր ծրագրին 2017 թվականին, երբ ծրագիրը դեռ նոր էր սկսել գործել, նշում է, որ ծրագիրը պարզապես ֆորմալ բնույթ է կրել:
«Ես խոսում եմ 2017 թվականի իմ փորձի մասին, իսկ հիմա թե ինչ է փոխվել չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ տաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը մինչև ապրիլի 11-ը, իսկ թե կոնկրետ, որ պետական մարմիններն են մասնակցում ստաժավորման ծրագրին, կարող եք ծանոթանալ Պետական հաստատությունների ցանկում:
Լիդա Ալմասյան