Ախալքալաքցի քիքբոքսինգի մարզիկները նվաճել են 5 ոսկե և 6 բրոնզե մեդալներ Ախալքալաքի շրջանում կազմակերպված քիքբոքսինգի միջազգային մրցաշարում:
Ապրիլի 16-17-ին Ախալքալաքի սպորտ համալիրում կայացավ քիքբոքսինգի միջազգային մրցաշար: Մասնակցում էին 127 մարզիկներ` Հայսատանից և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից` Աջարիայից, Իմերեթիից, Թբիլիսիից, Ռուսթավիից, Քարելիից, Գորիից, Մառնեուլից և Կախեթից: Հրավիրված էին նաև ադրբեջանցի մարզիկներ, սակայն նրանք չժամանեցին: Մրցույթը կազմակերպել էր Ախալքալաքի շրջանը Վրաստանի թայբոքսինգի և քիքբոքսինգի Ֆեդերացիայի հետ միասին:
Բացմանը ներկա էին` Վրաստանի թայբոքսինգի, քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ` Գոչա Ջավախիան, Խորհրդարանի պատգամավոր` Սամվել Պետրոսյանը Ախալքալաքի շրջանից, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը, մշակույթի, սպորտի և տուրիզմի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը և այլն:
Մրցաշարը բացեց և հավաքվածներին ողջունեց Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Ներկաներին ողջունեց նաև Վրաստանի թայբոքսինգի, քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ` Գոչա Ջավախիան:
Նրանց ելույթից հետո տեղի ունեցավ փոքրիկ համերգ և մարզիկների կատարողական ելույթները, որից հետո սկսվեց մրցաշարը, այն շարունակվեց երկու օր:
Այս օրերին, սպորտ համալիրը մարդաշատ էր: Մրցակցությունը եկել էին դիտելու և հուսալրելու ոչ միայն մարզիկների հարազատները, այլև շարքային քաղաքացիները:
Քիքբոքսինգի միջազգային կատեգորիայի դատավոր Զուրաբ Չիտրեկաշվիլին կարծում է, որ ախալքալաքցի մարզիկները լավ են պատրաստված:
«Մրցույթները նորմալ անցան: Ունեք լավ մարզիկներ ու շատ լավ դահլիճ: Մենք մտածում ենք, հաջորդ անգամ նույնպես այստեղ անցկացնել, և կժամանեն մարզիկներ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուկրաինայից: Ախալքալաքի տղաները երևում է, որ լավ պատրաստված են համեմատած մնացածների»,- ասաց Զուրաբ Չիտրեկաշվիլին:
Ախալքալաքի քիք-բոքսինգի հավաքականի մարզիչ Սերժիկ Տոնականյանը գոհ էր իր մարզիկների մրցելույթներից:
«Ամեն ինչ նորմալ է: Ես գոհ եմ: Բոլոր թիմերն էլ ունեն ուժեղ եւ թույլ մարզիկներ: Նրանք, ովքեր բազմաթիվ անգամ մասնակցել են տարբեր մրցույթների, արդարացրեցին իմ հույսերը, իսկ նորեկների թվում կան՝ և հաղթողներ, և պարտվողներ», – ասաց Սերժիկ Տոնականյանը:
Ախալքալաքցի մարզիկները զբաղեցրեցին 5` առաջին տեղեր, 6` երկրորդ: Թիմային հաշվարկում հաղթեց Գորիի թիմը, իսկ Ախալքալաքի թիմը գրավեց երկրորդ տեղը:
Շուշան Շիրինյան